Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկյանի գործով ամբաստանյալը միլիարդների օգո՞ւտ է տվել պետբյուջեին

Օգոստոս 14,2014 16:57

«Բարեխիղճ աշխատանքիս շնորհիվ մեծ գումարներ եմ խնայել բյուջեի համար: Պետբյուջեին յոթ միլիարդ դրամի ավելացումն իմ մասնակցությամբ է եղել, ինչը քննիչները նկատել չեն ցանկանում»,-Վազգեն Խաչիկյանի եւ 12 ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում իր ցուցմունքում նշեց գործով ամբաստանյալ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի նախկին պետ Վահագն Խաչատրյանը:

Նշենք, որ ամբաստանյալ Վահագն Խաչատրյանի պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալին ևս մեկ անգամ հարցաքննել, ինչը դատարանը բավարարեց: Վահագն Խաչատրյանն իր ցուցմունքում նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ ինքն ընդամենը կատարել է իր աշխատանքային պարտականությունները, իր վերադասի` Վազգեն Խաչիկյանի կողմից առաջ քաշված՝ գրավոր կամ բանավոր կարգադրությունները ու շարունակեց. «Տեսնելով, թե իմ վերադասն ինչպես ներկայացավ, ցանկություն հայտնեցի ցուցմունք տալ: Նախ ասեմ, որ ինձ ներկայացված տեղեկատվության մեջ ես չէի կարող տեսնել դեպոնենտներում ինչ թվեր են առկա, քանի որ դրանք մեծ մասամբ զրոյացված էին»:

Փաստաբան Հովիկ Արսենյանի հարցին, թե ծածկագիրը տրամադրելու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրվեին, ամբաստանյալը պատասխանեց, որ իր համար կարևոր էր այն, որ լիներ կենսաթոշակային վարչության եզրակացությունը, որը մակագրված էր վերադաս մարմնի կողմից:

Ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպանը` Լիպարիտ Սիմոնյանը, ներկայացրեց Աշոտ Աբրահամյանին՝ ՀՀ նախագահի ու վարչապետի կողմից տրված շնորհակալագրերը՝ ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու համար:

Այնուհետև դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ քննարկելու Լիպարիտ Սիմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը Աշոտ Աբրահամյանի հիվանդությունների մասին, այն մասին, արդյոք Աշոտ Աբրահամյանն այդ հիվանդությունների պայմաններում կարո՞ղ է մնալ կալանավայրում, թե՝ ոչ:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը որոշեց մերժել միջնորդությունը: Դատական նիստը հետաձգվեց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031