Օրերս, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի (USAID) տնօրեն Քարեն Հիլիարդին, տնտեսական աճի գրասենյակի փոխտնօրեն Ջեֆ Փարետչանին և գրասենյակի ծրագրային մասնագետ Դիանա Ավետյանին:
Հանդիպման ընթացքում Ք. Հիլիարդը ներկայացրել է Հայաստանում իրենց կատարած աշխատանքները, նշել, որ հիմնականում աշխատում են տնտեսական զարգացման ուղղությամբ, որը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, հավելելով, որ նախանշել են նաև հեռանկարային զարգացման ներուժ ունեցող ևս երկու ոլորտ՝ գյուղատնտեսություն և զբոսաշրջություն: Այնուհետ, գրասենյակի ղեկավարը տեղեկացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան հաստատության հետ փոխըմբռնման հուշագրի կնքման մասին, հայտնելով, որ մշակում են համապարփակ հայեցակարգային փաստաթուղթ հետագա համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար, որը կներառի գրեթե բոլոր ոլորտները:
Միևնույն ժամանակ հյուրերը ներկայացրել են Սմիթսոնյան ծրագրի հետ կապված մանրամասներ, որոնք ընդգրկում են ենթակառուցվածքների զարգացման, մշակութային ժառանգության պահպանության, նոր զբոսաշրջային արտադրանքի ձևավորման և այլ ոլորտներ: Անդրադարձ է կատարվել նաև յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ում կազմակերպվող ֆոլկլորային փառատոնին, որը մեծ ազդեցություն է ունենում զբոսաշրջիկների հոսքի մեծացման վրա: Քարեն Հիլիարդ նշել է, որ բավականին մեծ հավանականություն կա, որ առաջիկա տարիներին նշված փառատոնի թեմատիկա ընտրվի Հայաստանը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և առաջարկել ներկայացված ծրագիրը քննարկել առավել լայն լսարանով: Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից մշակվել են մի շարք ռազմավարական ծրագրեր, ինչպիսին է Երևան-Մեղրի զբոսաշրջային զարգացման հեռանկարային ծրագիրը, որն ընդգրկում է 3 մարզերի (ՀՀ Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր) գրեթե բոլոր բաղադրիչները, սկսած երթուղու ճանապարհներին առկա հուշարձաններից վերջացրած ենթակառուցվածքների զարգացումը: Այդ ծրագիրը ներկայացվել է մի շարք դոնոր կազմակերպությունների, ինչպիսին է Համաշխարհային բանկը և անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել Սմիթոսոնյան ծրագրի նախապատրաստման և իրականացման փուլերում: ՀՀ մշակույթի նախարարն անդրադարձ է կատարել ՀՀ մշակույթի նախարարության և ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հետ հաջող համագործակցությանը:
Կարդացեք նաև
Հիշատակվել է Դաշտադեմ ամրոցի և նրա շրջակայքում գտնվող մշակութային ժառանգության, տարածքների ուսումնասիրման, գնահատման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման (1-ին փուլ) ծրագիրը, որի իրականացումը համաֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից: Նախարարի կողմից կարևորվել է նաև ծրագրի գնահատումը և առաջարկել է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի առաջացած հարցերի լուծմամբ և տեղեկատվության փոխանակմամբ:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են առավել հաճախակի հանդիպել՝ իրականացված աշխատանքների արդյունքներն ամփոփելու և ծրագրելու հետագա անելիքները:
ՀՀ մշակույթի նախարարություն