Եղվարդի Օրհուս կենտրոնում մեկնարկեց «Բնության մոռացված արահետներ» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանման կարևորության շուրջ տեղեկացվածության մակարդակը և նպաստել Կոտայքի մարզի բնության հուշարձանների ցանկի համալրման աշխատանքներին: Ծրագրին մասնակցում են երիտասարդներ ոչ միայն Կոտայքի մարզից, այլև Երևանից և այլ մարզերից: Այն իր մեջ ներառում է երկօրյա սեմինար և արշավներ դեպի Բուժական, Աղվերան, Հանքավան, Գառնի, Աղավնաձոր:
Հունիսի 3-ին և 4-ին տեղի ունեցավ ծրագրի երկօրյա սեմինարը, որտեղ փորձագետը ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնակիցներին ներկայացրեց ՀՀ մարզերի, մասնավորապես` Բուժական, Աղվերան, Հանքավան, Գառնի, Աղավնաձոր համայնքների կենսաբազմազանության պահպանումը` որպես գյուղական համայնքի առաջընթացի և էկոտուրիզմի զարգացման գրավական: Երիտասարդները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու լուսանկարչության հմտություններին: Երկօրյա սեմինարին հաջորդեցին արշավներ դեպի Գառնի, Աղավնաձոր, Աղվերան, Բուժական և Հանքավան` բացահայտելու բնության նոր հուշարձաններ, տեսարժան վայրեր: Արշավների ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան գործնականում կիրառելու ճիշտ և գեղեցիկ լուսանկարներ ստանալու վերաբերյալ տրված տեսական գիտելիքները:
Համայնքների գեղեցիկ և տեսարժան վայրերը լուսանկարելու և տեղեկատվություն հավաքագրելու միջոցով, երիտասարդները ներկայացրին կենսաբազմազանությունը, որպես գյուղի զարգացան խթան: Ծրագրի ավարտին հավաքագրված տեղեկությունների հիման վրա տպագրվեց բրոշյուր, առավել նշանակալի բնության հուշարձանների և տեսարժան վայրերի վերաբերյալ, որն էլ տարածվեց Կոտայքի մարզի մի շարք համայնքներում:
«Բնության մոռացված արահետներ» ծրագիրն իրականացնում է «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպության Եղվարդի բնապահպանական տեղեկատվության հասարակական Օրհուս կենտրոնը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ համատեղ: Ծրագրին աջակցում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` ՀՀ նախագահի կողմից տրամադրվող դրամաշնորհի շրջանակում:
Կարդացեք նաև
Մամուլի հաղորդագրություն