«Կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանի հանձնարարության հիման վրա արված նախագիծ է, որը հետեւեց «Դեմ եմ»-ի բողոքի ակցիաներին. բողոքի ակցիայի մասնակիցները տարադրամներ նետեցին պաշտոնատար մարդկանց ուղղությամբ»,-ասում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ նկատի ունենալով՝ «Հավաքների ազատության մասին» օրենքում կատարված փոփոխությունը:
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացում կատարելու մասին Արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը, և առաջիկայում այն կներկայացվի ԱԺ-ի դատին:
Դրա համաձայն՝ առաջարկվում է գործող օրենքի 30-րդ հոդվածը, որով սահմանվում են հավաքի մասնակիցների պարտականությունները: Այս փոփոխությամբ նախատեսվում է դրանց ավելացնել ևս մեկը, այն է` «ձեռնպահ մնալ այնպիսի դիտավորյալ գործողություններից, որոնք խախտում են այլ անձանց իրավունքները և ազատությունները կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը»:
«Ոչինչ չասող ձեւակերպում է, վերացական ձեւակերպումներ: Առանց այդ ձեւակերպումների էլ, դատարանները բավարար չափով ոստիկանության հայցերը բավարարում են: Սա եւս մեկ անորոշություն է, որ մտցված է օրենքում: Այդ անորոշությանը բավարար չափով արդեն մեկնաբանություններ դատարանները տվել են, որ այն հակասում է Սահմանադրությանը եւ կոնվենցիային»,- ասում է պարոն Զեյնալյանը՝ ավելացնելով, որ օրենքը պաշտոնատար անձանց պաշտպանելու համար է փոփոխվում:
Կարդացեք նաև
Ըստ Արտակ Զեյնալյանի՝ հանրահավաքի մասնակիցները ագրեսիվ չեն. «Նման փոփոխության կարիք չկար: Դրա նպատակն էր խաղաղ հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը: Օրենքի հեղինակները, նրանք, ովքեր Ազգային ժողովում մեծամասնություն են, չեն գիտակցում իրավունքի էությունը, բացարձակ չեն գիտակցում դա»:
Իրավապաշտպանը կարծում է, որ այս երեւույթն անհանգստացնող է. «Որովհետեւ ցանկացած անհեթեթ ձեւակերպում կարող են Ազգային ժողովով անցկացնել: Նույնիսկ Ազգային ժողովի պատգամավորները, չունենալով օրենքի նախագիծը, դրա դեմ չեն ընդվզում: Մեզ առաջին հերթին պետք է լեգիտիմ օրենսդիր իշխանություն»:
Չնայած, որ օրենքի փոփոխությունը սահմանափակում է հանրահավաքների գործողությունները, պարոն Զեյնալյանը կարծում է, որ օրենքի փոփոխությունը որեւէ ազդեցություն չի ունենա մարդկանց հանրահավաքներ անցկացնելու ցանկության վրա, պայքարողները կշարունակեն անցկացնել իրենց հանրահավաքներն ու երթերը՝ առանց ուշադրություն դարձնելու այսպիսի օրենքներին:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ