Օգոստոսի 13-ին Գերմանիայի սուպերգավաթի խաղը, որտեղ «Բորուսիան» հաղթեց «Բավարիային», ռուսաստանյան «HTB+» ալիքով մեկնաբանում էր Ալեքսեյ Անդրոնովը: Որքան հասկանում եմ, Հայաստանում ոմանք նրա մեկնաբանությունների մեջ թերություններ են գտնում, բայց մեծ մասը, ես էլ նրանց թվում, կոնկրետ այս ռեպորտաժից բավականություն ստացավ:
Եվ, մասնավորապես, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, թե ինչպես է նա մեկնաբանում մեր Հենրիխ Մխիթարյանի գոլը:
Կարդացեք նաև
Այս՝ մեկ րոպեից քիչ ավելի տեւած տեսագրությունում նա հղում է անում մշակութային իրողություններին, որոնք հեռու են ֆուտբոլից եւ որոնք, սակայն, գեղեցկացնում են, խորացնում են լրագրողի խոսքը: Մեկնաբանն ասում է, որ նախորդ սեզոնում Մխիթարյանի մոտ խառնաշփոթ էր՝ երաժշտության փոխարեն՝ сумбур вместо музыки. Այդպես էր կոչվում 1936 թվականին «Պրավդայում» լույս տեսած առաջնորդող հոդվածը, որը ջախջախում էր Դմիտրի Շոստակովիչի օպերաներից մեկը (ասում են, հոդվածի հիմնական գաղափարները հուշել է անձամբ Ստալինը):
Նույն մեկ րոպեանոց հատվածում Անդրոնովն ասում է՝ «Բորուսիայի» մարզիչ Յուրգեն Կլոպը համբերում էր եւ մնացածներին էր պատվիրում: Դա անդրադարձ էր ռուսական մշակույթի մեկ այլ շերտին՝ ժողովրդական ասացվածքին, որը ռուսական գրականության մեջ հանդիպում է բավականին հաճախ՝ թե՛ սարկաստիկ համատեքստում եւ թե՛ միանգամայն լուրջ՝ Господь терпел и нам велел: Եվ կարեւորն այն է, որ լրագրողն այդ «մեջբերումներն» անում է ոչ թե սեփական մտահորիզոնը ցուցադրելու համար, այլ շատ օրգանական ձեւով:
Հավանաբար, ռուսաստանցի մարզական մեկնաբաններին (ի տարբերություն մերոնց) հետաքրքիր է լսել ոչ միայն այն պատճառով, որ նրանք լավ են հասկանում խաղը: Իմ համար ավելի կարեւոր է, որ այդ լրագրողները կարդացած մարդիկ են: Դա որակի ցուցանիշ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մեկնաբանողը պետք է․․․․․․նյութին տիրապետի, յուրաքանչյուր խաղից մեկնաբանությունից առաջ անհատական պատրաստվելով