Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եզդիները միջազգային կազմակերպություններից խնդրում են զինել իրենց, ոչ թե Իրաքի ղեկավարությանը (Տեսանյութ)

Օգոստոս 14,2014 14:35

Այսօր ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ցույցի հավաքված եզդիները կոչ էին անում հայ հասարակությանը եւ ողջ աշխարհին՝ ձայն բարձրացնել ընդդեմ Հյուսիսային Իրաքում մի քանի շաբաթ շարունակվող ոճրագործությունների: Հիշեցնենք, որ իսլամիստական ISIS կազմակերպությունը, Իսլամական խալիֆաթ ստեղծելու նպատակով, Հյուսիսային Իրաքն «ազատում է» այնտեղ բնակվող եզդիներից, ասորիներից, քրիստոնյա արաբներից եւ անգամ շիա մահմեդականներից: Ծայրահեղ իսլամիստներն այդ տարածքները զավթում են՝ կոտորելով ու արտաքսելով բնակչությանը: Բազմաթիվ են սպանվածները՝ այդ թվում երեխաներ, կանայք, ծերունիներ, հարյուր հազարավոր տեղահանվածներ ապաստան են փնտրում այլ երկրներում: Մարդիկ մահանում են նաեւ սովից եւ համաճարակից, մարդիկ անգամ խմելու ջուր չունեն:

Ինչպես ասաց «Միդիա-Շանգալ» կազմակերպության ղեկավար Ամո Շարոյանը, իրենք այսօր միջազգային կազմակերպություններին դիմում են մի նպատակով՝ զինել ոչ թե Իրաքի կառավարությանը, այլ ինքնապաշտպանվող եզդի բնակչությանը. «Իրաքում մեր եզդի ժողովրդի գործողությունները՝ ինչպես ռազմական, այնպես էլ՝ քաղաքական եւ քաղաքացիական, կարգավորում է մեր հոգեւոր առաջնորդի որդին՝ Ազըմ բեկը:

Երեկ ես նրա հետ խոսեցի, եւ նա ասաց՝ եթե դուք գնալու եք միջազգային կազմակերպությունների մոտ, ապա մի պահանջ առաջ քաշեք. Ֆրանսիայի, ԱՄՆ կառավարությունները օգնում են Իրաքի Հանրապետությանը, զենքը տալիս են նրանց միջոցով, մենք ուզում ենք խնդրենք ԱՄՆ-ին, որ զենքը անմիջապես տրվի եզդի ժողովրդի ղեկավարներին: Արդեն իսկ բարեբախտաբար եզդիները Իրաքի տարածքում ունեն երեք մեծաթիվ ռազմական ջոկատներ՝ Շեյխ Շամոյի, Շեյխ Շաշոյի եւ Դիր Ավդոյի ղեկավարությամբ:

Այդ ջոկատները երեք օր առաջ հետ շպրտեցին իսլամիստներին մեր երկու կարեւորագույն սրբատեղիներից: Իսլամիստներն ուզում էին գրավել մեր այդ սրբատեղիները, եւ փառք Աստծո, մեր զինված ջոկատները կարողացան ազատել դրանք, մոտ 100 կմ հեռացրել են նրանց»:

Պարոն Շարոյանը նաեւ պատմեց մի դրվագ, որը, իր խոսքերով, ցույց է տալիս եզդի ժողովրդի բարքերի մաքրությունն ու անաղարտությունը. «Իսլամական կազմակերպությունում ընդունված է, որ ուրիշ հավատ ունեցողին սպանողը գնում է դրախտ: Մենք մի քանի օր առաջ կադրերից մեկում տեսանք, թե ինչպես է եզդի մայրը իր երեք որդիներին ճանապարհ դնում ռազմաճակատ: Էդ պահին որդիներն ասացին՝ մայր, մենք գնում ենք ոչնչացնենք նրանց, մայրը թեքվեց, Աստված կանչեց, ասաց՝ թող ոչ մի մայր իր զավակի կորուստը չտեսնի: Դա ինքնըստինքյան ցույց է տալիս մեր եզդիների բարքերի անաղարտությունը, մաքրությունը, մենք այդ ժողովուրդն ենք, մենք Աստծո ժողովուրդն ենք, Աստված մեզ օգնական է»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031