«Կարեն Պետրոսյանն առողջապես լավ է եղել, երբ որ սահմանը հատեց ու անցավ»,- այսօր` օգոստոսի 14-ին, «Արմատ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Զարինե Հակոբյանը:
Նա նշեց, որ խոշտանգումների եւ բարբարոս վերաբերմունքից հետո մարդ կարող է մահանալ, եւ ըստ նրա` աճյունի փոխանակումը հետաձգվում է հենց այդ, կատարված բարբարոսությունների պատճառով.
«Ադրբեջանցիները միշտ այդպես են եղել. Իրենց թվացել է, որ խելոք են, բայց բնականաբար, պարզ է, որ կերկարաձգեն մինչեւ սպիները մի փոքր կարգավորեն, բայց միեւնույնն է փորձագետները կպարզեն, թե խնդիրն ինչո՞ւմ է կայանում»:
Տիկին Հակոբյանի կարծիքով` ադրբեջանցիները միշտ խուսափել են բանակցություններից, եւ միշտ էլ պայմանավորվել են, որ կգան բանակցության.
Կարդացեք նաև
«Այս պահին էլ ձգձգում են` ոչ միայն Կարեն Պետրոսյանի վերաբերյալ, այլ մնացած աճյունների վերաբերյալ: Բայց կարող եմ հակառակն ասել մեր ազգի, կազմակերպությունների մասին, որոնք զբաղվում են այդ փոխանակումներով. Միշտ էլ մենք պատրաստ ենք եղել, եւ միշտ էլ մենք այդ բանակցություններին ակտիվ ենք մասնակցել, եւ միշտ էլ այդ փոխանակումները կատարել ենք»:
Նա հայտարարեց, որ բոլորին հստակ հայտնի էր, որ Կարեն Պետրոսյանը գերի է ընկել, այդ թվում նաեւ Կարմիր խաչը, եւ համարում է, որ Կարմիր խաչն այս դեպքում պետք է ակտիվ գործեր եւ գոնե կենդանի վերադարձներ այդ գերուն.
«Եթե 90-ական թվականներից Ադրբեջանն ունի գերի եւ կարող է հրաժարվել, բայց սա փաստ էր, որ բոլորս էինք տեսել: Թո’ղ ինձ Միջազգային Կարմիր խաչի ղեկավարությունը ների, ես, իհարկե’, պասիվություն եմ տեսնում, իրավունք չունեմ ասելու, որ ես գոհ չեմ, բայց եթե իմ տեսանկյունն եք հարցնում, այո’ ես գոհ չեմ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ