Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը նախատել է նախարարներին

Օգոստոս 14,2014 15:15

Սպասվում են նաեւ պատիժներ

Առաջիկայում, հավանաբար, ականատեսները կլինենք այն բանի, թե ինչ պատիժներ է կիրառում վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր խոսքն անտեսած նախարարների նկատմամբ: Իր վարչապետության կարճ ընթացքում Հովիկ Աբրահամյանը բավական հաճախ եղավ մարզերում` նախարարների ուղեկցությամբ: Տեղերում` համայնքների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ, «Առավոտի» ունեցած տեղեկություններով, բավականին բաց խոսակցություններ են եղել առկա խնդիրների, դրանց լուծման առաջնահերթությունների եւ տարբերակների մասին:

Պատկան ոլորտների նախարարները հենց տեղերում համապատասխան հանձնարարականներ են ստացել: Բայց, վերադառնալով մայրաքաղաք, ինչ-ինչ պատճառներով այդքան էլ հետամուտ չեն եղել վարչապետի հանձնարարականները կյանքի կոչելուն: Դա, բնականաբար, դուր չի եկել Հովիկ Աբրահամյանին, ու մեր տեղեկություններով՝ առաջիկայում մի շարք տարբեր պատժամիջոցներ կկիրառվեն, նկատողություններ կհայտարարվեն սեփական պարտականություններում թերացած նախարարների նկատմամբ:

Խիստ տույժեր են սպառնում մշակութային օջախները եւ հանրային օգտագործման այլ տարածքները օտարած պաշտոնյաներին: Նախարարների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքների վերաբերյալ տեղեկություններն, ասում են, վարչապետը ճշտում է առաջին ձեռքից` հենց համայնքապետերից: Հովիկ Աբրահամյանը ընտրական շրջաններում ՀՀԿ-ում քանիցս զբաղեցրել է ընտրական շտաբի պետի պաշտոնն ու անմիջական կապի մեջ է գրեթե բոլոր համայնքապետերի հետ, քանզի նրանք հիմնականում ՀՀԿ-ից են:

Հովիկ Աբրահամյանն արգելել է պաշտոնավարության 100 օրվա առիթով մամուլի ասուլիսների անցկացումը եւ հանձնարարել է այլեւս եռամսյակը մեկ հանրությանը ներկայացնել իրենց կատարած աշխատանքների արդյունքները: Նախարարները պետք է դուրս գան «սենյակային բույսի» կարգավիճակից: Եռամսյա ամփոփիչ ասուլիսները, ընդ որում, այլեւս անցկացվելու են յուրաքանչյուր ոլորտին բնորոշ միջավայրում:

Հետաքրքիր է, ասենք, սպորտի նախարարն իր առաջին ամփոփիչ ասուլիսը ռինգո՞ւմ կանցկացնի, թե՞ ֆուտբոլի դաշտում: Կամ ո՞ր քրեակատարողական հիմնարկում կանցկացնի իր առաջին եռամսյա ամփոփիչ ասուլիսն արդարադատության նախարարը: Իսկ թե ո՞ր հանքարդյունաբերողին նախապատվություն կտա Երվանդ Զախարյանը` նույնքան հետաքրքիր եւ էական կլինի:

Նախարարներին եւս մեկ էական «նորամուծություն է սպառնում»`
չթաքնվել մամուլի խոսնակների ետեւում եւ վերացնել լրատվամիջոցների ու լրագրողների հետ ընտրողաբար շփվելու պրակտիկան: Նախարարները, հավանաբար, սեփական հասարակական իմիջի ձեւավորման շրջանակներում նաեւ ակտիվորեն կաշխատեն տվյալ ոլորտները ներկայացնող հասարակական շրջանակների հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031