Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Դանիելյան. «Հիմա Սեւանա լճի ջրի մակարդակն իջեցնելը շատ վտանգավոր է»

Օգոստոս 14,2014 17:22

«Ես կտրականապես դեմ եմ դրան»,- Aravot.am-ի հետ զրույցում՝ խոսելով
այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացված որոշման մասին, ըստ որի՝ Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման ներքո գտնվող հողերի ջրամատակարարման նպատակով ջրառն ավելացվելու է 25 մլն խորանարդ մետրով՝ Սեւանա լճի հաշվին, ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Նա մասնակցել էր կառավարության այսօրվա նիստին եւ հարցի վերաբերյալ իր անհանգստությունն էր հայտնել, առաջարկել էր մասնագիտական խումբ ձևավորել և ուսումնասիրել հարցը, որովհետև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված, այս խնդիրն ամեն տարի հրատապ է լինելու: Կառավարության ղեկավարը դեմ չի եղել:

Ըստ բնապահպանի՝ Սեւանա լճի ջուրը պակասեցնելով ջրի որակը կընկնի, լճի մեծ տատանումները նաեւ սեյսմիկ վտանգներ կառաջացնեն:
«Մենք անցած տարի ՄԱԿ-ի աջակցությամբ վերջացրինք Սեւանի ուսումնասիրությունը՝ մեր ինստիտուտների մասնակցությամբ, բնապահպանության նախարարության եւ այլն: Սեւանը առողջացման ճանապարհին է:

Չնայած շատ ենք թերացել, անտառներ մնացին ջրի տակ, աղբ մնաց ջրի տակ, շատ-շատ խնդիրներ առաջացան: Մենք անհանգստանում էինք, որ Սեւանը չի դիմանա, բայց իր ինքնամաքրման գործընթացով, մակարդակը բարձրացնելով, նկատեցինք, որ լիճը սկսեց առողջանալ: Հիմա ջրի մակարդակն իջեցնելը շատ վտանգավոր է, իսկ եթե տարիներն ենք համեմատում՝ այս տարվա այս ամիսը անցյալ տարվա նույն ամսի հետ, նկատում ենք, որ մենք ունենք 10 սմ: Սա աննախադեպ երեւույթ է:

Դրա համար ես կտրականապես դեմ եմ, եւ շատ մասնագետներ: Հիմա իհարկե խնդիր է, որ ոռոգման ջուր չունենք: Բայց ավելի խնդիրներ կառաջանան»,- ասում է տիկին Դանիելյանը, պատմում, որ այսօր վարչապետի հետ անձամբ է խոսել,- մտա վարչապետի մոտ, ինքն ասաց ինձ՝ խնդրեմ, անկախ փորձագետների ցուցակ տուր, կազմակերպենք, թող քննարկեն, առաջարկություն տան:

Հիմա հենց այդ քննարկումների մեջ ենք: Տեսնենք, իրոք ինչպե՞ս կարելի է անել: Որովհետեւ իսկապես ջրային ռեսուրսները իրար հետ կապված են. Արարատյան դաշտավայրի արտեզյանը իջեցնում ենք, Սեւանին ենք խփում, Սեւանն ենք իջեցնում, Արարատյան դաշտավայրի արտեզյանին ենք խփում, բոլորն իրար հետ կապված են»:

Տիկին Դանիելյանը հասկանում է, որ գյուղացիները խնդիր ունեն, չեն կարողանում վճարել ոռոջման ջրի համար, կարծում է, որ պետք է տնտեսական մեխանիզմներ մշակվեն խնդիրը լուծելու համար:

«Այստեղ էլ պետք է ուսումնասիրել հարցը, եւ միանգամից Սեւանով ծածկելով Արարատյան արտեզյան ավազանը կրկնակի կորուստներ կունենանք: Հիմա այս տարի արդեն դժվար կարողանանք ինչ -որ բան փոխել, բայց մեզ մյուս տարիներն են սպասում: Գոնե մենք կարողանանք մյուս տարիների համար համալիր առաջարկություններ անել»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031