Հայ իրավախախտ միգրանտների առջեւ ոչ մի դուռ փակել հնարավոր չէ. եթե նրանց, այսպես ասած՝ «դռնից դուրս են անում», նրանք «պատուհանից են ներս մտնում»:
Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը խստացնելուց հետո, երբ մի քանի տասնյակ հազար իրավախախտ հայերի մուտքը ՌԴ տարածք 3-5 տարով արգելվեց, ու բազմաթիվ իրավախախտ հայերի «դեպորտ» արեցին Հայաստան, միեւնույն է՝ մերոնք չհանձնվեցին:
ՌԴ-ից «դեպորտի» ենթարկված հայերը Ռուսաստան են «ներթափանցում» Բելառուսի սահմանով: Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ վիզային ռեժիմ չի գործում, սրանք Մաքսային միության երկրներ են, այսպես ասած՝ «դուռ դռան» հարեւաններ են, այս երկու երկրների քաղաքացիներն ազատ ելումուտ ունեն միմյանց տարածք: Այն հայերը, որոնք խնդիրներ ունեն ՌԴ իրավապահ մարմինների հետ կամ «դեպորտ են» արվել, Բելառուսից Ռուսաստան ավտոմոբիլային ճանապարհով հեշտությամբ մուտք են գործում ՌԴ, քանի որ այդ անցակետում անձի տվյալները չեն ստուգվում: Մեզ հետ զրուցած ՌԴ-ի սահմանը նշված ճանապարհով հատած ՀՀ մի քաղաքացի պատմեց, որ եթե անգամ կարողանում են այդկերպ հայտնվել Ռուսաստանում, ապա օրինազանց հայերը փորձում են իրավապահ մարմինների աչքին չընկնել, հնարավորինս օրինապաշտ ապրել ու աշխատել, քանի որ այս անգամ բռնվելուց հետո արդեն ավելի խիստ կվարվեն նման անձանց հետ:
Մեր զրուցակցի պատմելով՝ «Ես Բելառուսով մտա Ռուսաստան, ճիշտ ա, որ բռնվեմ, էս անգամ ներում-բեկում չի լինի, բայց ճար չունեի: Մոսկվայում հազիվ գործ էի գտել, աշխատում էի, բռնին «դեպորտ» արին: Հիմա հույսս էն ա, որ գրանցված աշխատող չեմ, ավտոյով եմ գնում-գալիս, պիտի զգույշ լինեմ, ոստիկաններից հեռու, որ հանկարծ չկանգնեցնեն՝ «դակումենտ» ուզեն: Հիմա անուն-ազգանունս բազում «սեւ ցուցակում ա», ինձ նման հազարավոր հայեր կան հիմա Ռուսաստանում, բայց դե, աշխատելու համար ինչի ասես, որ չենք դիմի: Եթե էդ քայլին չդիմեի, 3 տարի իրավունք չունեմ Ռուսաստան ոտք դնելու, բա ես ո՞նց էի ընտանիքս պահելու: «Դեպորտից» հետո Մինսկում գործ ման եկա՝ չգտա, ստիպված էդ ճանապարհով էլի եկա Մոսկվա: 3 տարի վախվորած, թաքնված պիտի ապրեմ՝ աշխատեմ, մինչեւ արգելքի ժամկետը լրանա»:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.08.2014 թ.