Հետխորհրդային հակամարտություններն անմիջական հետևանքն են Բելովեժյան համաձայնագրերի (Беловежский синдром)։ Գորբաչովյան ջանքերը («Новоогоревский процесс»)՝ էվոլյուցիոն միջոցներով կործանման դատապարտված «Չարի կայսրությունը» վերափոխել «մարդկային դեմք»-ով կոնֆեդերացիայի՝ ձախողվեցին։
Կրեմլի պահպանողականների անհաջող հեղաշրջումը հանգեցրեց ԽՍՀՄ-ի «հեղափոխական» խորտակմանը, անկառավարելի փլուզմանը։
Վլադիմիր Պուտինի և իր համախոհների համար ԽՍՀՄ-ի կործանումը «կատաստրոֆա» էր։ Այն դեպքում, երբ դա Ազատ աշխարհի և կայսրության ժողովուրդների համար՝ փրկություն էր։ Բացառությամբ՝ գուցե միայն ռուսների ու հայերի, որոնք ունեցան անարդարացնելի կորուստներ այդ անկառավարելի փլուզման հետևանքով։
Նույն Պուտինի խոստովանության համաձայն՝ այդ կործանման ժամանակ «․․․Ռուսաստանը զիջեց տասնյակ հազարավոր քառ.կմ ի սկզբանե ռուսական տարածքներ՝ «հարավսլավական տարբերակից» խուսափելու համար․․․»։
Բայց հետագա իրադարձություններն ապացուցեցին, որ սխալ և իզուր էին այդ զիջումները, որոնք իբր թե պետք է կոմպենսացվեին նորանկախ պետությունների ռեինտեգրացիայով, անկախ պետությունների համադաշնություն ձևավորելու միջոցով։
Այդ համադաշնությունը հնարավոր կլիներ իրականացնել, եթե դրա լոկոմոտիվը լիներ մինչև վերջ և լիարժեք ապախորհրդայնացված, հին ռեժիմի հանցագործությունները դատապարտած, իսկապես նոր, ազատ, առաջադեմ Ռուսաստանը։ Իրավահաջորդն այն Ռուսաստանի, որ ժամանակին ազատագրել էր Արևելյան Հայաստանի մի մասը, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ազատագրել էր գրեթե ամբողջ Արևմտյան Հայաստանը, որը բոլշևիկյան Ռուսաստանը վերադարձրեց ցեղասպան Թուրքիային, որը խոստացել էր իբր լենինյան գաղափարները տարածել Արևելքում։
Սակայն ապախորհրդայնացումը մնաց անավարտ, այսինքն՝ Սանկտ Պետերբուրգ, բայց Լենինգրադյան մարզ և այսպես շարունակ, ավելին՝ ստալինիստները սկսեցին անարգել գլուխ բարձրացնել, այնպիսի խորհրդայնապաշտ շովինիստներ, իզոլյացիոնիստներ, ինչպիսին է Պռոխանովը, սկսեցին հանդես գալ իբրև իշխանամետ գաղափարախոսներ և այլն։
Օգտվելով այդ սխալ կեցվածքից՝ մինի-կայսրությունները (Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Ղազախստան, Ադրբեջան) մեղադրում են Կրեմլին, որն իբր փորձում է վերականգնել ԽՍՀՄ-ը։ Առայժմ Ղազախստանը զուսպ է, աշխատում է գայթակղել Կրեմլին «Եվրասիական միության» գաղափարով, որին նույնիսկ Լուկաշենկոն մինչև վերջ չի վստահում, ինչպես արտահայտվեց վերջերս իր ելույթում։
Նմանապես հայերին մեղադրում են զավթողականության մեջ, երբ նրանք զլանում են հավատացնել սկզբում իրենք իրենց, հետո միջազգային հանրությանը, որ հայերը ընդամենն ազատագրել են հայկական Արցախը, որ անօրեն կերպով հանձնվել էր Խորհրդային Ադրբեջանին՝ տոտալիտար հանցավոր ռեժիմի կողմից։ Դրա փոխարեն, իբր թե խորամանկություն, «ինքնորոշում», «հայկական երկրորդ պետություն»։ Ինքնորոշվում են ուրիշի հողատարածքում, ինչպես, օրինակ, կոսովարները Սերբիայի տարածքում, երբ նրանք այնտեղ մեծամասնություն դարձան ժամանակի ընթացքում։
Այն դեպքում, երբ իրականում ռուսները և հայերը փորձում են վերականգնել իրենց երկրների տարածքային ամբողջականությունը, որը խախտված էր անօրեն կերպով նախկին հանցագործ ռեժիմի ժամանակ։
Կրեմլը կարող էր և պարտավոր էր պայման դնել մինի-կայսրությունների աոաջ՝ քաղաքակիրթ բանակցություններ վարել՝ նոր սահմանները որոշելու համար, մինչև նրանց անկախության ճանաչումը։ Ճապոնացիները ռուսների հետ չեն կնքի հաշտության պայմանագիր՝ մինչև հետ չստանան իրենց կղզիկները։ Գերմանացիները հիսուն տարի համառեցին և չընդունեցին «երկու Գերմանիա» անհեթեթ գաղափարը, մինչև հասան իրենց նպատակին։
Հայերը իրավունք ունեին և պարտավոր էին չկնքել կրակի դադարը՝ մինչև ագրեսորը չընդուներ իր պարտությունը՝ իր կողմից իսկ հրահրված զավթողական պատերազմում։ Իրականությունն այսպես պետք է ներկայացվեր ՄԱԿ-ի ԱԽ-ում։
Վերջիվերջո, արդեն ժամանակն է, որ բանակցությունները վարվեն ոչ թե Բաքվի, որը չէր գրավել Արցախը, այլ Մոսկվայի հետ, որը իրավահաջորդն է Կարմիր Կրեմլի, և որի Կարմիր բանակն էր գրավել Արցախը 1920 թ․ օգոստոսին և անօրեն կերպով «նվիրել» Խորհրդային Ադրբեջանին՝ 1921 թ․ հուլիսի 5-ի տխրահռչակ որոշմամբ։ Մոսկվան կարող է և պարտավոր է դատապարտել այդ հանցագործությունը և աշխատել վերացնել դրա հետևանքները։ Դա է ճանապարհը խաղաղ կերպով պատմական արդարությունը վերականգնելու համար։ Եթե այդպես, ինչպես կա իրականում, ներկայացվեն հետխորհրդային հակամարտությունները, ակնհայտ է, որ չկա հիմք, արդարացում ԱՄՆ-ի, Արևմուտքի համար պաշտպանել խորհրդային հանցավոր կերպով ընդունված սահմանները։ Ուկրաինան, Վրաստանը կարող էին խուսափել փլուզումից, եթե կառուցեին ժողովրդավար համադաշնություն, փոխանակ հռչակելու Վրաստանը՝ վրացիների, Ուկրաինան՝ ուկրաինացիների համար։
Դրա փոխարեն որդեգրվել է «տեսություն» այն մասին, թե իբր Արևմուտքը ի սկզբանե «ռուսատյաց» է, «հայատյաց» է։ Իբր նրանք ամեն ինչ գիտեն, նրանք որոշել են քանդել Ռուսաստանը, արյունաքամ անել Հայաստանը։ Արդարացնելու համար քաղաքական, դիվանագիտական անճարակությունը, որը հետևանք է գռեհիկ գաղափարայնվածության, հետևանք է քաղաքական կամք չունենալու, իրերը իրենց անունով կոչելու, կամք չունենալու ձերբազատվել խորհրդային մտածելակերպից և հետևապես նման, իբր թե խորամանկ, գործելակերպից։ Սա հետևանք է նրա, որ ի տարբերություն այն խորհրդային հանրապետությունների, որոնք վերականգնեցին իրենց կորցրած պետկանությունները, հայերը և ռուսները իրենց խորհրդային հանրապետություններն անկախ հռչակեցին, մնալով իրավահաջորդը Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ռուսաստանի՝ սրանից բխող բոլոր բարդույթներով։ Միկոյանին արձան դնե՞լ, թե՞ չէ։ Լենինը և լենինիզմը թաղե՞լ, թե՞ չէ։ Խորհրդային մտածելակերպի հետևանք էր, որ ՀՀՇ-ն հրաժարվեց «Միացումից»։
Բայց երբ վերջերս Մոսկվայում սկսեցին թոթովել Խրուշչովի, Ստալինի անունները՝ նրանց կողմից գծված Ուկր.ԽՍՀ-ի անօրեն սահմանները՝ իբրև նախապատճառներ ներկա հակամարտության՝ արևմտյան որոշ գործիչներ սկսեցին ըմբռնումով վերաբերվել Կրեմլի քայլերին։ Ակնհայտ է, որ ազգային ինքնագիտակցությունը, ազգային շահերի իրատես գիտակցումն ավելի ուժեղ գործոն է, քան թե նավթը, գազը․․․
Հուսանք, որ դեռ ամեն ինչ կորած չէ․․․
Կարեն Միքայելյան
հրապարակախոս
Մոսկվա
«Առավոտ» օրաթերթ
13.08.2014 թ