«Դաշտադեմ ամրոցի տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության 2014 թ. օգոստոսի 14-ին ընդունված որոշումով պայմաններ ստեղծվեցին Դաշտադեմ ամրոցի 2008 թ. ընդհատված վերականգնողական աշխատանքների վերսկսման, վերականգնման արդյունքում նորովի վերաիմաստավորված պատմական միջավայրի արդյունավետ օգտագործման, զբոսաշրջության կայուն զարգացմանը նպաստող պայմանների ստեղծման, ամրոցի բազայի վրա մշակութային, գիտակրթական, զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոնի հիմնադրման համար:
Ընդունված որոշման համաձայն՝ հուշարձանի վերականգնման աշխատանքները խոչընդոտող անշարժ գույքը ճանաչվում է բացառիկ՝ գերակա հանրային շահ, որի փոխհատուցման համար գույքի սեփականատերերին կվճարվի 27091.15 հազ. ՀՀ դրամ գումար (անշարժ գույքի շուկայական արժեքի հաշվարկն իրականացրել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ): Փոխհատուցման համար նախատեսված գումարից 13 մլն ՀՀ դրամ գումարը վերաբաշխման միջոցով նախարարությունը հատկացնում է իր խնայողություններից, իսկ 14091.15 հազ. ՀՀ դրամ գումարը ՝ ՀՀ կառավարությունը՝ պահուստային ֆոնդից:
ՀՀ Արագածոտնի մարզի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Դաշտադեմի միջնադարյան ամրոցը հանրապետությունում հնարավորինս ամբողջական պահպանված եզակի ամրաշինական համակարգերից է: Ենթադրվում է, որ այն կառուցվել է VII դ. ուրարտական ամրոցի տեղում Կամսարականների օրոք:
Պատմական աղբյուրների և ամրոցի կառուցողական արվեստի ուսումնասիրության արդյունքում հստակ ընդգծվում է, որ ամրոցն ունեցել է շինարարական 3 շրջան (1-ին շրջան՝ VII-XII դդ., 2-րդ շրջան՝ XII-XVIII դդ., 3-րդ շրջան՝ XIX դ. ):
Իր ազգագրական նկարագրով առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում նաև Դաշտադեմ բնակավայրը, որի ներկայիս բնակիչների նախնիները 1918-1920 թթ. այստեղ են գաղթել Արևմտյան Հայաստանից, մասնավորապես` Սասունից, Մուշից, Խնուսից:
Նկատի ունենալով ամրոցի գիտական, պատմաճարտարապետական բացառիկ նշանակությունն ու պահպանվածության վիճակը, բնակավայրի պատմաազգագրական նկարագիրը՝ նախարարությունը 2006 թ. ձեռնարկում է հուշարձանի ուսումնասիրման և վերականգնման, միջնաբերդի տարածքն «օտար» կառույցներից «ազատելու» աշխատանքները: 2006-2008 թթ. հուշարձանի վերականգնման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 287,5 մլն ՀՀ դրամ գումար: Հատկացված գումարով ամբողջությամբ վերականգնվել են ամրոցի տարածքում գտնվող Սբ Սարգիս եկեղեցին (X դ.), ամրոցի գլխավոր մուտքը (XIX դ.), ամրակայվել և մասնակի վերականգնվել միջնաբերդ-դղյակը (VII-XII դդ.), 1-ին և 2-րդ պարսպատերի (XII և XIX դդ.) առանձին հատվածները:
Այդ աշխատանքներին զուգահեռ ՀՀ կառավարության 2006 թ. ապրիլի 27-ի N 526-Ա որոշմամբ հատկացնում է ևս 103.4 ՀՀ դրամ գումար, որից 82.5 մլն ՀՀ դրամով նախարարությունը գնել է ամրոցի տարածքում գտնվող 8 սեփականատերերից 6-ի անշարժ գույքը, որոնք խոչընդոտում էին ամրոցի տարածքի ուսումնասիրման ու առանձին հուշարձան-կառույցների վերականգնման աշխատանքներին: Փոխադարձ համաձայնության չգալու պատճառով 2 անշարժ գույքի ձեռքբերման համար հատկացված 20,9 մլն ՀՀ դրամ գումարը 2006 թ. վերջին վերադարձվել է պետբյուջե:
Ընդհանուր առմամբ 2006-2008 թթ. վերը հիշատակված աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 370 մլն ՀՀ դրամ գումար:
2008-2010 թթ. ընդհատվում են ամրոցի վերականգնողական աշխատանքները: Ընդհատված աշխատանքները վերսկսելու և այն ոչ ՀՀ պետբյուջերի հաշվին իրականացնելու համար նախարարությունը 2012 թ. ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամին է ներկայացնում «Դաշտադեմ ամրոցի և նրա շրջակայքում գտնվող մշակութային ժառանգության, տարածքների ուսումնասիրման, գնահատման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման» համալիր ծրագիրը, որի ամբողջական իրականացման համար, համաձայն մասնագետների կազմած խոշորացված հաշվարկի, անհրաժեշտ է շուրջ 5.5 մլն ԱՄՆ դոլար գումար:
2013 թ. հավանության արժանացած ծրագրից, որպես առաջնահերթ իրականացվելիք աշխատանքներ հիմնադրամին է ներկայացվում միայն Դաշտադեմ ամրոցի ուսումնասիրման, վերականգնման աշխատանքներին նվիրված 500 հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ ծրագրային հայտը, որը ՀՀ մշակույթի նախարարությունը և «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (AMAP) ՀԿ-ն (ծրագրի շահառու) նախատեսում են իրականացնել փուլային սկզբունքով: Մեկնարկային փուլի համար ներկայում հիմնադրամի կողմից հատկացվել է շուրջ 59 հազ. ԱՄՆ դոլար գումար՝ որը կարող է իրացվել միայն առաջին պարսպապատի վրա «նստած» անշարժ գույքի ձեռքբերումից հետո, երբ ամրոցն իր ներքին տարածքով լինի միայն պետական սեփականություն:
Մինչ աշխատանքների մեկնարկը ծրագիրը 2014 թ. մայիս ամսին Դաշտադեմ ամրոցում ներկայացվել է ԱՄՆ-ի դեսպանների մշակութային արժեքների հիմնադրամի ղեկավար դկտ. Մարտին Պերշլերին, ով աշխատանքային այցով գտնվում էր հանրապետությունում և հետաքրքրված էր այս ծրագրով:
Ծրագրի նպատակն է Դաշտադեմ ամրոցի բազայի վրա կազմակերպել Միջնադարյան Հայաստանի ռազմական արվեստին նվիրված մշտական ցուցադրություն և հիմնադրել արգելոց-թանգարան, մոտ ապագայում այն մշակութային, գիտակրթական, զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոնի վերածելու ակնկալիքով: Ինչպես նաև նպաստել ծրագրի ազդեցության գոտում ընդգրկված բնակավայրերի մշակութային բազմազանության պահպանմանը, զբոսաշրջության կայուն զարգացմանը:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն