Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին. «Դա ուղղակի լուրջ չի»

Օգոստոս 14,2014 18:24
Vahagn Khachatryan

«Մի կողմից ասում ենք, որ պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի դեմ, և սա կարող է Ռուսաստանի տնտեսությանը վնասել, բայց մոռանում ենք ասել, որ Ռուսաստանն էլ պատժամիջոցներ է կիրառել այլ երկրների դեմ: Նշանակում է՝ ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել մեր գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար: Խնդրեմ՝ կոմպենսացնենք: Մենք խրախուսելու ենք մարդկանց, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն»,- Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո «Արմնյուզին» տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսպիսի դիտարկում էր արել:

Aravot.am-ը ՀԱԿ-ի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը հիմնավո՞ր է համարում, իսկապե՞ս մեզ ձեռնտու են ՌԴ-ի պատժամիջոցները: Նա պատասխանեց. «Որեւէ մեկը մինչեւ այսօր Հայաստանի Հանրապետությանը չէր արգելում Ռուսաստան արտահանել գյուղատնտեսական ապրանքներ: Հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանն ու Հայաստանն Ազատ առեւտրի գոտում են, հաշվի առնենք, որ ԱՊՀ երկրները արտոնյալ հարաբերություններ ունեն ՌԴ-ի հետ: Այսինքն, մինչ այսօր որեւէ խնդիր չի եղել, եւ չէր էլ կարող առաջանալ»:

Ըստ Վահագն Խաչատրյանի, Ռուսաստանի կողմից խոչընդոտներ չեն եղել՝ Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ չհաշված առանձին դեպքեր, օրինակ, պանրի հետ կապված, մի ժամանակ՝ կարտոֆիլի հետ կապված. «Այնպես որ, ներկայացնել, թե ՌԴ-ի պատժամիջոցները հնարավորություն կտան ավելի շատ գյուղատնտեսական ապրանքներ արտահանել, դա ուղղակի լուրջ չի: Իհարկե, կան տնտեսվարողներ, որ երբ արտերկրում խնդիրներեն առաջանում, դրանից կարողանում են օգտվել: Բայց դա Հայաստանի մասով չի: Հայաստանն  այդպիսի հնարավորություններ չունի, չունի այդքան պոտենցիալ: Չի կարող Հայաստանը ռուսական շուկայում իր ներկայացուցչական դիրքերն ավելի ամրապնդի: Պատճառներից մեկն այն է, որ մենք կանխատեսելի գյուղատնտեսություն չունենք: Միջազգային շուկայում, երբ պայմանագրեր են կնքվում՝ մի քանի օրվա համար չեն կնքում, այլ՝ 8 տարով, 10 տարով: Բայց վերցնենք մեր ծիրանի հետ կապված պատմությունը: Անցյալ տարի այնտեղ արտահանվեց 70 հազար տոննա ծիրան, այս տարի արտահանվեց ընդամենը 7000: Այդպիսի առաջարկով որեւէ միջազգային շուկայում դու տեղ չես կարող ունենալ: Դրա համար նախեւառաջ պետք է քո գյուղատնտեսությունը փոխես, կանխատեսելի դարձնես, որ դա ավելի գրավիչ լինի: Դա երբեւիցե կապված չի, թե ինչքանով է Ռուսաստանը պատժամիջոցներ կիրառում՝ այլ երկրների նկատմամբ եւ սահմանափակումներ մտցնում»:

Մեր հարցին՝ ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցներն ինչպես՞ կազդեն մեր տնտեսության վրա՝ պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Մեր՝ ռուսական շուկայի հետ կապված ինտեգրվածությունը, կախվածությունը շատ մեծ է՝ միակողմանիորեն: Բնականաբար, այդ ամենը կազդի նաեւ մեր վրա: Կարող է լինել ներդրումների ծավալների կրճատում, տրանսֆերտները կրճատվեն: Ես չեմ շտապում պատժամիջոցների ազդեցության հետ կապված վերջնական եզրակացություններ անել, որովհետեւ այդ պատժամիջոցների վերջնական տեսքը  հայտնի չէ, թե ինչ է լինելու: Դրանք փոխվում են, եւ հիմա նույնիսկ Ռուսաստանն ինքն էլ չի պատկերացնում, թե իր վրա ինչպես կազդեն այդ պատժամիջոցները: Այդ պատժամիջոցները մեր տնտեսության վրա կարող են ազդել եւ լավ, եւ վատ կողմերով: Օրինակ, այսօր եվրոպական շուկայում կաթնամթերքի գներն ընկել են, գյուղատնտեսական գներն էլ, թե մենք ինչքանով կարող ենք օգտվել դրանից, որ մեզ մոտ ներմուծվող ապրանքների գները կարող են ընկնել՝ դա կախված է Հայաստան-Եվրոպա տնտեսական հարաբերությունների մակարդակից»:

Վահագն Խաչատրյանն ասաց, որ պատժամիջոցների հետ կապված հիմա կարող են միայն ենթադրություններ անել, բայց պարզ է, որ ցանկացած սահմանափակում ենթադրում է հնարավորությունների նվազում, ուստի դրանից ոչ ոք չի շահելու, չենք շահելու նաեւ մենք:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031