Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմել է գործադիրին, որ չորս միլիարդ դրամ հատկացնեն Երևանի ասֆալտապատման աշխատանքների համար:
Երևանի ասֆալտապատման աշխատանքները վերածվել են մի սև խոռոչի Հայաստանի պետական ֆինանսներում: Սև՝ ոչ միայն այն պատճառով, որ այդպիսին է ասֆալտի գույնը, այլև որովհետև այդ խոռոչում լցվում են միլիարդներ, իսկ իրականում կատարված աշխատանքներից շատ կարճ ժամանակ անց փողոցների վիճակը գրեթե նույնն է, ինչ էր ասֆալտապատումից առաջ: Դրանում համոզվելու համար բավական է կես տարի, մեկ տարի անց անցնել նոր ասֆալտապատված ճանապարհներով:
Միևնույն ժամանակ ասֆալտապատվում են այն ճանապարհները, որոնց դեպքում նորոգումը հրատապ չէ, սակայն շահավետ է, որովհետև նման ճանապարհների ասֆալտապատման պարագայում «ատկատները» շատ ավելի հեշտ և շահավետ կլինեն:
Ինչո՞ւ ենք մենք անդրադառնում այս խնդրին այսօր, երբ թվում է՝ առավել լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Սակայն հենց այդ մարտահրավերներն են ստիպում անդրադառնալ այն միլիարդներին, որ ամեն տարի մսխվում են Երևանի ասֆալտապատման անվան տակ:
Կարդացեք նաև
Բանն այն է, որ հենց այս օրերին հասարակությունում հրատապ խոսակցությունների թեմա են դարձել հայ-ադրբեջանական սահմանային գոտում անվտանգության նպատակով տեխնոլոգիական միջոցների կիրառման խնդիրները: Հայաստանի գիտական, ինովացիոն շատ շրջանակներից հնչում են հավաստիացումներ, որ կարող են հայկական զինուժը ապահովել տեխնոլոգիական այնպիսի միջոցներով, որոնք մի կողմից՝ կբարձրացնեն սահմաններում զինծառայողների անվտանգությունը, սահմանների անվտանգությունը, մյուս կողմից՝ կարող են օգնել մեր զինվորներին, մեր բանակին հակառակորդի դեմ առավել արդյունավետ պաշտպանական գործողություններ կատարել:
Սակայն պարզվում է, որ այս ամենի կիրառման համար բավարար միջոցներ չկան: Այսինքն՝ իշխանությունները հենց միջոցների բացակայությամբ են պայմանավորում այն, որ Հայաստանի սահմանները, Ղարաբաղի սահմանները հագեցած չեն հնարավոր տեխնիկական, տեխնոլոգիական միջոցներով, որոնք կթեթևացնեն հայ զինվորի գործը և ամենակարևորը՝ կբարձրացնեն նրա կյանքի անվտանգությունը, հետևաբար նաև՝ պետության անվտանգությունը: Այսինքն՝ Երևանի ասֆալտները, այն էլ հիմնականում հարթ ասֆալտները քերելու և նորը անելու համար, որը մեկ-երկու տարի անց արդեն իրապես քերելու ենթակա է, գումարներ կան, ամեն տարի միլիարդներ կան, իսկ ահա սահմանային անվտանգության տեխնիկական միջոցների կիրառման համար գումարներ չկան:
Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում