Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ուր նստում ես՝ դիմացդ քար ես տեսնում»

Օգոստոս 15,2014 13:30

«Առավոտը» զրուցեց 2014 թ. գրականության բնագավառում «Ցուրտ կին» բանաստեղծական ժողովածուի համար նախագահի երիտասարդական մրցանակին արժանացած Մանե Գրիգորյանի (լուսանկարում) հետ։

Դիտարկմանը, թե հիշյալ գրքի շապիկին թուրք լուսանկարիչ Սալիհ Ագիրի աշխատանքն է, մեր զրուցակիցն ասաց. «Բանաստեղծություն գրելն ինձ համար կլանող գործընթաց է, մինչեւ ինքս ինձ համար 100 տոկոսանոց արդյունքի չեմ հասնում, չեմ դադարում գործս մշակել։ Հետեւաբար՝ միեւնույն չէ, թե հերթական գրքիս շապիկին ինչ լուսանկար է լինելու։ Դիմեցի ճանաչված հայ արվեստագետներից մեկին (չնշեց անուն-ազգանունը), որի լուսանկարները հավանում եմ, պարզվեց, որ ժամանակ չի կարող տրամադրել, իսկ թուրք լուսանկարիչը ինձ տրամադրեց իր մեկ լուսանկարի տարբեր դիզայներական լուծումներ, որոնցից մեկն էլ ընտրեցի գրքիս շահիկի համար։ Մի բան էլ՝ շնորհակալություն հայտնեց, թե հպարտ է, որ կարողացավ օգտակար լինել իր արվեստով»։

curt kin
Կեսկատակ- կեսլուրջ հարցին՝ ի՞նչ նպատակի է ուղղելու մրցանակային գումարը, Մանեն պատասխանեց. «Համբուրգի համալսարանում եմ ուզում սովորել, հեծանիվով դասի գնալ, եթե ամուսնանամ սիրածս տղայի հետ՝ երեկոյան կգնամ տուն, երեւի ամենաանհեթեթ բաներից կխոսեմ, կընթրենք, կսիրենք իրար… Մրցանակից ստացած գումարն, իհարկե, չի բավականացնի ողջ ուսմանս համար, բայց գոնե սկզբի համար հիմք է»։

Հարցին՝ իր ստեղծագործական կյանքում նախագահի մրցանակը դեռեւս միա՞կն է, երիտասարդ գրողը պատասխանեց. «Մինչ այս մրցանակը ստանալս, Գերմանիայում էի, երբ հրավիրեցին մասնակցելու գրական մի մրցանակաբաշխության։ Մուտքը վճարովի էր։

Ճիշտ է, գերմանացիների համար 5 եվրո վճարելը խորհրդանշական գումար է, բայց ամեն դեպքում, կարծում եմ, դա խթան է, որպեսզի զարգանա գրականությունն ու գրողին գնահատելու եւ հարգելու մշակույթը։ Այդ մրցանակաբաշխությունը տեղի էր ունենում մի սրճարանում։ Մրցույթի մասնակիցները ծանոթացնում էին իրենց ստեղծագործություններին, իսկ սրճարանում հավաքված հանդիսականը պետք է գնահատեր որոշակի բալային սանդղակով։ Ընդ որում՝ ե՛ւ մրցույթի մասնակիցները, ե՛ւ հավաքվածներս, պետք է վճարեինք սրճարանից օգտվելու համար։ Միայն հաղթողը չէր փակելու իր պատվիրածի հաշիվը։ Գերմանացիների նման պարզասրտությունը ինձ ուրախացրեց։ Կուզեի, որ Հայաստանում էլ նման անկաշկանդ մթնոլորտում ընթանային մրցանակաբաշխությունները»։

Հետաքրքրությանը՝ հնարավո՞ր է ձեր ապրելու եւ ստեղծագործելու վայրը երբեւէ լինի Գերմանիան, բանաստեղծը պատասխանեց. «Այնտեղ տարածություն կա։ Էստեղ դրսում նստում եմ նստարանին ու չորս կողմից՝ մեքենաներ, շենքեր, սրճարաններ… Գերմանիան իր տարածությունները նման բաներով չի փոքրացրել։ Մինչդեռ Հայաստանում շնչելու տեղ չի մնացել, մարդը խեղդվում է, էլ ինչ ստեղծագործելու մասին կարող է խոսք լինել։ Գուցե դրա համա՞ր է, որ մռայլ ենք։ Մենք սիրուն տեսարանի, էսթետիկայի պակաս ունենք: Օրինակ՝ Հյուսիսային պողոտան կարծես մարդուն կուլ տալու համար է, նեղուց է լրիվ, ուր նստում ես՝ դիմացդ քար ես տեսնում»։

Մանեն հիշեց, որ երբ մի գերմանացու հարցրել է, թե ընդհանրապես գիրք կարդո՞ւմ է, զրուցակիցը պատասխանել է, որ ժամանակ չունի, եւ իր կարդացած գրքերը իր շրջած երկրներն են։ «Փաստորեն, մեր կարդացածի կեսն էլ չեն կարդացել, գուցե սա եզակի օրինակ է, այդուհանդերձ, ցավալի է ինձ համար, որ իրենք ունեն այդ ճամփորդելու հնարավորությունը, իսկ մենք մեր պատյանի մեջ փակվել ու միայն կարդում ենք»,- հավելեց բանաստեղծը։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.08.2014 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Թույլ գրքին մրցանակ տալը արդյոք ճիշտ է? Մի տեսակ հակապոեզիային? Իհարկե սա չի նշանակում, որ այն թատերագետը էլի պետք է այս սկսնակ բանաստեղծուհու գրքի մասին ինչ ասես գրի, իսկ եթե մրցանակի արժանի բան չկա, դուք էլ մի տվեք: Լավ ընթերցողներ եք կորցնում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031