Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաչիկյանի գործով ամբաստանյալ. «Երկու տարի ինչի՞ համար եմ բերդում նստած, քննիչը ոնց թելադրել ա, գրել եմ»

Օգոստոս 14,2014 15:52

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շարունակվում է Վազգեն Խաչիկյանի եւ 12 ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Վազգեն Խաչիկյանը հրաժարվեց ցուցմունք տալ, ու հայտարարեց, թե հետո կասի՝ մեղավոր է, թե՝ ոչ: Դատարանում ընթերցվեց Խաչիկյանի նախաքննական ցուցմունքը, որը դժվարընթեռնելի էր. ձեռագիրը չէր հասկացվում, նախագահող դատավորն էլ նշեց, թե առանձնապես ցուցմունք չի էլ տվել:

Պաշտպան Աննա Ջուվանովան միջնորդությամբ հանդես եկավ, որ իր պաշտպանյալներ Բագրատ Մուրադյանն ու Արմեն Խաչատրյանը ցուցմունք տան:

Ամբաստանյալ Բագրատ Մուրադյանը նշեց, որ ամբաստանյալ Վիգեն Գևորգյանին երբեք չի ճանաչել: Այնուհետև ասաց. «Նախաքննական ցուցմունք տալիս գրել եմ այն, ինչ ինձ խնդրել է բաջանաղս` Վիգենը (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի նախկին պետ,-Տ.Հ.)` մտածելով, որ կօգնի նրան, սակայն արդյունքում երկուսս էլ հայտնվել ենք կալանավայրում: Չեմ հասկանում` երկու տարի ինչի՞ համար եմ բերդում նստած: Ես ոչ կենսաթոշակառուի եմ ճանաչում, ոչ էլ ինչ-որ մեկին:

Ներկայացված ոչ մի գործողությունները, որոնք ինձ են վերագրված, ես չեմ արել: Մեկ անգամ միայն վճարման ծառայությունից գնացել, գումար եմ վերցրել ու վերջ: Ոչ մի տեղից, ոչ մի գումար իմ գրպանը չի գնացել ու չեմ հասկանում, թե ինչու եմ երկու տարի նստած: Duduk ֆայլի ցուցակում ոչ մի կենսաթոշակառու ինձ ծանոթ չէ: Ես զուտ Վահագին օգնելու համար եմ գրել, քննիչը ոնց թելադրել է, այդպես էլ գրել եմ: Ես չեմ իմացել՝ ինչ գումար է եղել, ինչի համար է եղել: Նախաքննական իմ ցուցմունքում գրված է, թե մի քանի անգամ գնացել եմ վճարման ծառայություն, բայց եթե մի քանի անգամ գնացած լինեի, Վիգենին կճանաչեի»:

Ամբաստանյալ Արմեն Խաչատրյանը՝ Վահագ Խաչատրյանի քրոջ ամուսինը, ցուցմունքում նշեց, որ իր նախաքննական ցուցմունքը ինքը տվել է հոգեբանական ճնշման ազդեցության տակ, իրենք թուղթ չեն էլ ուղարկել, գնացել է ցուցմունք տալու Վահագ Խաչատրյանի խնդրանքով:

Ամբաստանյալ Վիգեն Գևորգյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց քննության առնել այն հանգամանքը, որ իր պաշտպանյալը դատաքննական ցուցմունքում նշել էր, որ իրեն մեղադրանք է առաջադրվել այն ժամանակաշրջանի մասով, երբ ինքը հանրապետությունում չի եղել: Ուստի պաշտպանը միջնորդեց ՔԿՀ պետի թույլտվությամբ դատարանին ներկայացնել Գևորգյանի անձնագիրը և ստուգել այդ հանգամանքը:

Նշենք նաև, որ նախագահող դատավորը տեղեկացրեց, որ հայտնի duduk ֆայլում Արմենի և Բագրատի անուններն են նշված, որոնց դիմաց մի շարք թոշակառուների անուններ են գրանցված: Արմեն Խաչատրյանը, սակայն, կասկածեց, թե այդ Արմենը ինքը կարող է լինել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031