Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՈՒՆ

Օգոստոս 15,2014 10:49

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ տասներկուերորդ

ԷՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՈՒՆ

 
Չնայած մինչեւ լույս նստում ու մնում էի մոսկովյան էդ եկեղեցում, չեմ կարծում թե՝ էն ժամանակ ավելի հավատացյալ էի, քան՝ հիմա, եւ չնայած հիմա եմ հավատքի մասին էսպես երկարբարակ մտածում, խոսում, գրում ու արտահայտվում, չեմ կարծում թե՝ հիմա ավելի հավատացյալ եմ, քան՝ էն ժամանակ, երբ անքնությունից հալածվելով՝ քշվում էի էդ, ուրեմն, մոսկովյան եկեղեցի եւ մինչեւ լույս նստում ու մնում էի, եւ միակ բանը, որ ստույգ կարող եմ ասել, էն է, որ հիմա անհամեմատ ավելի աստվածավախ եմ, քան էն ժամանակ, երբ անքնությունից հալածվելով՝ գնում ու ժամերով լռվում էի մոսկովյան էդ եկեղեցում, եւ եթե էսօրվա օրով կարողանայի, մեր էս սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էլ ժամերով կլռվեի, բայց մեր էս կենտրոնական եկեղեցում մի քանի րոպեից ավել չեմ կարողանում մնալ՝ ոչ թե էն պատճառով, որ Խաչատրյան Համլետի պես էդ եկեղեցու ճարտարապետությունը չեմ հավանում, այլ՝ հիմնականում համբերությանս ու հավատքիս քչության պատճառով, որոնք գնալով ավելի ու ավելի են պակասում ու չքություն անում, եւ չնայած հիմա, ավելի քան երբեւէ, ոչ միայն ճգնում եմ հավատալ մեր մինուճար Աստծուն, այլեւ ճգնում եմ արժանի լինել նրան՝ իմ պահվածքով, վարքով ու ամեն ինչով, եւ չնայած հիմա արդեն անխտիր բոլոր հույսերս բացառապես մեր միակ ու մեր մինուճար Աստծո հետ եմ կապում, այդուհանդերձ, ինձ, ինչպես միշտ, չի հաջողվում հավատացյալ դառնալ, եւ հատկապես ու առանձնապես ինձ չի հաջողվում արժանի լինել մեր միակ ու մեր մինուճար Աստծուն, եւ նույնիսկ չեմ կարող ասել թե՝ հիմա ավելի հավատացյալ եմ, քան՝ ութսունականների սկզբներին Մոսկվայում, երբ գիշերներն անքնությունից հալածվելով ու քշվելով՝ ապաստանում էի Ռուսթավելի փողոցի ամենածայրին մշտապես ծաղկած եկեղեցում, եւ հիմա, երբ կրկին Ռուսթավելու էդ կեսգիշերային փողոցն աչքիս առաջ եկավ, սկսեցի մտածել, որ Մոսկվայում Ռուսթավելու անունով փողոց կա, իսկ հայ գրողներից որեւէ մեկի անունով՝ ոչ, եւ չնայած մեր ժամանակակից Գրիգոր Խաչատրյանն աջուձախ ասում ու հայտարարում է, որ հայերս մեր գրողներին ավելի ենք սիրում ու պաշտում, քան՝ մեր նկարիչներին ու արվեստի մյուս ճյուղերի ներկայացուցիչներին, եւ չնայած նույն Գրիգորն առիթով ու հիմնականում անառիթ դժգոհում է թե՝ հայերս մեր փողոցները հիմնականում մեր գրողների անուններով ենք կոչում, տեսեք, որ հսկայական Մոսկվայում Ռուսթավելու անունով բավական լայնահուն ու բավական երկար պողոտա կա, իսկ հայ գրողներից որեւէ մեկի անունով՝ ոչ, եւ չնայած մերոնցից շատերը պնդում են թե՝ Շոթա Ռուսթավելին ազգությամբ հայ է եղել, այդուհանդերձ, եթե պիտի մոսկովյան էդ պողոտան այլազգի որեւէ գրողի անունը կրեր, ամենից ավելի էդ պողոտային Նարեկացու անունը կսազեր, մանավանդ որ՝ էդ պողոտայի ամենավերջում սքանչելի եկեղեցի կա, եւ հիմա, երբ էս մասին մտածում ու գրում եմ, հանկարծակի գլխի եմ ընկնում, որ էս ասածս ծայրահեղ անհեթեթություն է, որովհետեւ հիմա մտածում-մտածում ու չեմ հիշում՝ Հայաստանում ու Երեւանում Նարեկացու անունով փողոց կա՞, թե՝ չէ, եւ չհիշելով մտածում եմ՝ հնարավոր չի, որ չլինի, եւ չհիշելով մտածում եմ նաեւ, որ, եթե կա էլ, էդ փողոցն էնքան պստիկ ու աննշան է, որ չեմ հիշում ու տեղը չեմ բերում, ու էս առիթով հիշում եմ նաեւ, որ ամիսներ առաջ Հյուսիսային պողոտայում մեկը մոտեցավ ինձ ու Թամանյանի փողոցը հարցրեց, ու ես երկար մտածելուց հետո ամաչելով խոստովանեցի, որ չգիտեմ, հետո մի քիչ էլ մտածեցի ու ասացի՝ «երեւի Թամանյանի փողոց չկա», եւ հարցնողը ներողամտորեն ժպտալով ինձ ասաց՝ «հաստատ կա» եւ ներողամտորեն ժպտալով՝ գրպանից մի թղթի կտոր հանեց, որի վրա գրված էր՝ «Թամանյան 2», եւ ես մի քիչ էլ գլխիս զոռ տվի ու մեղավոր ժպտալով ասացի՝ «էդպիսի փողոց չգիտեմ», եւ շարժվեցի դեպի «Տրիումֆ», որտեղ օրթախականների հետ ժամադրված էի, եւ ամբողջ ճանապարհին մտածում ու Թամանյանի փողոցի տեղը չէի հիշում, եւ երբ «Տրիումֆում» օրթախականներին Թամանյանի փողոցի տեղը հարցրի, իրենք էլ չհիշեցին, եւ մինչեւ անգամ Ջոնն էդ փողոցի տեղը չգիտեր, եւ բոլորս զարմանքով մտածեցինք, որ խեղճ Թամանյանը մեզ մի ամբողջ մայրաքաղաք է նվիրել, մինչդեռ մենք իր անունով մի փողոց էլ չենք անվանակոչել, ու մինչ էդ մասին խոսում ու արտահայտվում էինք, Սերոբը հայտնվեց, ու երբ Սերոբին էլ հարցրինք, Սերոբը բավական երկար մտածեց ու ասաց՝ «ինձ թվում ա՝ Թամանյանի անունով փողոց կա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինձ թվում ա՝ իրա արձանից մինչեւ Կասկադ իրա անունով ա կոչվում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որ իրա անունով կոչվեր, երեւի կիմանայինք» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «Ջոնը որ հաստատ կիմանար», եւ Ջոնը համեստորեն լուռ էր, եւ Անանիան ասաց՝ «Արմենը ճիշտ ա ասում», եւ Սերոբը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «իզուր էլ ըսենց ավելորդ խոսում ենք. ավելի լավ ա՝ նստի ավտոն, գնանք ստուգենք», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ւր գնանք», եւ Սերոբը պատասխանեց ու ասաց՝ «Կասկադ», եւ երբ Թամանյանի արձանի մոտ մեքենայից իջանք, հենց առաջին շենքի վրա կարդացինք՝ «Թամանյան 2», եւ երբ վերադարձանք ու տղերքին ասացինք, ամենից շատ Արիկը զարմացավ ու զարմացած ասաց՝ «էդ խեղճ մարդը մեր համար Հրապարակ, Օպերա ու մի ամբողջ քաղաք ա կառուցել, բայց մենք իրա անունն էդ մի թիքա փողոցի վրա ենք դրել», եւ Սերոբն ասաց՝ «ինչի՞ ա մի թիքա. փաստորեն, մեր ամենալեն փողոցն ա», եւ Արիկն ասաց՝ «ամենալենն ա, բայց՝ ամենակարճը», եւ հիմա վերստին Նարեկացու մասին մտածելով՝ վերստին մտածում եմ, որ մենք Քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետական կրոն դարձնելով ու էդ մասին ի լուր ողջ աշխարհի հայտարարելով՝ Նարեկացու անունով մի երեւելի փողոց չունենք, եւ հիմա վերստին էդ մասին մտածելով՝ սկսում եմ մտածել նաեւ, որ մենք ոչ թե ճշմարիտ հավատացյալներ ենք, այլ՝ ձեւական, եւ եթե նույնիսկ ամեն օր ենք եկեղեցի մտնում, մեր մոմն ափալթափալ վառում ու մեզ գցում ենք եկեղեցուց դուրս՝ թյուրիմացաբար կարծելով, թե՝ աշխարհիկ կյանքն ու աշխարհիկ ամեն ինչը եկեղեցուց դուրս է ծավալվում ու տեղի ունենում, ճշմարիտ ու իրական հավատավորներն Աստծո օժանդակությամբ մշտապես հասկանում ու գիտակցում են, որ կյանքն ամենուր է՝ ներառյալ աշխարհիկ ու երկրային կյանքը, եւ նրանց համար եկեղեցին երկրային կյանքով նույնքան է լեփլեցուն, ինչքան որ անհավատներիս համար ռեստորաններն ու հաճույքի այլ վայրերը, ու երեւի էդ է պատճառը, որ իսկական հավատացյալները եկեղեցիներում էնքան երկար են նստում՝ ինչքան որ անհավատներս ենք ռեստորաններում եւ հաճույքի այլ վայրերում լռվում:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031