Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մենք միայնակ ենք այդ կռվում

Օգոստոս 15,2014 12:37

Սոչիի եռակողմ հանդիպումը, ինչպես ասում են, ծառայեց իր նպատակին: Շփման գծում նախկին լարվածությունը թեեւ չկա, սակայն կրակոցները ոչ ինտենսիվ դեռ չեն դադարում, ինչը եւ կարելի էր ենթադրել:

Անցած գիշերy հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ անցել է գրեթե առանց կրակոցների։ Հայկական դիրքերի ուղղությամբ հատուկենտ կրակոցներ են հնչել։ Համեմատաբար խաղաղ է եղել նաեւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում։

Ռուսաստանի նախագահն, այսպիսով, ճիշտ ժամանակին ձեռք բերեց «խաղաղասեր» առաջնորդի համբավ` պահպանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի ազդեցությունը: Հիմա շատերը հիացած, նույնիսկ հպարտ են, որ նրան հաջողվեց բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Ս. Սարգսյանին ու Ալիեւին:
Վլադիմիր Պուտինը եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Պուտինը Նազարբաեւին տեղյակ է պահել Սոչիի հանդիպման արդյունքների մասին: Ղազախստանի ղեկավարի մամլո ծառայությունը հայտնում էր, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցում առկա բարդություններն ու մոտեցրել խնդրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները:

Կարելի է գուշակել, թե ինչ է հետաքրքրում Նուրսուլթան Նազարբաեւին, ով մի քանի ամիս առաջ Աստանայի գագաթնաժողովում անձամբ էր ընթերցում «բարեկամ» Ալիեւի նամակը:

Իսկ ընդհանրապես, ինչպես երեւում է, Ղարաբաղյան խնդիրը հաստատուն քայլերով մտնում է Եվրասիական ընկերակցության օրակարգ: Դեռ Հայաստանն այս կառույցին չի անդամակցել եւ մեր երկրին սպասվող հնարավոր խնդիրները դեռ ծանրութեթեւ չարած՝ արդեն մի քանի ամիս Եվրասիական եռյակին հետաքրքրող հարցը ԼՂ-ի խնդիրն է, իսկ ավելի ճիշտ՝ «բարեկամ Ալիեւին» չնեղացնելու ձգտումը:

Serzh-Sargsyan

Հանդիպումները, շփումները, բանակցություններն, իհարկե, նախընտրելի են, քան կրակոցները, դա միանշանակ. այս առումով Սոչիի հանդիպումը չարժե ավելորդ համարել, եթե այն նվազեցրեց լարումը շփման գծում: Սակայն միամիտ կլինի կարծել, թե նույնիսկ Պուտինի հովանու ներքո անցնող եւս մի քանի հանդիպումներով հնարավոր է խաղաղություն հաստատել:

Խաղաղության հաստատման նախադրյալներից մեկը պատերազմի նպաստող «գործիքները» բացառելն է, որից չի հրաժարվում Ռուսաստանը, եթե մի պահ ընդունենք, թե Մոսկվան խաղաղություն է ձգտում հաստատել ԼՂ խնդրով: Խոսքը, իհարկե, վերաբերում է Ադրբեջանին շարունակաբար զինելու Մոսկվայի քաղաքականությանը:

Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը` ՀԱԿ-ի «բարեկամը», որին համարում են Կրեմլին մոտ կանգնած վստահելի «աղբյուր», երեկ կիսվել է հանրության հետ իր ունեցած տեղեկություններով. «Տեղեկատվություն կա, որ 2015թ. ավելի է սրվելու իրավիճակը, շատ լուրջ սրացումներ ենք սպասում: Հայաստանն այս կարգավիճակով չի բավարարելու տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների, որոնց հետեւում կանգնած է նաեւ Թուրքիան, այդ կենտրոնները նաեւ արեւմտյան երկրներում են, անկախ արեւմտյան երկրների դիրքորոշումից, քաղաքականությունից՝ լինելու են շատ լուրջ սրացումներ: Իրավիճակը դրան է տանում, եւ բոլոր փակ, բաց վերլուծական, ռազմական կենտրոնները գալիս են այդ եզրահանգման, որ մենք ապագայում տեսնելու ենք ներկայիս լարվածության եռակի, քառակի անգամ ավելին: Ադրբեջանը նորից սկսելու է ագրեսիա, նորից մոտեցնելու է շփման գիծը ինքնակամ կերպով, նորից սկսվելու է տեղեկատվական պատերազմը, լրտեսական համակարգերի օգտագործումը Հայաստանի դեմ. մեր հակառակորդը պատրաստվել է ու շատ լավ պատրաստվում է։ Ու այս ամենը բերելու է դրան: Պետք է ագրեսիվ կերպով պատրաստ լինել հակահարված տալու այդ ամենին»:

Հետաքրքիր է, իսկ «մեր հակառակորդը» ո՞ւմ օգնությամբ է պատրաստվում: Եթե Ռուսաստանը կարողանար Ադրբեջանի հետ իր ռազմական բիզնեսին այդպիսի թափով զարկ չտալ, ապա մեր հակառակորդը այդ աստիճան «շատ լավ» գուցե «չպատրաստվեր»: «Մեր հակառակորդի պատրաստվելու» մասին ավետողներին այս հարցը չի՞ հետաքրքրում:

Ինչ վերաբերում է սրացումներին, ապա իհարկե՝ դա չի կարելի բացառել: Դեռ ավելին՝ մի քանի օրերի զարգացումները շփման գծում վկայեցին այն մասին, որ անկանխատեսելի հակառակորդը՝ մի կողմից, նրան զինող Հայաստանի դաշնակիցը՝ մյուս կողմից, եվրասիական եռյակի անհանգստությունը` ԼՂ խնդրի շուրջ, այս ամենը միասին վերցրած` Հայաստանը խոշոր հաշվով միայնակ է ղարաբաղյան ճակատում:

Այդպես է եղել նաեւ ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Մենք ռազմաճակատի եւ դիվանագիտական հաղթանակներն ամրագրել ենք միայնակ, իսկ այսօր մեր հաղթանակները պահելու հարցում էլ աջակիցներ, դաշնակիցներ չունենք:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.08.2014 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031