Այս պահին հարյուրավոր եզդի քաղաքացիներ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են անում՝ վարչապետից պահանջելով իջնել եւ լսել իրենց։ Նրանք՝ վեր պահած Իրաքում զոհված եզդի երեխաների եւ մեծահասակների սարսափազդու լուսանկարները, Հայաստանի իշխանություններին կոչ են անում միջազգային ատյաններում հանդես գալ հայտարարություններով՝ ի պաշտպանություն եզդի ժողովրդի։
«Մենք մասնակցել ենք Ղարաբաղի պատերազմին, զոհվել ենք, այսքան տարիներ հայերի հետ կիսում ենք նրանց դժվարությունները, սակայն եզդիների համար այս կարեւոր պահին Հայաստանի իշխանությունները մեզ արհամարհում են»,- ասում էին կառավարության շենքի մոտ հավաքված եզդիները։ Մոտ կես ժամ է՝ նրանք կառավարության շենքի առաջ բղավում են «Վարչապե՛տ, իջի»: Կառավարությունից նրանց բողոքին արձագանքեց կառավարության նամակների բաժնի աշխատակից Հայկ Սիմոնյանը, որն էլ հայտնեց, որ եզդիների նամակը կփոխանցի վարչապետին։ Կառավարության ներկայացուցչի պատասխանը չգոհացրեց ակցիայի մասնակիցներին, որոնք կրկին պահանջում էին, որ վարչապետն իջնի եւ խոսի իրենց հետ։
Վարչապետը որոշեց հավաքվածներից ներկայացուցիչներ ընդունել եւ լսել նրանց։
Այս պահին ցույցի մասնակիցները սպասում են վարչապետի ընդունելությանը։ Ոստիկանները կառավարության շենքի առաջ պատ կազմած չեն թողնում, որ ցուցարարներից որեւէ մեկը մոտենա շենքին։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ