Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեձույլ արձաններով ու թանկարժեք «մետլախով» տուրիզմ չես զարգացնի

Օգոստոս 14,2014 14:45

Այս տարի էլ հազարավոր հայաստանցիներ իրենց հանգիստը կազմակերպում են Վրաստանում: Այս օրերին Վրաստան-Հայաստան մաքսակետում հայ զբոսաշրջիկների հերթեր են: Որքան էլ այդ երկրի հանգստավայրերում, նախորդ տարիների համեմատությամբ, գնաճ է եղել, եւ ծառայությունների, սննդամթերքի գները բարձրացել են, այդուհանդերձ՝ շարքային հայաստանցու համար հարեւան երկրում ամառային հանգիստը կազմակերպելն ավելի ձեռնտու է, քան մեր երկրում: «Առավոտի» հետ զրույցում այս մասին փաստեցին ներգնա տուրիզմով զբաղվող մի քանի կազմակերպությունների տուրօպերատորներ:

«60 հազար դրամով այսօր կարող ես Վրաստանում 8-օրյա հանգիստ կազմակերպել ծովի ափին՝ տրանսպորտի ծախսերը ներառյալ»,- ասում է տուրիստական ընկերություններից մեկի տնօրենը, որն արդեն 7-8 տարի է՝ դեպի Վրաստան տուրիզմ է կազմակերպում. «Իսկ այդ գումարով Հայաստանում լավագույն դեպքում երեք օր կհանգստանաս՝ գնալ-գալու ծախսերն էլ հանած: Ուզում ենք տուրիզմը զարգացնել, բայց զբոսաշրջիկին ընդառաջ չենք գնում, այնպիսի թվեր ենք ասում, որ մի բան էլ խրտնեցնում ենք: Այս տեմպերով որ գնա, երեւի 20 տարուց նոր կհատենք մեր երկիր տուրիստ բերելու՝ իշխանությունների ասած մեկ միլիոնի շեմը»:

Մեր մյուս զրուցակիցը, որը նույնպես տուրօպերատոր է եւ երկար փորձերից հետո՝ երեք տարի առաջ նույնպես, որոշել է իր տուրբիզնեսը Վրաստանի ուղղությամբ զարգացնել, քանի որ, ինչպես ինքն է ասում, հասկացել է, որ ավելի ձեռնտու է, դժգոհություն հայտնեց, որ տուրիզմի մասով մեծ հնարավորություններ ունեցող Լեռնային Ղարաբաղում նույնպես ծառայությունները եւ սնունդը բավականին թանկ են, ինչը տուրիստական բիզնեսով զբաղվողներին քիչ հնարավորություն է տալիս դեպի Արցախ տուրիզմը զարգացնելու. «Այնտեղ հողը բերրի է, մարդիկ աշխատասեր են, բնությունը չքնաղ է, կլիման՝ ավելի մեղմ ու հաճելի, օդը մաքուր է, սակայն հյուրատներն ու հյուրանոցները բարձր գներ են առաջարկում զբոսաշրջիկին, տուրփաթեթները թանկ են եւ շարքային քաղաքացուն հասանելի չեն:

Եթե միջին աշխատավարձով ապրող մարդը մի երկու ամիս պետք է իր աշխատածը կողքի դնի, որ կարողանա 5-6 հոգանոց ընտանիքով մի 10 օր Վրաստանում հանգստանալ, ապա Հայաստանում 10 օր հանգիստը՝ առանց չափազանցելու, այդ մարդու մեկ տարվա աշխատավարձը կկազմի: Նույնը Ղարաբաղում հանգստանալու դեպքում: Շատ հայաստանցիներ կան, որ ցանկություն են հայտնում Արցախում կազմակերպելու իրենց հանգիստը, բայց երբ ծանոթանում են գնացուցակին, մտադրությունները փոխում են՝ որոշելով ծով գնալ»:

Մատնանշելով Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի հանգստյան տների գները, որոնք սկսվում են օրը 15 հազար դրամից եւ բարձրանում մինչեւ 70-80 հազար դրամ՝ մեկ անձի համար, տուրօպերատորները չհիմնավորված են համարում. «Մեզ մոտ հյուրանոցի սեփականատերերը միանգամից ուզում են գերշահույթներ ստանալ, նրանք մեծ գումարներ են ծախսում եւ շքեղ ապարանքներ կառուցում, շատ դեպքերում անտեսելով, հանգստավայրին հատուկ տարրական դետալներ, որոնք տուրիստին ավելի կգրավեին, քան, ասենք՝ հյուրանոցի միջանցքներում դրված «ոսկեձույլ» արձաններն ու հատակի թանկարժեք մետլախը, եւ ուզում են մեկ սեզոնին իրենց ներդրած գումարները հետ բերել: Թերեւս այդ պատճառով էլ այդպիսի գներ են կրակում»:

«Առավոտի» հարցին, թե գուցե Հայաստանում հյուրանոցների սեփականատերերի հույսն ամենեւին էլ միջին եկամուտներ ունեցող քաղաքացին չէ՞, եւ նրանք հաշվարկ են անում արտերկրից եկող զբոսաշրջիկի կամ մեծահարուստ հայաստանցիների վրա, հատկապես որ սեզոնին՝ ամռանը, ձմռանը, մեկ ամիս առաջ արդեն բոլոր թանկարժեք հյուրանոցներում ազատ տեղեր գրեթե չկան, տուրիզմի բիզնեսով զբաղվող Տաթեւ Վարդանյանն ասաց. «Դա տուրիզմի գործի մեջ ոչ ճիշտ մոտեցում է:

Եթե նրանք մտադրվել են այդ եղանակով գումար աշխատել, ապա պետք է այնպիսի փաթեթներ էլ առաջարկեն, որ միայն վերնախավին հասանելի չլինի՝ հատկապես, որ նրանց ծառայությունների, սպասարկման որակն այդքան էլ բարձր չէ: Արտերկրի լավագույն հանգստավայրերում, այո, կան այնպիսի հյուրանոցներ, որոնք միայն մեծահարուստներին են հասանելի, բայց դրան համարժեք էլ սերվիզ են մատուցում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031