Լրահոս
Օրվա լրահոսը

Կալիումի պերմանգանատի ու քացախի մեջ մշակած հավի մսով չեն հասցրել կերակրել երեխաներին

Օգոստոս 14,2014 15:44

Երեկ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Էդվարդ Մխիթարյանը ոչ պիտանի հավի միս է մատակարարել Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին: Ընդ որում, այդ ոչ պիտանի, անհայտ ծագում ունեցող հավի միսը քացախի, կալիումի պերմանգանատի եւ այլ քիմիական նյութերի միջոցով մշակվել է, հետո փաթեթավորվել ու առաքվել իրացման շուկա:

Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ դա եղել է առաջին մատակարարումը, մանկապարտեզներին իրացրած հավի միսը երեխաներին որպես սնունդ չի տրվել. «Դեռ չեփած, այսինքն դեռ հում վիճակում մանկապարտեզներից մեկի տնօրենը նկատել է, որ ինչ-որ բան այն չէ այդ մսի հետ, ու ահազանգել է թաղապետարան, որից հետո կանխվել է մսի մատակարարումը»:

Նշենք, որ մանկապարտեզներն, ըստ օրենքի, պետական գնումների միջոցով են ձեռք բերում սնունդ եւ այլ ապրանքներ, եւ, ինչպես օրենքն է ենթադրում, վերը նշված ընկերությունն ամենացածր գինն է առաջարկել ու հաղթել մրցույթում:

Նշենք, որ ոչ պիտանի մսի իրացմամբ զբաղվողներին ոստիկանությունը բերման է ենթարկել, ընթանում է հետաքննություն:

Aravot.am-ը մի քանի ժամ է փորձում է կապ հաստատել մանկապարտեզների ղեկավարների հետ, սակայն այս երեք մանկապարտեզից էլ մեզ վստահեցրին, որ ղեկավարները տեղում չեն, նրանց թաղապետարան են հրավիրել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. Երեւանի քաղաքապետարանը այս առնչությամբ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.  «Էդվարդ Մխիթարյան» ԱՁ-ի կողմից մայրաքաղաքի 3 մանկապարտեզների անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նշված անհատ ձեռներեցի հետ, որպես մատակարարի, պայմանագիրը կնքվել է ս.թ. հուլիսի 10-ին: Վերջինիս կողմից առաջին մատակարարումը եղել է 2014թ. օգոստոսի 12-ին: Հարկ է նշել, որ իրականացված մատակարարմանը հաջորդած 20 րոպեների ընթացքում վերոնշյալ 3 մանկապարտեզներ են այցելել իրավապահ մարմինների աշխատակիցներ և կապարակնքել են սառցախցերում տեղավորված տվյալ ապրանքն ամբողջությամբ: Ավելորդ չենք համարում շեշտել, որ տվյալ ապրանքը որևէ մանկապարտեզում չի օգտագործվել:

Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն իսկ քայլեր են ձեռնարկվել նշված մատակարարի հետ պայմանագրի լուծարման, պայմանագրով նախատեսված պատժամիջոցների կիրառման, ինչպես նաև վերջինիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (սև ցուցակ) ներառելու ուղղությամբ:

Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի վերահսկողության, հանրակրթության վարչությունների, վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների կողմից մանկապարտեզներում սննդի անվտանգությունն ապահովելու նպատակով պարբերաբար իրականացվում են անակնկալ ստուգումներ, ընտրանքային կարգով որոշակի սննդամթերքներից նմուշառումներ են կատարվում, որոնք ուղարկվում են նաև լաբորատոր փորձաքննության»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031