Տարիների պատմություն ունեցող տարածքային վիճաբանությունը ՕԵԿ-ի եւ Ագրարային համալսարանի միջեւ, երեկ դրսեւորվեց նոր ձեւով՝ բուհի աշխատակիցներն ու ուսանողները բողոքի ցույց էին նախաձեռնել ՕԵԿ-ի դեմ:
Բանն այն է, որ ՕԵԿ-ը իր գրասենյակային շենքին կից կցակառույց է կառուցում: Ըստ Ագրարային համալսարանի՝ տարածքը, որում ընթանում է կցակառույցի շինարարությունը, պատկանում է համալսարանին, եւ շինարարությունն անօրինական է: Այս հարցով ներկայումս դատական գործ է ընթանում:
Ագրարային համալսարանի բողոքի ակցիայի ժամանակ պրոռեկտոր Յուրի Մարմարյանն ասաց, որ ՕԵԿ-ը չպետք է որեւէ շինարարություն իրականացնի, քանի դեռ չկա դատարանի որոշումը, որով օրինական կհամարվի այդ շինարարությունը: Բողոքի ակցիայից հետո ուսանողներն ու դասախոսները անգամ փորձեցին քանդել, ապամոնտաժել շինարարությունը:
ՕԵԿ-ն իր հերթին պնդում է, որ շինարարությունը օրինական է, կան բոլոր հիմքերը այն իրականացնելու համար: «Առավոտի» հետ զրույցում ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ասաց, որ իրենք ունեն փաստաթղթերի մեծ փաթեթ, որն ապացուցում է, որ չկա որեւէ պատճառ՝ շինարարությունն անօրինական համարելու համար:
Կարդացեք նաև
Եվ գլխավորը, ըստ պարոն Շահգելդյանի՝ 2008 թ.-ին Ագրարային համալսարանի ռեկտոր պարոն Թարվերդյանի ստորագրությամբ տրված համաձայնությունն է՝ Աբովյան 43/1 հասցեում կցակառույցի շինարարություն իրականացնելու համար. «Դա մեր հողն է, որը մեզ է տրամադրվել ռեկտորի համաձայնությամբ, քաղաքապետարանի որոշմամբ: Ռեկտորի տրված համաձայնության թղթում գրված է, որ «ակնկալում ենք ՕԵԿ աջակցությունը՝ լաբորատոր մասնաշենքի կառուցման գործում», հասկանո՞ւմ եք, չէ՞: Մենք էլ ասել ենք, որ մեր հնարավորությունների սահմաններում կընդառաջենք»:
Պարոն Շահգելդյանն ասաց, որ կցակառույցին անգամ առանձին հասցե է տրվել՝ Աբովյան 43/1, այն դեպքում, երբ ՕԵԿ գրասենյակի հասցեն Աբովյան 43 է, եւ խոսել այն մասին, որ այդ շինարարությունն անօրինական է՝ ավելորդ է:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.08.2014 թ