Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խարդախության համար նախկինում երկու անգամ դատված կինը ազատազրկվեց վեցուկես տարով

Օգոստոս 14,2014 17:26

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացավ Վանաձոր քաղաքի բնակչուհի,1982թ. ծնված Էդիտա Ներկարարյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեությամբ, ուրիշի գույքի խոշոր չափի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. մարտ –ապրիլ ամիսներին Գեղարքունիքի մարզի Դպրաբակ, Տավուշի մարզի Ազատամուտ եւ Աչաջուր գյուղերի մի շարք բնակիչների ներկայանալով որպես բարեգործական կազմակերպության աշխատակից, Վանաձորի «Կարմիր խաչի» գրասենյակի` անապահով ընտանիքներին օգնող անձ, նրանց ցածր գներով սննդամթերք իրացնելու պատրվակով, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով, նրանցից խարդախությամբ հափշտակել է 677 հազար դրամ:

Է. Ներկարարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով»):

Է. Ներկարարյանը դատարանին միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, այդ միջնորդությունը բավարարվել է: Նախկինում խարդախության համար 2 անգամ դատապարտված կինը հայտարարել է, որ անկեղծորեն զղջում է իր արարքների համար: Օգոստոսի 13-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման:

Դատարանը նկատի ունենալով, որ նախորդ դատավճռով Է. Ներկարարյանը դեռեւս չի կրել 5 տարի 3 ամիս ազատազրկման պատիժը, նրան վերջնականապես դատապարտել է 6 տարի 6 ամիս ազատազրկման: Քրեական գործով 8 տուժածները դատական նիստերին չեն մասնակցել: Դատարանի վճռով նրանց քաղաքացիական հայցով դիմելու իրավունք է վերապահվել: Նշենք, որ Է. Ներկարարյանն ամուսնալուծված է, ունի անչափահաս 2 երեխա, որոնցից մեկը հիվանդ է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031