Այսօր ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Արմենպրեսին»-ին ասել էր, որ Կարեն Պետրոսյանի գերեւարման, հրապարակային նվաստացման եւ սպանության մասին ապացույցները համապատասխան գնահատականները պատշաճ կերպով ներկայացվում են միջազգային կազմակերպություններին, գործընկեր երկրներին:
«Նման արձագանքը ապացուցում է, որ ԱԳՆ-ն ընդունում է, որ ժամանակին չի դրսեւորել իրեն այնպես, ինչպես հիմա է ներկայանում եւ երկրորդ` ընդունում է, որ ԱԳՆ-ն իր քաղաքացիների առջեւ պատասխանատվության զգացում եւ պատասխանատվություն կրելու գիտակցություն չունի, որովհետեւ թե որտեղ ինչ է ներկայացնում իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կամ իր քաղաքացիների նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ, չպետք է ամաչի ու տեղյակ պահի առաջին հերթին հենց իր քաղաքացիներին»,- Aravot.am-ին ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հետո շարունակեց.« էդ դեպքում կհակադարձեմ` արտաքին գործերի նախարարը ինչու էր հենց այդ օրերին հրապարակայնորեն հայտնում, թե Հայաստանը հետամուտ է Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուն, դրա անհրաժեշտությունն ինչո՞վ էր պայմանավորված: Երբ սահմանային գծում լարվածություն էր, եւ միջազգային կառույցների եւ արտասահմանյան երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպումներն իրականացնում էր ՊՆ նախարարը, իսկ ԱԳ նախարարն անգործ նստած էր: Ինչո՞ւ այդ լարված ժամանակահատվածում նախարարի մտքով հենց Եվրասիական տնտեսական միության թեման անցավ ու որոշեց բարձրաձայնել: Այդ դեպքում հարց` ինչո՞ւ այդ հարցը բարձրաձայնեց, իսկ Կարեն Պետրոսյանի հարցով իրենց աշխատանքների մասին չբարձրաձայնեց` կոնկրետ որ միջազգային կառույցին, որ գործընկեր պետությանն են դիմել եւ ինչ կերպով»:
Պարոն Սաքունցից հետաքրքրվեցինք Կարեն Պետրոսյանի հարցով ինչ պետք է արվեր, որ չարվեց, ասաց. «Նրա գերեւարման հետ կապված հարցը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է բարձրացներ բոլոր այն միջազգային ատյաններում, որոնց անդամ է նաեւ Ադրբեջանը` Եվրախորհուրդ, ՄԱԿ, Կարմիր Խաչ…: Բոլոր ատյաններում հարցն անհապաղ բարձրացներ եւ պահանջեր, որ միջազգային ատյաններն ավելի ակտիվորեն ներգրավված լինեին գերու վերադարձման կամ գերու անվտանգության ապահովման հարցերում: Չեմ ասում, թե արդյոք միջազգային կառույցների ակտիվ ներգրավվածությանը կարո՞ղ էր ազդել կամ կասեցնել Ադրբեջանի իշխանությունների վրա , բայց որ առնվազն նման քայլ պետք է արվեր, դա միանշանակ: Քանի որ ԱԳՆ-ն անգործության էր մատնված այդ լարվածության հետ կապված իր անելիքների առումով, բնականաբար տրամաբանական է, որ չէր տեսնում ՀՀ քաղաքացու գերեւարման հարցի բարձրացման անհրաժեշտությունը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ