Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ չտանք, որ մեզ ղեկավարեն, հրահրեն, թշնամացնեն»

Օգոստոս 14,2014 14:00

Օպերաների բացօթյա բեմադրությունները վաղուց ընդունված են աշխարհում: Ամրոցներում ու բերդերում անցկացվում են օպերային արվեստի փառատոներ: Զվարթնոցի ավերակների վրա 1990-ականներին ներկայացվեց Ազգային օպերային թատրոնի երկու բեմադրություն՝ Տիգրանյանի «Անուշն» ու Դոնիցետիի «Պողիկտոսը»:

Ի դեպ, ժամանակին օպերային թատրոնն իր «Պողիկտոսով» հանդես եկավ Իսպանիայի Ներիդա քաղաքի ամֆիթատրոնում: 2013-ի սեպտեմբերի 1-ին՝ Արցախի Անկախության օրվա նախօրեին, հինավուրց բերդաքաղաք Շուշիի ռեալական ուսումնարանի տարածքում Ժիրայր Դադասյանի բեմադրությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, երգչախմբի եւ մեներգիչների մասնակցությամբ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ներկայացվեց Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերան:

Այս տարի էլ նույն օրը, դարձյալ Շուշիում, օպերային թատրոնի նվագախմբի, երգչախմբի, մեներգիչների եւ ասմունքողի մատուցմամբ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ կկայանա Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերային ներկայացումը։

Անվանի կոմպոզիտորի այս օպերան, որն ավարտել է 1967 թ., նույն տարում ճանաչված բեմադրիչ Վահագն Բագրատունու եւ բեմադրող-դիրիժոր Արամ Քաթանյանի մեկնաբանմամբ բեմադրվել է Ազգային օպերային թատրոնում, Մինասի նկարչական ձեւավորմամբ։ Խորեոգրաֆիան Աշոտ Ասատուրյանինն էր:

«Առավոտը» զրուցեց «Կրակե օղակի» ներկայիս բեմադրության հեղինակ, կինոռեժիսոր Մարիա Սահակյանի (լուսանկարում) հետ։ Հիշեցնենք, որ վերջին տարիներին այս արվեստագետի երեք խաղարկային ֆիլմերը՝ «Փարոս», «Այդ ես չեմ» եւ «Էնտրոպիս», մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոների ու արժանացել մրցանակների։ Հարցին, ի՞նչը նրան «բերեց» օպերային արվեստ եւ առաջին անգամ բեմադրելով օպերային ներկայացում, մտավախություն չունի՞, մեր զրուցակիցը նշեց, որ վերջին շրջանում անվանի կինոռեժիսորներից շատերն են անդրադառնում օպերային արվեստին, օրինակ՝ Անդրեյ Տարկովսկին եւ Ալեքսանդր Սոկուրովը բեմադրել են Մուսորգսկու «Բորիս Գոդունովը», անցյալ տարի էլ «Մետրոպոլիտեն» թատրոնում մեծ հաջողություն ունեցավ կանադացի կինոռեժիսոր Ֆրանսուա Ժիրարի բեմադրած Վագների «Պարսիֆալը» օպերային ներկայացումը։ «Գիտակցում եմ պատասխանատվությանս աստիճանը, այս նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, հրավերը ստացել եմ նախագծի հեղինակ Սարինա Ավթանդիլյանից։ Ինձ գրավեց տերտերյանական երաժշտությունը, եւ երբ խորը ծանոթացա նյութին, տեսա, որ այն արդիական է։ Տերտերյանը դիմել է Լավրենեւի «41-րդը», Չարենցի «Ամբոխները խելագարված» եւ «Սոմա» ստեղծագործություններին։ Ինչպես կարող էր Տերտերյանը տեսնել տասնյակ տարիներ հետո, այսինքն՝ մեր օրերը, երբ ապրում ենք ոչ խաղաղ օրեր, ավելին՝ Աստված մի արասցե, կանգնած ենք պատերազմի շեմին։ Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ ինքն անհատ է եւ չգնա խելագար ամբոխի հետեւից, ինչպես ներկայացվում է օպերայում, թույլ չտանք, որ մեզ ղեկավարեն, հրահրեն, թշնամացնեն… Միայն սերը, ինքնագիտակցությունն ու բարությունը դուրս կբերեն պատերազմական կրակի օղակից»,-հավելեց մեր զրուցակիցը։ Իսկ թե բեմադրության հեղինակը օպերան ներկայացնելու է դասակա՞ն, թե՞ ժամանակակից ռեժիսուրայով, կինոռեժիսորն ասաց, որ Շուշիում դեկորները, փաստորեն, ամրոցն է, իսկ մյուս լուծումները արվում են լույսերի միջոցով։ «Նորացված» «Կրակե օղակի» խորեոգրաֆն է Արա Ասատուրյանը, նկարիչը՝ Աստղիկ Ստեփանյանը:

Անցյալ տարի Շուշիում բեմադրված «Արծվաբերդ» օպերան, որ խոստանում էին նաեւ ներկայացնել Ազգային օպերային թատրոնում՝ այդպես էլ տեղի չունեցավ։ Բեմադրիչից հետաքրքրվեցինք՝ իսկ հանդիսատեսի այն հատվածը, որ չի կարող մասնակցել Շուշիում «Կրակե օղակի» պրեմիերային, հնարավորություն կունենա՞ այն դիտելու օպերային թատրոնում, Մարիա Սահակյանը պատասխանեց. «Հարցին կոնկրետ պատասխան չեմ կարող տալ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.04.2014 թ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031