Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմից պետք է վախենալ, բայց պետք չէ հրաժարվել հաղթանակներից»

Օգոստոս 14,2014 16:15

Ասում է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:

– Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե իրենց հրթիռները ուղղված են Հայաստանի վրա եւ պատրաստ են հրամանի դեպքում հողին հավասարեցնել անգամ Երեւանը: Հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ եւ կարող ենք «շատ կարճ ժամանակահատվածում ցանկացած ծաղկուն բնակավայր վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են»: Փոխադարձ նման սպառնալիքները դարձյալ ո՞ւր կարող են հասցնել մեր երկրները, թե՞ արդեն իսկ հասցրել են:

– Կարող են հասցնել այդ սպառնալիքների իրականացմանը: Կարծում եմ՝ այսօր մեր պետությունների ղեկավարները պետք է ոչ թե սպառնալիքներով խոսեն իրար հետ, այլ լուծումների լեզվով, որովհետեւ այդ սպառնալիքները թե մեզ, թե Ադրբեջանին ոչ մի տեղ չեն տանում: Եվ հստակ է՝ 1994 թվականի խաղաղությանը երբ որ մենք հասանք, պարզ դարձավ, որ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում այլեւս չունի, ու պետք է փոխզիջումների ճանապարհով հասնել քաղաքական լուծման: Ըստ էության, ռազմական ճանապարհով մենք հասել ենք խաղաղության: Դրանից այն կողմ միայն պատերազմի շեմն է, որից պետք է հնարավորինս հեռու մնալ:

– Մինչ Սոչիի հանդիպումը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էր հայտարարել, թե այս հակամարտությունը դադարում է սառեցված լինել, եւ հակամարտությունների գծով փորձագետ Սաբինա Ֆրեյզերն էր ասել. «Դժբախտաբար, սա կարող է նոր պատերազմի սկիզբ լինել»: Կարո՞ղ ենք ասել, որ Սոչիի հանդիպումը մեղմացրեց լարվածությունը:

– Սոչիի հանդիպումը սկզբում առաջացրեց լարվածություն, հետագայում պետք է որոշ ժամանակով մեղմացնի այն: Դա է վկայում այս գործընթացի տրամաբանությունը:

Ես տեսնում եմ այդ լարվածության առաջացման պատճառները, նաեւ լարվածության թուլացման հնարավոր գործընթացները, որոնք պետք է տային որոշակի քաղաքական դիվիդենդներ այն համակարգին կամ այն ուժին, որը կիրառում է Ռուսաստանը՝ այս խնդրի քաղաքական լուծման բոլոր հնարավորություններն իր ձեռքը հավաքելու ճանապարհով:

– Հանդիպումից հետո էլ են սահմանում շարունակում կրակել, թեեւ ավելի քիչ: Ուրեմն՝ այն, այնուամենայնիվ, ամբողջովին չվերացրե՞ց լարվածությունը:

– Կրակոցներ միշտ են եղել սահմանի տարբեր հատվածներում: Հարցն այն է, թե կրակոցները ինչ խնդիր են լուծում: Կարող են լինել հենց այնպես կրակոցներ՝ որ մենք մեր դիրքերում ենք, պարզապես չկառավարվող կրակոցներ էլ կարող են լինել: Եվ կան գործողություններ, որոնց արդյունքում լարվածություն է առաջանում, որը կարող է վերածվել պատերազմական գործողությունների վտանգի, որին մենք ականատես եղանք: Դրանք դիվերսիոն կազմակերպված գործողություններն էին, որոնց պատասխանը անմիջապես պետք է տրվեր, եւ դա, բնականաբար, կարող էր շարունակություն ունենալ: Իսկ դա, ըստ էության, այն ճանապարհն է, որով կարող էինք կանգնել պատերազմի շեմին:

– Շատերն էին նախապես ենթադրում, որ այդ դիվերսիոն գործողությունների նպատակը տարածաշրջան խաղաղարարների մուտքն է: Անգամ հստակ կանխատեսումներ կային, որ Վլադիմիր Պուտինը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին Սոչիում առաջարկելու է ռուս խաղաղապահներ տեղակայել Ղարաբաղում: Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս կանխատեսումները հիմնավոր չէին:

– Ես կարծում եմ, որ այս փուլում լուծվում է ոչ թե խաղաղապահների տեղակայման, այլ Մինսկի խմբի հետագա գործունեության խնդիրը: Եվ կարծում եմ, որ հենց այդպես էլ տեղի ունեցավ: Ըստ էության՝ Մինսկի խմբին փոխարինեց Ռուսաստանը: Չնայած Վլադիմիր Պուտինը հայտարարում էր, որ իր համար ընդունելի են նաեւ միջազգային ընդունված ձեւաչափերը, որոնց մեջ է նաեւ Մինսկի խումբը, բայց, ըստ էության, Ռուսաստանը երկրորդ անգամ Մինսկի խմբի փոխարեն փորձում է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը:

Իսկ թե դրա հետեւանքով հետագայում իր շահերից բխող ինչպիսի լուծումներ կառաջարկի Ռուսաստանը՝ միայն ենթադրել կարելի է, եւ դրանց մեջ կարելի է տեսնել նաեւ ռուս խաղաղապահների օգտագործման հնարավորությունը: Բնականաբար, դա տեղի կունենա այն ժամանակ, եթե Ադրբեջանը եւ Հայաստանը համաձայնվեն այդ առաջարկին: Ես կարծում եմ, որ այս պահին թե Ադրբեջանը, թե Հայաստանը պատրաստ չեն այդպիսի առաջարկին «այո» ասելու, իսկ թե հետագայում դեպքերն ինչպես կզարգանան՝ պայմանավորված է այն հանգամանքով, թե աշխարհաքաղաքական իրողությունները Կովկասում ինչ զարգացումներ կստանան:

– Հնչող հարցադրումներին ի պատասխան, թե ինչու չգործեց ՀԱՊԿ պայմանագրով սահմանված հետեւյալ դրույթը. «Մասնակից պետություններից յուրաքանչյուրի նկատմամբ ագրեսիայի ակտի դեպքում բոլոր մյուս մասնակից պետությունները տրամադրում են նրան անհրաժեշտ օգնություն, այդ թվում նաեւ՝ ռազմական», Հայաստանի իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտությունը չկա՝ մեր բանակը լիովին ունակ է այդ հարցերը լուծել ինքնուրույն՝ առանց ՀԱՊԿ օժանդակության: Ձեզ համար հիմնավո՞ր է արդյոք այս փաստարկը:

– Ես կարծում եմ, որ այդ առումով Հայաստանի իշխանությունները ճիշտ են ասում, որովհետեւ նրանք շատ լավ գիտեն՝ ՀԱՊԿ-ը իրենից ինչ է ներկայացնում: Իսկ, ըստ էության, ՀԱՊԿ-ը Ռուսաստանի զինված ուժերի պարզապես այլ ձեւակերպումն է: Ինչպես Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Սովետական Միություն պետություն չկար՝ դա Ռուսաստանն էր, ՀԱՊԿ միավոր էլ չկա, դա ռուսական զինված ուժերն են: Եվ Հայաստանը շատ լավ հասկանում է, թե դրա հետեւանքով ինչպիսի վտանգ կարող է հասցվել Արցախի ինքնիշխանությանը: Հայաստանն իր ինքնիշխանությունը այս պահին բավականին զիջել է Ռուսաստանին, բայց գոնե Արցախը իր իշխանության տարրերը կարողացել է առայժմ պահել: Եվ դա է խնդիրը, որ պետք է հեռու մնալ ՀԱՊԿ-ի աջակցությունից: Կյանքն էլ է ցույց տալիս, որ Հայաստանի զինված ուժերն այսօր ի վիճակի են ինքնուրույն պաշտպանել մեր սահմանները: ՀԱՊԿ-ն այս պահին անելիք չունի մեր սահմանների ներսում:

– Ռուսաստանն անգամ այս իրավիճակում չդադարեցրեց Ադրբեջանին զենք մատակարարել: Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այս կապակցությամբ ասել էր. «Դա ոչ մի կերպ չի խոչընդոտում Ռուսաստանին խաղաղ բանակցությունների խրախուսման գործում արդյունավետ աշխատանք ծավալելու հարցում»: Բայց իրո՞ք կարելի է մի կողմից՝ զենք մատակարարել, մյուս կողմից՝ հանդես գալ խաղաղարար առաքելությամբ:

– Իմ կարծիքով՝ Ռուսաստանը պետք է ընդհանրապես դադարեցնի պատերազմական իրավիճակում հայտնված տերություններին զենք մատակարարելը: Պետք է սառեցնել պատերազմի վերսկսման հնարավորությունը, իսկ զենքի մատակարարումն ուղղակի խրախուսում է այն ընթացքը, որը կարող է հանգեցնել պատերազմական գործողությունների: Կարեւոր չէ՝ զենքը մի կողմին է տալիս, թե երկուսին էլ: Հիմա պարզապես զենքի լրացուցիչ սպառազինության ավելացման հնարավորությունը պետք է բացառել: Իսկ Ռուսաստանը չի բացառում, որովհետեւ հակամարտող կողմերից մեկը՝ Հայաստանը, այնուամենայնիվ՝ պետք է այլ կերպ պահանջներ ներկայացներ ռուսական կողմին դադարեցնելու մասին եւ ոչ թե խրախուսեր, որ դա պարզապես Ռուսաստանի բիզնես շահերն են: Հայաստանի կողմից առարկություններ հնչեցին միայն այն ժամանակ, երբ արդեն դա վերածվեց իրական լուրջ վտանգի: Բայց կարելի էր խոսել ավելի վաղ, երբ ի հայտ էր եկել այդ մատակարարումների փաստը:

– Ձեզ համար ոգեւորի՞չ է այն միասնականությունը, որով ի դեմս արտաքին վտանգի՝ հանդես եկան մասնավորապես մեր խորհրդարանական բոլոր խմբակցությունները:

– Ոչ թե դա էր ինձ ոգեշնչողը, այլ այն, որ, այնուամենայնիվ, Հայաստանում մնացած մարդը վախ ունեցավ՝ հանկարծ չկորցնի իր հաղթանակները: Ոչ միայն զինված ուժերի շրջանակներում կար այդ մտահոգությունը, թե ամեն ինչ պետք է անել, որ այս դիվերսիոն գործողությունները չվերածվեն պատերազմի, եւ չկորցնենք այն ձեռքբերումները, որոնցով մինչեւ հիմա շարունակում ենք հպարտանալ: Այդ վախը ես նկատեցի նաեւ հասարակության մեջ, բայց ոչ միայն վախի տեսքով. ժողովուրդը պատրաստ է նաեւ անհրաժեշտության դեպքում տեր կանգնել իր հաղթանակներին: Իհարկե, այս շարժման մեջ նաեւ PR շատ տարրեր կային՝ շատերը գնում են սահմանային գծում երեւալու եւ նկարվելու, բայց դա չէ էականը: Էականն այն է, որ մեր հասարակության մեջ նկատելի է իր հաղթանակներին տեր կանգնելու տրամադրությունը:

– Նաեւ հետաքրքիր է, որ անգամ այն «հին գվարդիան»՝ ազատամարտիկները, որոնց նկատմամբ անարդարության կամ ոչ բավարար ուշադրության վկան ենք եղել այս տարիների ընթացքում, մեկ է՝ առաջին իսկ պահից շատերն էլի գնացին կանգնելու 18 տարեկանների կողքին:

– Այո, եւ հին գվարդիայի հետ մեկտեղ՝ զարմանալիորեն շատ երիտասարդներ իրենք էլ էին ցանկություն հայտնում գտնել ճանապարհներ, որպեսզի օր առաջ հայտնվեն սահմանային գծում: Եվ ոչ թե նրա համար, որ իրենց տեսակը վտանգի մեջ էր, այլ՝ որ ձեռք բերված թեկուզ փխրուն խաղաղության սահմանը պահպանել է պետք: Այսինքն` այդ սահմանային գիծն է, որը տալիս է անվտանգության լուրջ երաշխիքներ՝ ապագայում արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Սա շատ կարեւոր է, որովհետեւ այսօր եթե որեւէ մեկը խոսում է խաղաղության մասին, շատ ուժեր փորձում են նրանց նսեմացնել ու ասել, թե դուք վախենում եք սրանից-նրանից: Ոչ, այդպես չի: Ընդհանրապես՝ պատերազմից պետք է վախենալ, բայց պետք չէ հրաժարվել հաղթանակներից: Ամենակարեւոր բանն այս օրերի ընթացքում հենց այդ խնդիրն էր, որը տեսանելի դարձավ:

Հարցազրույցը վարեց Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

13.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Վաճառված բոլոր զինատեսակների արգելակող կոդերը Ռուսաստանի ձեռքում է՝որ կողմի զենքը չուզենա կրակել,նրա զենքն էլ արգելափակելու է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031