Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալ. «Ես Խաչիկյանի հանձնարարությամբ եմ դա արել, վախենում էի ինձ ազատեին աշխատանքից»

Օգոստոս 14,2014 14:27

«Ես չեմ գիտակցել, որ տեղի են ունենում մասսայական հափշտակություններ, և իմ՝ այդ խմբի անդամ լինելու մասին: Ես պարտավոր եմ եղել վճարել վճարման ցուցակում նշված գումարները: Եղել են դեպքեր, երբ դեպոնենտ գումարը վճարել եմ կենսաթոշակառուների բարեկամներին, ես շատ դեպքերում չեմ ճանաչել նրանց, իմ ղեկավարությունն է հրահանգել վճարել նրանց, կենսաթոշակառուների կամքով»- Վազգեն Խաչիկյանի եւ 12 ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ամբաստանյալ Վիգեն Գևորգյանը:

Այնուհետև շարունակեց. «Իմ պահանջով ցուցակներում նշել եմ կենսաթոշակ ստացող մարդկանց անձը հաստատող փաստաթղթերի տվյալները: Եթե գիտակցեի, որ հափշտակություններ էին տեղի ունենում, երբեք այդ տվյալները չէի գրի: Ինձ առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, որոշ դեպքերում վճարումների ժամանակահատվածում ես Հայաստանում չեմ էլ եղել: Ինձ հասկանալի էր, որ առանց լիազորագրի որևէ թոշակառուի բարեկամի իրավունք չունեի վճարել, բայց ես դա արել եմ Խաչիկյանի հանձնարարությամբ»:

Մեղադրող կողմի միջնորդությամբ հրապարակվեց Վիգեն Գևորգյանի նախաքննական ցուցմունքը: Նա գրել էր, որ ինչ վճարումներ էլ կատարել է կենսաթոշակառուների բարեկամներին, կատարել է Խաչիկյանի՝ ղեկավարության հանձնարարությամբ. «Արթուր Սուքիասյանը, երբ գալիս ինձնից ինչ-որ թոշակառուների գումարներ էր ստանում, դրանց կեսը թողնում էր ինձ մոտ: Դրանից տեղյակ էր ղեկավարությունը, ես այդ գումարները թողնում էի Հ. Գրիգորյանի մոտ: Միայն ամսվա վերջին Գրիգորյանն ինձ մոտ թողնում էր 10-40.000 դրամ: Դա կատարվել է շուրջ վեց ամիս»:

Khachikyan 4Նշենք, որ մեղադրող կողմը պնդում է, որ Արթուր Սուքիասյանը ստացել է հանգուցյալ մարդկանց կենսաթոշակներ:

Վիգեն Գևորգյանն իր նախաքննական ցուցմունքում շեշտում էր այն միտքը, թե ինքը թոշակառուների բարեկամներին առանց որևէ լիազորագրի թոշակներ է վճարել, քանի որ դա եղել է Խաչիկյանի՝ իր ղեկավարության գիտությամբ. «Իրավունք չունեի սահմանված կարգի խախտմամբ կենսաթոշակի գումար վճարել, բայց դա արել եմ Խաչիկյանի հանձնարարությամբ, քանի որ հնարավոր է՝ չկատարելու դեպքում ինձ ազատեին աշխատանքից»:

Նշենք, որ նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո Վիգեն Գևորգյանը հայտարարեց, թե հրաժարվում է իր տված նախկին ցուցմունքներից և խնդրեց հիմք ընդունել դատաքննական ցուցմունքները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031