Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն ասաց, որ օգոստոսի 8-ին Ադրբեջանում Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունից հայրենի Չինարի են վերադարձել Կարենի եղբայրն ու քույրը: Գյուղապետի վկայությամբ՝ նրանք վաղուց են բնակվում Ռուսաստանում, այդ երկրի քաղաքացիներ են: Օգոստոսի 12-ին Կարեն Պետրոսյանի մորը հայտնել են, որ որդին մահացել է: Նախկինում նրան այդ մասին չէին հայտնում, վախենալով, որ անառողջ կինը կարող է չդիմանալ որդու մահվան բոթին: «Նրան հասկացրել են, որ իր տղան այլեւս չկա»,-ասաց Ս. Սաղոյանը: Կարենի մայրը հաշվառված է որպես հոգեկան հիվանդ եւ հոգեմետ դեղեր է ընդունում:
Չինարիի գյուղապետն ասաց, որ Կարենի հայրը՝ 59-ամյա Արտուշ Պետրոսյանը զբաղվում է հողագործությամբ, անասուններ է պահում: Պետրոսյանների ընտանիքն, ընդհանուր առմամբ սոցիալապես անապահով է: «Եթե Կարենն էշով անտառ վառելափայտի է գնացել, ուրեմն աղքատ են, բա ի՞նչ են»,- ասաց Չինարիի գյուղապետը: Նա տեղեկացրեց, որ Կարեն Պետրոսյանի դին Ադրբեջանից հայրենիք վերադարձնելու վերաբերյալ որեւէ նորություն չկա: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի ներկայացուցչությունից Չինարիի գյուղապետին հայտնել են, որ այդ հարցում որեւէ նորություն լինելու դեպքում իրենք այդ մասին կտեղեկացնեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ