Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեսրոպագիր. Պուտինական խաղեր

Օգոստոս 15,2014 15:30

Կամ՝ ինչ սպասես Եվրասիական կոչվող միությունից

Չէ, ես չեմ անդրադառնալու պուտինական խաղերի ամենացցուն բեմադրությանը, որ «Սոչիի եռակողմ հանդիպում» անունն է ստացել, եւ որից հույս ունեն դիվիդենդներ շահել միայն իրենք՝ ներկայացման ռեժիսորն ու երկու ստատիստները (հենց ստատիստները, զի գլխավոր դերակատարներ այնտեղ չկային)։ Իմ այս նյութը պուտինական այլ խաղերի է վերաբերելու։

Անցյալ շաբաթ իմ պետերբուրգցի բարեկամ եւ գործընկեր, «Ինֆորմացիայի ազատության զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության հիմնադիր եւ ղեկավար Իվան Պավլովը ֆեյսբուքյան իր էջում մի գրառում էր կատարել, որ ինձ ուղղակի զարմացրեց ու շշմեցրեց. ռուսական հատուկ ծառայությունները Իվանի կնոջը՝ ամերիկյան քաղաքացի Ջենիֆեր Գասպարին, Ռուսաստանից արտաքսելու հրաման էին տվել՝ այն պատճառաբանությամբ, թե նա՝ Ջենիֆերը, …
«Հանդես է գալիս հանուն Ռուսաստանում սահմանադրական կարգի բռնի տապալման, այլ գործողություններով սպառնալիքներ է ստեղծում պետական անվտանգության համար»։

Կարծում եմ՝ հասկացաք, որ մի կնոջ հասցեին, որը հինգ-վեց տարեկան երեխա է մեծացնում, առավել տխմար հիմնավորում մտածել հնարավոր չէր։ Ընդ որում, Ջենիին հավաքվելու համար մեկ օր էին ընդամենը տվել։ Փորձառու իրավաբան Իվանն, իհարկե, այս որոշումը բողոքարկել է դատարանում, ընդ որում՝ խնդրելով թույլատրել իր ընտանիքին (կնոջ հետ բնականաբար պիտի մեկնի նաեւ նրանց դուստրը) մինչ դատավարության ավարտը մնալ Ռուսաստանում՝ բողոքի քննությանը ներկա լինելու համար։ Դատարանն էլ, բնականաբար, մերժել է (ուրիշ բան սպասելի էլ չէր)։

Ըստ Իվան Պավլովի՝ սա Արեւմուտք-Ռուսաստան պայքարի անմիջական ազդեցությունն է իրենց ընտանիքի վրա։ Մինչ այդ էլ Իվանի (որն, ի դեպ, նաեւ Ռուսաստանում շատ հայտնի փաստաբան է) ղեկավարած «Ինֆորմացիայի ազատության զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության դեմ են բուռն գրոհներ իրականացրել տեղի իրավապահ մարմինները, եւ կազմակերպությունն այս պահին էլ դատերի մեջ է։ Ի դեպ, օգոստոսի 12-ին արդեն կայացել է Ջենիֆերին արտաքսելու դեմ բողոքի քննության առաջին դատական նիստը… Կարծում եմ՝ ավելորդ է ասել, որ Իվան Պավլովի ու նրա փաստաբանների բոլոր միջնորդությունները (բացի մեկից՝ նյութերին ծանոթանալու համար ժամանակ տրամադրելուց, էն էլ ընդամենը երկու օր են տվել) մերժվել են… Ծանո՞թ գործելակերպ է…

Սա Ռուսաստանն է։

Չէ, ես սխալվեցի, սա պուտինյան Ռուսաստանն է, որտեղ վերականգնվում են ստալինյան ժամանակների «փայլուն» ավանդույթները՝ ամեն անկյունում նրանք թշնամիներ են տեսնում, դավադրություններ՝ ընդդեմ իրենց, շուտով երեւի նաեւ կտեսնեն «ժողովրդի թշնամիների», որոնք սպառնում են… մնացյալ ձեւակերպումները շատ հայտնի են։

Մեզ, իհարկե, Ռուսաստանում կատարվող նման երեւույթները կարող էին չմտահոգել, եթե չլիներ մի «պստիկ» հանգամանք՝ անցյալ տարվա սեպտեմբերի 3-ի հայտնի դավադրությունը, երբ Սերժ Սարգսյանը Պուտինի մոտից դուրս գալուց հետո կերկերուն ձայնով հայտարարեց, թե Հայաստանը միանալու է Մաքսային կոչվող միությանն ու հետագայում նաեւ՝ Եվրասիական կոչվողին…

Այս մեկ տարվա ընթացքում շատերը, այդ թվում նաեւ՝ տողերիս հեղինակը, բազմիցս նշել են նման որոշման կամ կուրսի հնարավոր բացասական հետեւանքները Հայաստանի համար, սակայն ամենից մտահոգիչը, իհարկե, եղել է անկախության տարիներին երկարատեւ պայքարով ձեռք բերված որոշակի ազատությունների սահմանափակումների սպառնալիքը։ Չէ՞ որ նույն Ռուսաստանը, Բելառուսը ու Ղազախստանը երբեք էլ չեն փայլել ժողովրդավարությամբ։

Ռուսական շորշոփների ազդեցություններն արդեն զգացվում են ու դեռ կզգացվեն. այնտեղ «Ռոսկոմնադզոր» կոչվածը կայքեր է արգելափակում, այստեղ ՀՀ դատախազություն կոչվածը սպառնալիքներ է հղում մամուլին, ապա՝ Հատուկ քննչական ծառայություն կոչվածի հետ թեւանցուկ, պահանջում է, որ «Հրապարակ» թերթն ու «Ի լուր» կայքը բացահայտեն իրենց տեղեկատվության աղբյուրը։

Էնտեղ ընդդիմադիր էլ չէ՝ պուտինյան խաղի կանոններից մի քիչ շեղվող եւ ռեժիմին քննադատող ու քիչ թե շատ ակնառու մարդիկ ենթարկվում են ոստիկանական սադրանքների, հետո մեղադրվում ոստիկանությանը խոչընդոտելու մեջ… Հայաստանում էլ նման դեպքերի պակաս վերջին մեկ տարում չի եղել։ Եվ պուտինական խաղերի շորշոփների ազդեցությունն էր նաեւ երկու օր առաջ տեղի ունեցածը, երբ ոստիկանության մի զանգով՝ թվում է թե ազատ մտածելակերպ զարգացնող մի կազմակերպություն՝ «Թումոն», արգելեց «Գանդի» ֆիլմի ցուցադրությունն ու դրա քննարկումը (տե՛ս

Ստացվում է, որ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած կառույցը արդեն դարձել է նաեւ գրաքննիչ եւ իրեն իրավունք է վերապահում որոշելու, թե որ ֆիլմը կարելի է ցուցադրել, որը՝ ոչ։

Հիմա ի՞նչ՝ ռուսի նման ասենք՝ «տօ լի յեշչո բուդետ», ու համակերպվելով սպասենք ավելի՞ վատթարին…

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.08.2014 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    բարեկամ եւ գործընկեր, «Ինֆորմացիայի ազատության զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության հիմնադիր եւ ղեկավար Իվան Պավլովը …
    ասա ով է քո բարեկամը, ասեմ որ ե դու,— չնայած ստեղ առանց բարեկամի էլ երևում է թե ով ես դու:
    …..սորոսսսսսսսսսսսսսսսս.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031