Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ցանկությունն այս տարի էլ չի իրականանա

Օգոստոս 14,2014 17:19

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` տարիներ առաջ կատարած «ցանկություն»-հրահանգը, կարծես թե հիմա կիրականանա: Դեռ 2008 թվականին Սերժ Սարգսյանը «Արմէքսպո-2008» ամենամյա ցուցահանդեսի բացման ժամանակ ասել էր, որ հայկական արտադրության այծի պանիրը պետք է բրենդ դարձնել եւ արտահանել: Հիմա, երբ ռուսական շուկայում եվրոպական, ամերիկյան կանադական, նորվեգական եւ ավստրալիական մի շարք ապրանքատեսակների իրացումն արգելված է, հայկական արտադրողների համար հնարավորություն է ընձեռվում շուկան գրավել, այդ թվում նաեւ նախագահի` այծի պանրի մասին ցանկությունն իրականացնել:

Aravot.am-ը «Պանիր արտադրող իրավաբանական անձանց միության» ղեկավար Արմեն Գիգոյանից հետաքրքրվեց` ի՞նչ կտա ռուսական էմբարգոն հայկական արտադրողներին, արդյոք նոր շուկայի հնարավորություն է ընձեռվում:

Պարոն Գիգոյանն ասաց, որ ռուսական արգելքն առաջին հայացքից գայթակղիչ է, սակայն պետք է զգուշավոր լինել:

Իսկ այծի պանիրը բրենդ դարձնելը կամ ռուսական շուկայում ավելի շատ ծավալներով իրացնելն անհավանական է: Մասնագետի խոսքերով` այսօր Հայաստանում այծի պանրի ներուժը, լավագույն դեպքում ընդամենը 60 տոննա է, եւ նման ծավալների դեպքում խոսել բրենդի կամ, առավել եւս ռուսական շուկան գրավելու մասին, իրատեսական չէ: Բացի այս, ռուսների քիմքին ավելի շատ ոչխարի պանիրն է գրավիչ, քան`այծինը:

Ինչ վերաբերում է այլ երկրների նկատմամբ ռուսական էմբարգոյին, ապա ըստ Գիգոյանի, շատերը սկզբում ոգեւորվեցին, մարդիկ կան բանակցությունների մեջ են պանիր արտադրողների հետ, որ ուզում են ապրանք տանեն Ռուսաստան, բայց գայթակղվել պետք չէ:

«Մեր միությունը զգուշորեն է մոտենում: Տեսեք, Հայաստանում արտադրվող պանրի ավելցուկն ընդամենը 2-3 հազար տոննա է, տարեկան արտադրվում է
20 հազար տոննա: Կաթի արտադրությունը Հայաստանում կարգավորված չէ, վերամշակումը զարգացում ունեցել է, բայց բուն արտադրությունը հետ է մնացել, այսինքն, սա դեռ խնդիր է»,-ասաց Արմեն Գիգոյանը:

Ըստ Գիգոյանի, միգուցե, ներկայումս ռուսական շուկան հետաքրքիր է, սակայն, չի բացառվում Հայաստանում պանրի դեֆիցիտ լինի: Այսինքն, երբ տեղական արտադրողներն ավելի շահավետ գներով ապրանքը վաճառեն արտահանողներին, որոնք հիմա արդեն սկսել են այդ ուղղությամբ աշխատել, ապա մեր շուկայում պանրի զգալի պակաս կլինի: Գիգոյանի խոսքերով` «Ես տեղեկություններ ունեմ, որ Ռուսաստանում պանիրն արդեն 2 անգամ թանկացել է, սա նշանակում է, որ արտահանման համար գայթակղիչ գին է: Եթե սկսվի մեծածավալ արտահանումը, դա այն առողջ արտահանումը չի լինի, որը մենք ուզում ենք, դա ժամանակավոր բնույթ է կրելու, որովհետեւ հնարավոր է մեկ տարի հետո, կամ ավելի շուտ վիճակը կարգավորվի ու էլի եվրոպական արտադրողների համար շուկան բացվի»:

Եթե հիմա իրավիճակից օգտվելով Հայաստանում պանրագործության ոլորտում ներդրումներն ավելանան, ապա դա էլ արտադրողների համար շատ ռիսկային է, քանի որ, ինչպես նկատեց Գիգոյանը, չի բացառվում, որ քաղաքական նպատակներով նույն Ռուսաստանը մի օր էլ արգելի հայկական պանիրը. «Պատկերացրեք մի օր մեր հարգարժան նախագահի ու Ռուսաստանի նախագահի հարաբերությունները վատանում են, ու ինչպես միշտ, քաղաքական նպատակներով սննդի անվտանգություն ապահովելու պատրվակով, հայկական պանրի ներմուծումն ու վաճառքն արգելում է, թեկուզ մի քանի ամսով, ու նախապես նախատեսված ծավալների իրացման խնդիր է առաջանում, դա կատաստրոֆա կլինի: Այո, Ռուսաստանի շուկան ծավալի իմաստով հետաքրքիր է, բայց որպես շուկայագետ ասեմ` բավականին ռիսկային է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031