Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Կարախանյան. «Քառյակն իրեն լավագույնս դրսևորեց լարվածության հետ կապված». «Ժամանակ»

Օգոստոս 15,2014 10:54

«Ժամանակի» զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահ, վերլուծաբան Սմբատ Կարախանյանը:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այսքան պասիվ քառյակը, երբ ներկայիս իշխանությունն աշխատում է էլ ավելի ամրապնդվելու, հաջորդ նախագահական ընտրություններին նախապատրաստվելու ուղղությամբ: Ի դեպ, Սեյրան Օհանյանը, շատ փորձագետների կարծիքով, պատրաստվում է Սերժ Սարգսյանին փոխարինելու համար, նրա նկատմամբ վերաբերմունքը բավական դրական է:

-Ես չէի ասի, որ քառյակը պասիվ է: Չնայած ամառվա շոգին, քառյակն իր աշխատանքները շարունակում է և ընդհանրապես պասիվ չէ, չեմ կարող ասել, որ պասիվ է, քառյակը քննարկումներ մեջ է։ Եվ այս ընթացքում քառյակն իրեն լավագույնս դրսևորեց լարվածության հետ կապված: Քառյակը գնում է պետական շահերի պաշտպանության, պետական շահերի ամրապնդման ուղղությամբ: Մեր նման երկրները չափազանց ուժեղ պաշտպանության նախարարություն և ազգային անվտանգության ծառայություն պետք է ունենան։

Իրենց հզորությամբ Հայաստանի այս կառույցները պետք է աշխարհի նմանատիպ հզոր կառույցների հնգյակում լինեն: Ունենք բոլոր հնարավորությունները, քանի որ դրանք ֆինանսական խնդիրներ չեն, այլ ուրիշ բնույթի խնդիրներ, այսինքն՝ քաղաքական կամքի բացակայությունն է հարցը: Պետք չէ այդ ծառայություններին զսպել ու վերածել քաղաքական միավորների, քանի որ դրանք ունեն իրենց հստակ խնդիրները: Իսկ այս իրավիճակում ողջամտություն ցուցաբերեց քառյակը: Սերժ Սարգսյանն արդեն հրաժեշտ տվող նախագահ է, և այդ սահմանադրական խաղերը ոչնչով չեն վերջանալու, հերթական շատ թույլ, էժանագին քայլերն են: Բոլորն են հասկանալու, որ իրավիճակը ԼՂ հակամարտության շուրջ էլ ավելի է թեժանալու: ՌԴ-ն ինչ-որ կերպ հանդարտեցրեց, մարեց, բայց այդ խնդիրները շարունակվելու են։

Տեղեկատվություն կա, որ 2015 թ. ավելի է սրվելու իրավիճակը, շատ լուրջ սրացումներ ենք սպասում: Հայաստանն այս կարգավիճակով չի բավարարելու տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների, որոնց հետևում կանգնած է նաև Թուրքիան, այդ կենտրոնները նաև արևմտյան երկրներում են, անկախ արևմտյան երկրների դիրքորոշումից, քաղաքականությունից, լինելու են շատ լուրջ սրացումներ: Իրավիճակը դրան է տանում, և բոլոր փակ, բաց վերլուծական, ռազմական կենտրոնները գալիս են այդ եզրահանգման, որ մենք ապագայում տեսնելու ենք ներկայիս լարվածության եռակի, քառակի անգամ ավելին: Ադրբեջանը նորից սկսելու է ագրեսիա, նորից մոտեցնելու է շփման գիծը ինքնակամ կերպով, նորից սկսվելու է տեղեկատվական պատերազմը, լրտեսական համակարգերի օգտագործումը Հայաստանի դեմ. մեր հակառակորդը պատրաստվել է ու շատ լավ պատրաստվում է։ Ու այս ամենը բերելու է դրան: Պետք է ագրեսիվ կերպով պատրաստ լինել հակահարված տալու այդ ամենին:

-Այնուամենայնիվ, հստակ է մեկ բան, որ Ռուսաստանը կարող է զսպել Ադրբեջանին։ Որտե՞ղ է այս դեպքում Ռուսաստանը, եթե կա այդ վտանգը, որտե՞ղ են այն անվտանգության երաշխիքները, որոնք տրվել են Հայաստանին և որոնք ամրապնդվել են սեպտեմբերի 3-ին Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու որոշմամբ:

-ՌԴ երաշխիքները կան: Հարցը ՀՀ իշխանությունների դիրքորոշման մեջ է: Եթե ՀՀ-ն դիմում է, ՌԴ-ն կողմ է միջամտելուն: Ես կարող եմ ասել, որ մի քանի անգամ դիմել են հայկական կողմին միջամտելու համար, սակայն ՀՀ իշխանությունները մերժել են, ասել են, թե չեն ցանկանում, եղել է խոսակցություն, որ պետք է դիմել, քանի որ սահմանները գնդակոծվում են, ՀՀ սահման նույնիսկ գոյություն չունի, իսկ նրանք գնում են սահմանին պորտֆոլիոներ են կազմակերպում: Գնացեք սահման սարքեք նորմալ, հասկացեք՝ սահման կա՞, թե՞ չկա:

Ինչպես կարելի է տեխնիկայի նման զարգացվածության դարում նման լացակումած իրավիճակում լինել և չունենալ նորմալ սահման: Սրանից լավ կանխում ռուսական կողմը չէր կարող անել: Հստակ առաջարկն ի սկզբանե եղել է, բայց հասկացան, որ ՀՀ իշխանությունները ոչ ադեկվատ են, խառնվում են իրար, չեն կարողանում քաղաքական կամք ցուցաբերել և որոշումներ ընդունել, ուստի հրատապ կերպով ՌԴ նախագահը կանչեց նախագահներին և ադրբեջանական նախագահին նախազգուշացում տվեց: ՌԴ ղեկավարությունը փայլուն է գործել, զգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում դեսանտ է իջեցնելու, քանի որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է և ՌԴ-ի ռազմավարական գործընկերը: Ես այստեղ այլ բան չեմ տեսնում:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031