Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Պետդեպին խանգարում, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը Հայ եկեղեցու հետեւորդ է

Օգոստոս 15,2014 14:15

Հուլիսի 28-ին ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հրապարակվեց 2013 թվականի ընթացքում հավատքի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցը, որում անդրադարձ կար նաև Հայաստանում տիրող իրավիճակին:

Ստորև ցանկանում ենք անդրադառնալ որոշ չակերտավոր խոչընդոտների, որոնց` ըստ Պետդեպի, բախվում են կրոնական կազմակերպությունները Հայաստանում:

Պաշտամունքային վայրերի կառուցման մասին: Զեկույցում նշվում է, որ 2013 թվականի ընթացքում կրոնական կազմակերպությունների կողմից եղել են հաղորդումներ այն մասին, որ պաշտամունքային վայրեր կառուցելիս նրանք բախվել են դժվարությունների: Մասնավորապես հիշատակվում է այն դեպքը, երբ Երևանի քաղաքապետարանը մերժել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության պաշտամունքի երեք վայրեր կառուցելու դիմումը:

Մերժումը հիմնավորվում է հետևյալ պատճառաբանությամբ. «Բնակեցված վայրերում պաշտամունքային վայրերի կառուցումն առաջացնում է հարևանների բողոքը»: Հատկանշական է, որ տարիներ առաջ, երբ Հայ առաքելական եկեղեցին ցանկանում էր վերականգնել խորհրդային շրջանում քանդված Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին, հասարակության որոշ անդամներ նախաձեռնեցին «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման պաշտպանությունը, որի արդյունքում Եկեղեցին հրաժարվեց սրբավայրի վերականգնումից, սա չմտահոգեց Պետդեպին:

Սակայն, երբ մարդիկ չեն ընդունում կրոնական խմբերին` չցանկանալով, որպեսզի իրենց բնակության վայրերի մոտ կառուցվեն նրանց պաշտամունքի վայրերերը, որի հիման վրա էլ քաղաքապետարանը մերժել է տվյալ կրոնական կազմակերպության դիմումը, ահա այս փաստը մտահոգում է Պետդեպին:

Եթե կրոնական մի կազմակերպություն բացահայտ քարոզում է, որ պետք չէ զենք վերցնել և հայրենիքը պաշտպանել, էլ չենք խոսում մյուս խեղված և թյուր գաղափարների մասին, որոնք տարածում են նրանք, ինչպե՞ս պետք է մարդիկ հանդուրժեն նման հայրենակործան և ազգադավ գաղափարներ սերմանող կազմակերպության պաշտամունքի վայրի կառուցումն իրենց բնակավայրերում, երբ Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է:

Անդրադառնալով, սակայն, կրոնական կազմակերպությունների պաշտամունքի վայրերի և կենտրոնատեղիների կառուցման և առկայության հարցին, չենք կարող չարձանագրել, որ այսօր ՀՀ տարբեր քաղաքներում և Երևանում քիչ չեն այն կրոնական կազմակերպությունները, որոնք ունեն իրենց հսկայական և երբեմն բավական ճոխ կառուցված հավաքատեղիները: Չցանկանալով այստեղ նշել կրոնական այդ ուղղությունների անունները, որպեսզի նրանց համար գովազդ չլինի, միայն հավելենք, որ դրանցից մի քանիսը նույնիսկ միտումնավոր կառուցված են Հայ եկեղեցու ճարտարապետության նմանությամբ` նպատակ ունենալով մոլորեցնել հայ ժողովրդին:
Դպրոցներում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաների նկատմամբ խտրականության դրսևորման մասին: Որ Հայ եկեղեցու պատմություն առարկայի ներմուծումը հանրակրթական դպրոց պետք է արժանանար կրոնական կազմակերպությունների դժգոհությանը, հայտնի էր դեռևս 2004 թվականին, երբ առարկան ընդգրկվեց դասավանդվող առարկաների ցանկում: Մինչ օրս կան կրոնական խմբեր, որոնք դժգոհում են այս փաստից, թեև առարկայի ներմուծման դրական արձագանքները` մասնավորապես ծնողների շրջանակում, առավել գերակշռող են: Որոշ կրոնական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կառույցների հիմնական առարկությունն այն է, որ Հայ եկեղեցու պատմություն առարկայի անվան տակ դպրոցներում կատարվում է քարոզչություն:

Մինչդեռ նման պնդումներ անելուց առաջ, լավ կլինի նախ ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը, որն անքակտելիորեն կապված է Հայ եկեղեցու պատմությանը: Եթե նման կարծիք արտահայտողները գոնե կարդան Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի նշանավոր «Ազգապատում» աշխատությունը, որտեղ շարադրված է հայ ժողովրդի և եկեղեցու պատմությունը` իբրև մեկ ամբողջություն, ապա այլևս նման «մեղադրանքներ» չեն ներկայացնի Հայ եկեղեցուն: Վերջապես նրանց համար ընկալելի կլինի, որ անկարելի է բաժանել Մաշտոցը` Մեսրոպից, Գրիգորը` Նարեկացուց և Սողոմոնը` Կոմիտասից: Մեր պատմության գանձարանը հարուստ է եկեղեցականներով, որոնք կերտել են ոսկետառ էջերը հայ ժողովրդի պատմության: Հետևաբար հայ ժողովրդի պատմությունը թերի է և ոչ ամբողջական առանց Հայ եկեղեցու պատմության: Իսկ երիտասարդ սերնդին անհրաժեշտ է սովորեցնել իր ամբողջական պատմությունը՝ եզրահանգումները թողնելով նրան:

Հայաստանում կրոնական խմբերի առջև գոյություն ունեցող իրավաբանական խոչընդոտների մասին: Հրապարակված զեկույցում նշվում է, որ օրենքն արտոնություններ է տրամադրում Հայ առաքելական եկեղեցուն, որոնք հասանելի չեն կրոնական այլ խմբերին: Ի՞նչ արտոնությունների մասին է խոսքը, երբ Հայ առաքելական եկեղեցու զավակը օրենքով սահմանված կարգով և հայրենիքի հանդեպ սրբազան պարտականության գիտակցությամբ ծառայում է բանակում, իսկ ինչ-որ կրոնական կազմակերպության ներկայացուցիչ ազատվում է զինվորական ծառայությունից: Որքանո՞վ է արդարացված այն երևույթը, երբ Հայ առաքելական եկեղեցու զավակը զինվորական ծառայության ընթացքում հայրենյաց պաշտպանության համար զոհաբերում է իր կյանքը, իսկ զենք վերցնելուց հրաժարվող կրոնական կազմակերպության ներկայացուցիչը հանգիստ վայելում է ազատությունը, որը ձեռք է բերվում հայ զինվորի արյան գնով: Այսքանից հետո հարց է առաջանում, ո՞ւմ է իրականում արտոնություններ տրված:

Զեկույցի այս հատվածում նշվում է նաև, որ Հայ առաքելական եկեղեցուն արտոնվում է մշտական ներկայացուցիչներ ունենալ հիվանդանոցներում, մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում, զորամասերում, կալանավայրերում, իսկ կրոնական կազմակերպություններին միայն այն դեպքում, երբ նրանք իրենց հետևորդներն ունեն վերոնշյալ հաստատություններում:

Հաշվի առնելով, որ այդ հաստատություններում և առհասարակ հասարակության մեծամասնությունը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են (ինչպես հենց զեկույցում է նշված), բնական է, որ առաջնայնությունը պետք է տրվի Հայ եկեղեցուն: Դժվար է պատկերացնել, որ Հունաստանում, ուր բնակչության մեծամասնությունը Հույն ուղղափառ եկեղեցու հետևորդ է, արտոնություններ տրվեն մեկ այլ եկեղեցու:

Բացի այս, ինչպե՞ս է Պետդեպը պատկերացնում կրոնական կազմակերպություններից մեկի զենք չվերցնելու վերաբերյալ քարոզչությունը ՀՀ Զինված ուժերում, արդյո՞ք նույն ԱՄՆ-ը կարտոնի, որ իր բանակում քարոզվի նման գաղափարախոսություն: ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում նույնպես զինվորական հոգևորականների ծառայությունը հաստատված է հատուկ օրենքով: Աշխարհի ցանկացած մասում, որտեղ կան ԱՄՆ-ի զինվորական բազաներ, ռազմանավեր եւ այլն, այնտեղ նշանակված են նաև բանակի կապելաններ:

Կրոնական կազմակերպությունների հանդեպ հասարակության կողմից արտահայտվող բացասական վերաբերմունքի մասին: Զեկույցն անդրադառնում է, որ շատ լրատվամիջոցներ, ինչպես նաև ընդհանուր բնակչության մեծամասնությունը բացասաբար են տրամադրված կրոնական խմբերի հանդեպ, քանի որ այդ խմբերը դիտվում են որպես պետության սպառնալիք: Որ ժողովուրդը բացասական է տրամադրված պառակտիչ և ազգակործան գաղափարներ սերմանող կրոնական խմբերի նկատմամբ, փաստ է, բայց դրանով հանդերձ՝ նրանց հանդեպ գոյություն չունի որևէ թշնամական վերաբերմունք: Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ Հայ առաքելական եկեղեցին երբևէ հանրության մեջ թշնամական վերաբերմունք չի սերմանել կրոնական խմբերի նկատմամբ, այլ ընդհակառակը` Եկեղեցին մշտապես նշել և նշում է, որ կրոնական կազմակերպության հետևորդները, մոլորված լինելով հանդերձ, հայ ժողովրդի զավակներն են: Սակայն, բոլորն են հիշում տարիներ առաջ տեղի ունեցած այն միջադեպը, երբ կրոնական կազմակերպության ներկայացուցիչը հարձակվել էր Հայ եկեղեցու սպասավորի վրա: Հետաքրքրական է, որ 2011 թվականի զեկույցում այս իրողությունը շատ ավելի մեղմ էր ներկայացված, քան այն «խոչընդոտները», որոնց բախվում են կրոնական կազմակերպությունները Հայաստանում։

Ի վերջո զեկույցից այն տպավորությունն է ստեղծվում, որ ԱՄՆ Պետդեպը մտահոգված է ոչ այնքան կրոնական կազմակերպությունների իրավունքների պաշտպանությամբ, որքան Հայ առաքելական եկեղեցու դոմինանտ դիրքով: Մի իրողություն և անվիճելի փաստ, որը ոչ թե տրվել կամ շնորհվել է, այլ Եկեղեցին այն վաստակել է պատմության ընթացքում:

Տ. Պարթև աբեղա Բարսեղյան

Միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

«Առավոտ» օրաթերթ

14.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031