Թուրքագետ Լեւոն Հովսեփյանի դիտարկումները Էրդողանի արտաքին քաղաքականության վերաբերյալ
«Հաշվի առնելով Էրդողանի անձը, իր իռացիոնալ վարքագիծը` կարող ենք ասել, որ նրա դիրքերը, չնայած նախկինում էլ բավական ուժեղ էին, բայց այժմ հատկապես արտաքին քաղաքականության ուղեգծի սահմանման առումով բավական ուժեղացան»,- Թուրքիայում նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակի եւ այսուհետ նրա կողմից տարվելիք արտաքին քաղաքականության մասին իր տեսակետն է հայտնում թուրքագետ Լեւոն Հովսեփյանը՝ նշելով, որ Էրդողանի անձնական որակները հաշվի առնելով՝ հավանական է, որ մենք ականատես լինենք արկածախնդիր արտաքին քաղաքականության:
Թուրքագետը չի բացառում, որ շուտով Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներ լինեն, եւ երկրի նախագահը դառնա միակ քաղաքական կուրս որոշողը, Էրդողանին անցնի միայնակ որոշումներ կայացնելու իշխանությունը:
Հայկական հարցի, Ցեղասպանության ճանաչման հարցում ինչպես Թուրքիայի նախկին նախագահները, Էրդողանը եւս ժխտողական քաղաքականություն կվարի, չնայած որ նա երբեմն որոշակի «հայամետ» նախաձեռնություններով է հանդես գալիս. «Էրդողանի նախագահ ընտրվելը չեմ կարծում, որ հայկական հարցի հետ կապված որեւէ փոփոխություն կմտցնի,- ասում է նա՝ ավելացնելով, որ վերջին միտումները ցույց են տալիս, որ ժխտողականությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվում՝ արդի իրողություններին համապատասխանեցնելով,- Էրդողանի իրականացրած քաղաքականությունը, ցավակցության հեռագիրը, բոլորը խոսում են դրա մասին:
Կարդացեք նաև
Օգտագործում են ժխտողականության ավելի փափուկ միջոցներ: Որքան մենք մոտենանք ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, մենք այնքան պիտի սպասենք Թուրքիայի կողմից տարբեր նախաձեռնություններ. մի մասը կլինեն ինքնաբուխ, իսկ որոշները կլինեն կրկին պետական ուղղորդվածությամբ: Այսինքն՝ մեծ հաշվով Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը չեմ կարծում, որ կփոխվի: Բայց այլ հարց է, որ Թուրքիայի տարբեր առաջադեմ զանգվածների կողմից կլինեն ինքնաբուխ նախաձեռնություններ, որոնք հնարավոր է եւ չհամընկնեն պաշտոնական Անկարայի դիրքորոշման հետ»:
Ըստ Լեւոն Հովսեփյանի՝ հիմա Էրդողանի եւ թուրքական իշխանությունների հայկական հարցին վերաբերող բոլոր քայլերը պետք է այս տեսանկյունից դիտարկենք. «Որոշ փոքր քայլերով, մարտավարական հնարքներով եւ այնպիսի քայլերով, որոնք միջազգային հանրության համար ընկալելի կլինեն, կփորձեն կամ մարել, կամ ուժգնությունը թուլացնել: Այսինքն՝ այնպիսի շեշտադրումներ կլինեն, որոնք միջազգային հանրության կողմից կողջունվեն որպես դրական քայլ, առաջընթաց»:
Պարոն Հովսեփյանը կարծում է, որ մեր կողմից պետք է պատասխան տրվի ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկով՝ Հայաստանում եւ սփյուռքում:
Այն դիտարկմանը՝ ի՞նչ պետք է անենք, որ միջազգային հանրության առջեւ պարզվի թուրքական դեմքը, Լեւոն Հովսեփյանը պատասխանեց. «Առանց մեր կողմից քայլեր անելու, Թուրքիայի վերջին տարիների ներքաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ այստեղ շեղում կա ժողովրդավարական այն գործընթացներից, որոնք սկզբնական շրջանում կային»,- ասում է նա՝ ավելացնելով, որ Էրդողանը անցում է կատարում ավտորիտար կառավարման ռեժիմի:
«Հակակշիռների ինստիտուտը Թուրքիայում այլեւս կարծես թե սպառվում է: Այն ազդեցիկ ընդդիմությունը՝ «Ժողովրդահանրապետականը», «Ազգայնական շարժումը», այս ընտրություններում ցույց տվեցին, որ իրենց չեն կարողանում փոքրիշատե այլընտրանք լինել գործող իշխանություններին: Այս պարագայում մեծանում է իշխանությունների ինքնավստահությունը, եւ ինքնավստահությունն աստիճանաբար տեղափոխվում է նաեւ ագրեսիվության դաշտ՝ թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքականության մեջ»:
ՀՀ նախագահի կողմից Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Ծիծեռնակաբերդ Էրդողանին հրավիրելը պարոն Հովսեփյանը համարում է ճիշտ մարտավարություն, ասում է՝ Էրդողանի՝ հրավերքը ընդունելն ու չընդունելն էլ, որոշակի խնդիրների առաջ է կանգնեցնելու Թուրքիային:
«Ես հավանական չեմ համարում, որ ապրիլի 23-ի գիշերը Էրդողանը կայցելի Ծիծեռնակաբերդ»,- կարծում է պարոն Հովսեփյանը:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.08.2014