Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամացույցի գործարանի բաժնետերերին տնօրինությունը ոչ մի լումա բաժին չի հանում

Օգոստոս 15,2014 14:45
bajnetoms

Գործարանի տնօրեն Հրայր Մելքոնյանը պնդում է, որ գործարանը ոչ մի օգուտ չի ստանում

«17 տարի օգուտ են ստանում ու մեզ ոչ մի կոպեկ չեն տալիս: Կոլեկտիվի անդամներն այնքան են հիասթափված, որ այս տարվա հաշվետու ժողովին մի տասը մարդ էր մասնակցում: Ամեն ամիս կյանքս վտանգի տակ դնելով՝ աշխատել եմ. օր է եղել՝ մի քանի անգամ ինքնաթիռով այս երկրից այն երկիր եմ գնացել, բայց այսօր խաբում են ու գործարանի բաժնետերերին իրենց եկամտից ոչ մի լումա բաժին չեն հանում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Գեղարվեստական ժամացույցների գործարանի» առաքման եւ մատակարարման բաժնի նախկին պետ Կամո Մարտիրոսյանը, որը գործարանի 100-ից ավելի բաժնետերերից մեկն է:

Կ. Մարտիրոսյանն արդեն 20 տարի է՝ այս գործարանում չի աշխատում, բայց գործարանի մյուս բաժնետերերի հետ ամեն տարի հույս է փայփայում, որ գործարանի տնօրինությունն ի վերջո իր եկամուտներից իրենց էլ բաժին կհանի ու դրանով վարձահատույց կլինի տարիների չարչարանքի դիմաց:

Սակայն ամեն տարի այս գործարանի տնօրինությունը տարեկան հաշվետու ժողով է անում եւ բաժնետերերին հայտնում, որ առանց շահույթի է աշխատում եւ մի կերպ հասցնում է պետության հարկ ու տուրքերը վճարել:

Կամո Մարտիրոսյանի՝ գործարանից ստացած բաժնետոմսերը 580 հազար դրամի են, սակայն այս տարիների ընթացքում այս բաժնետերը տնօրինությունից 580 լումա էլ չի ստացել: Գործարանի 100-ից ավելի նախկին աշխատակիցները միայն թղթի վրա են բաժնետեր: Նրանց խոսքերով. «Որքա՞ն եկամուտ են ստանում, ի՞նչ են անում գործարանում՝ մենք տեղյակ չենք, միայն ամեն տարի հաշվետու ժողով են անում ու ինչ-որ կեղծ թվեր ներկայացնում: Մարդիկ կան, որ այսօր դեղի փող չունեն եւ չեն կարողանում իրենց բաժնեմասը ստանալ, որ գոնե դեղ գնեն»:

Բաժնետերերի մոտ տարրական հարց է առաջանում՝ եթե գործարանը եկամուտներ չի ունենում, ինչո՞ւ այդ բաց բաժնետիրական ընկերությունը չի լուծարվում:
«Թոշակով ապրող մարդիկ ենք, մարդ կա՝ 15 հազար դրամ թոշակ է ստանում, եւ իր բաժնետոմսերից հասանելիքը նրա համար մեծ գումար է: Դատարան չենք դիմում քանի որ ոչ ոքի չենք հավատում»,- ասում է Կամո Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ խորհրդային տարիներին «Գեղարվեստական ժամացույցների գործարան»-ը 500-ից ավելի աշխատակից է ունեցել: Արտադրել է կանանց եւ տղամարդկանց ոսկյա ժամացույցներ, ապարանջաններ, պատի եւ սեղանի ժամացույցներ եւ մեծ եկամուտներ է ստացել:

1996-ից, երբ գործարանը դարձել է ԲԲԸ, կառավարությունը որոշել է, որ 20% բաժնեմասը անհատույց պետք է տրվի գործարանի աշխատակիցներին, իսկ մնացած 80%-ը հանվի վաճառքի: Նախկին աշխատակիցների ներկայացմամբ՝
գործարանի ունեցվածքը բավական մեծ է եղել՝ ընկերությունն ունեցել է քառահարկ արտադրական շենք, հաստոցային հարուստ պարկ եւ այլն, բայց, չգիտես ինչու, գործարանի գործերը սկսել են վատանալ:

«Գործարանն, ըստ էության, չի աշխատում, մի քանի տարածքներ են տրված վարձակալությամբ, որոնցից ստացված գումարները բավականացնում են միայն նվազագույն քանակի մարդ պահելուն եւ պետության հարկերը՝ գույքի, հողի եւ մյուս հարկերը վճարելուն»,- պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ բաժնետերերին ստացված եկամտից բաժին չի հանվում, ասում է գործարանի գործադիր տնօրեն Հրայր Մելքոնյանը:

Նրա խոսքերով՝ ժամացույցների գործարանն այնքան ժամանակ օգուտով չի աշխատի, մինչեւ գործարանում լուրջ ներդրումներ չարվեն. «Պետք էր ժամանակին հաստոցային պարկը, շենքերը նորմալ վիճակի բերել, վերանորոգել, որպեսզի եղած տարածքները, որոնք բավականին շատ են, կարողանայինք վարձակալությամբ տալ, որ այդտեղից էլ օգուտներ առաջանային: Այսօր դրանք բարվոք վիճակում չեն: Ես 2003-ից եմ այստեղ աշխատում, ամեն տարի իսկապես նման խոսակցություններ լինում են, բաժնետերերն իրենց հասանելիքն են ուզում, բայց իրականում օգուտներ չկան, եւ եթե լինեն էլ, միայն ամորտիզացիայից առաջացող վնասներն այնքան մեծ են լինում, որ դրանք ծածկում են վնասները, իսկ եթե գործարանում լուրջ ներդրումներ չարվեն՝ 30-40 միլիոնի, ընդամենն այս վիճակը կպահպանվի»:

Ներկայումս գործարանը երկու վարձակալ ունի: Տնօրենի հավաստմամբ՝ եթե էլի գտնվեն վարձակալներ, կկարողանան բաժնետերերին էլ իրենց եկամտից բաժին հանել: Սակայն քանի որ գործարանի շենքը մաշված է, տանիքը՝ վնասված, ջեռուցման համակարգն էլ բացակայում է, շատերը հրաժարվում են այս գործարանի տարածքում բիզնես ծավալել:

«Տանիքն ահավոր վիճակում է, վերջին վերանորոգումները 80-ականներին է կատարվել: Ով էլ ցանկություն է հայտնում այստեղ տարածք վարձակալել, երբ իմանում է, որ հոսանքով պետք է ջեռուցի, հրաժարվում է»,- ասում է Հրայր Մելքոնյանը:

Բաժնետերերի խոսքերով՝ իրենց հասանելիք բաժնետոմսերի տոկոսը թույլ չի տալիս, որ ձայնի իրավունք ունենան, որպեսզի կարողանան գործարանում աուդիտ կազմակերպելու պահանջ ներկայացնել:

Հրայր Մելքոնյանը հաստատում է, որ գործարանի տնօրինությունը բաժնետերերի առաջ որեւէ պարտավորություն չունի. «Պարզ է, որ մարդկանց հասանելիք բաժնեմասերը պետք է վճարվեն, բայց եթե օգուտներ չկան, հետեւաբար այդ հասանելիք օգուտի գաղափարն էլ չկա, գործարանը 1996-97 թվականներից սկսած՝ օգուտներ չի ունեցել: Ես չգիտեմ էլ՝ հիմա մեր բաժնետոմսերը բորսայում նույնիսկ 100 դրամի արժեք կունենա՞ն, թե՞ ոչ:

Իսկ գույքը բաժնեմաս չէ, որեւէ մեկը չի կարող ասել՝ այս հաստոցը տվեք ինձ կամ այս շենքը տվեք ինձ: Եթե գործարանն օգուտներ է ունենում, միայն այդ մասով բաժնետերերը կարող են պահանջներ ունենալ: Մեր վերջին ժողովում ես ասել եմ, որ 60-ական թվականների հաստոցներ են, որոնք չենք կարողանում նույնիսկ վաճառել: Դրանք անգամ որպես մետաղի ջարդոն չեն վերցնում»:

Ներկայումս գործարանը՝ տնօրենին էլ հաշված, 4 աշխատակից ունի՝ հաշվապահ, կադրերի մասնագետ, պահեստապետ: Պարոն Մելքոնյանի խոսքերով. «Գործարանը 60-ականներից եղել է, եւ 75 տարի այնտեղ մարդկանց գործերը պահպանվում են, թոշակառուների տեղեկանքների խնդիրներ են առաջանում աշխարհի բոլոր անկյուններից, եւ այդ աշխատակիցներին չես կարող չպահել»:
«Թե նրանք ի՞նչ ծախսեր են անում՝ մեզ տեղյակ չեն պահում:

Եթե մեր կրած վնասները հաշվենք, հսկայական գումարներ են կազմում, բայց դա էլ չենք ուզում, թող ամեն մեկիս մեզ հասանելիք գումարները տան, իրենց համար աշխատատեղ են ապահովել, մեզ էլ ամեն տարի համոզում են՝ վնասով ենք աշխատում»,- դժգոհում են բաժնետերերը: Գործարանի տնօրինությունն էլ հորդորում է սպասել:

«Շատերը վաղուց թոշակառու են, եւ պարզ չէ, թե դեռ ինչքան էլ պետք է սպասեն»,- ասում է Կամո Մարտիրոսյանը:

Ընկերության նախկին աշխատակիցները դիմումներ են գրել ՀՀ նախագահին, վարչապետին, տարբեր պետական մարմինների, բայց բոլորը միաբերան պատասխանել են՝ դիմեք դատարան:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031