Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ են «խոսում» մշակութային օջախների կայքերը

Օգոստոս 15,2014 13:45

Անհայտ Խաչատրյանից մինչեւ կայքում դեռեւս «պաշտոնավարող» թատրոնի նախկին տնօրեն

Ազգային օպերային թատրոնի www.opera.am կայքն այս պահին վերակազմակերպման փուլում է, սակայն դա չի խանգարում, որ օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի դիրիժորական վարպետության դասերի եւ տերտերյանական «Կրակե օղակ» օպերայի մասին տեղեկատվությունը հասու լինի այցելուներին:

Իմիջիայլոց, դեռեւս հին տեղեկություններ են «Ադմինիստրացիա» վերնագրի ներքո. ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանը օպերայի կայքում շարունակում է «պաշտոնավարել» որպես տնօրեն, Ռուդոլֆ Խառատյանն էլ՝ գլխավոր բալետմայստեր, այն դեպքում, երբ վերջինս ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, իսկ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնի մրցույթով էլ ապրիլ ամսին անցել է Անդրանիկ Արզումանյանը:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի՝ www.nationaltheater.am կայքում, ի տարբերություն օպերային թատրոնի կայքի, հասու է «Վիրտուալ տուր» բաժինը: «Պատմական ակնարկ» բաժնում ոչ մի տող չկա թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար եւ նախկին գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանի մասին, փոխարենը՝ նրա մասին տեղեկատվությունը զետեղված է «Բեմադրիչներ» խորագրի ներքո:

«Նորություններ» բաժնի վերջին թարմացումը եղել է ապրիլի երեքին, տեղեկատվությունը վերաբերում է Արթուր Սահակյանի «Ռիչարդ երրորդ» ներկայացմանը:

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի կայքում՝ www.isahakyanmuseum.am-ում, նորությունների վերջին թարմացումը հուլիսի 9-ին է եղել. թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը եւ բանաստեղծի անունը կրող դպրոցի փոխտնօրեն Գոհար Գալստյանը դպրոցի շրջանավարտներին ավարտական վկայականներ են հանձնել: Տպավորիչ է, որ կայքի գլխավոր էջում բանաստեղծի հայտնի «Ռավեննայում» բանաստեղծությունն է (1926թ): «Տեսադարան» էջը դեռ պատրաստվում է, չնայած կայքում որոշ տեսանյութեր կան:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի www.comedytheater.am կայքի գլխավոր էջում ներկայացումների մասին համառոտ տեղեկատվություն կա: Այս կայքից ուղղակի երախտագիտություն է ծորում. գլխավոր էջում գրված է. «Կայքի նյութերը մեծահոգաբար մշակել և տրամադրել է իր գործի փայլուն գիտակ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստաբան, դերասան, թանգարանագետ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թանգարանի վարիչ Սերգեյ Առաքելյանը»:
Կոմիտաս քառյակի www.komitasquartet.am կայք այցելելն ուղղակի հաճույք է՝ ականջ են շոյում կոմիտասյան հնչյունները: Կայքից տեղեկանում ենք «Բարեկամների ակումբի» մասին, «Ձայնադարանում» քառյակի կատարումներն են:

«Բարեկամություն» անսամբլի www.barekamutyun.am կայքը երկլեզու է՝ հայերեն եւ անգլերեն: «Տեսասրահ» էջը պատրաստման փուլում է, բազմաթիվ նյութեր հասու են այցելուին:

Սպենդիարյանի տուն-թանգարանի www.spendiaryanmuseum.am կայք այցելությունը եւս սկսվում է սպենդիարյանական երաժշտությամբ: Այստեղ վերջին տեղեկատվությունը թվագրված է հուլիսի 22-ով, այն վերաբերում է թանգարանում հյուրընկալված ՀԲԸՄ-ի «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցներին:

Գունեղ է եւ ժամանակակից լուծումներ ունի www.sarian.am ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) կայքը: Այնտեղ նաեւ հատված կա «Մարտիրոս Սարյան» վավերագրական ֆիլմից:

Արամ Խաչատրյանի տուն- թանգարանի www.khachaturian.am կայք մտնելիս էլ հանդիպում ես խաչատրյանական հզոր հնչյունների: Այս կայքը եւս եռալեզու է: «Անհայտ Խաչատրյանը» խորագրի ներքո հետաքրքիր պատմություններ ու դրվագներ են կոմպոզիտորի կյանքից: «Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում։ Գերմանիայում նրան արքայական պուդել էին նվիրել, որի անունը Լյադո էր դրել (ըստ՝ լյա և դո նոտաների)։
Կոմպոզիտորը հաճույքով էր զբոսնում Լյադոյի հետ։ Վերջինիս հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի «Լյադոն լուրջ հիվանդացել է» պիեսը՝ նվիրված շանը»,-կարդում ենք կայքում:

Հաճույքով ես ընթերցում կայքի այն բաժինը, որտեղ Խաչատրյանի նամակներն են՝ այլ մեծերին ուղղված: Օրինակ, կայքից տեղեկանում ենք, որ Լյոնիդ Կոգանը կոնսերվատորիան ավարտել է՝ քննություններից մեկից «երեք» ստանալով, ինչի առիթով Խաչատրյանը մխիթարել է նրան. «Թանկագին Լյոնյա, մեկ անգամ եւս շնորհավորում եմ քեզ՝ կոնսերվատորիան փայլուն ավարտելու կապակցությամբ։ Մեկ հատ «երեք» գնահատականը թող քեզ չվշտացնի, դա էական դեր չի խաղա քո կոնսերվատորիական ճակատագրի որոշման ժամանակ…Քեզ սիրող, քո՝ Արամ Իլյիչ»:

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի parajanovmuseum.am կայքը 2010-ին Armnet Awards վեբ-մրցույթի գլխավոր մրցանակն է ստացել, այն հրաշալի եւ հագեցած կայք է, ցանկացած հարցի պատասխան կարելի է գտնել, ափսոս՝ միայն անգլերենով:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.08.2014 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Օպերային թատրոնում գոյություն չունի երաժշտական ղեկավար հաստիք: Կարեն դուրգարյանն ինքն իրեն հռչակել է երաժշտական ղեկավար…

  2. Լևոն Մութաֆյան says:

    Ի դեպ, Սունդուկյանի անվան թատրոնի էջի պատմական ակնարկի հեղինակը ես եմ: Այստեղ խնդիր չի եղել ծանրանալ անունների վրա: Համառոտ շարադրանքում անհնար էր ներկայացնել բոլորին: Ինչ վերաբերում է Վահե Շահվերդյանին, ապա նրա ստեղծագործությունը լիուլի գնահատվել է իմ կողմից՝ իմ ,,Վահե Շահվերդյան,, , Բեմադրությունը Վահե Շահվերդյանի, Թափանցումներ և ,,Թատրոնի ուղին,, գրքերում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031