Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարարվեստի քոլեջից հետո՝ ուղիղ Գեւորգյան ճեմարան

Օգոստոս 14,2014 13:45

«Զբաղվել այն գործով, որը սիրո՞ւմ ես, թե՞ որը քոնն է, որին կարող ես լիարժեք նվիրվել…»: Պարարվեստի պետական քոլեջի ուսանող Տիգրան Հակոբյանի երկմտանքն ի վերջո ավարտվեց Գեւորգյան հոգեւոր ճեմարան դիմում ներկայացնելու որոշմամբ:

«Պետական քննությունները հանձնելուց հետո, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերն ինձ այնտեղ հրավիրեց, բայց ես հրաժարվեցի, քանի որ ինձ համար ապագայի այլ ուղի եմ պատկերացնում», – նշում է Տիգրանը:

Երիտասարդի կապը եկեղեցու հետ սկսվել է 12 տարեկանից. հոգեւորականների հետ ծանոթությունը նրա կյանքում հետաքրքրություն է առաջացրել հոգեւոր ասպարեզի նկատմամբ: «Մարդ, որը պատրաստ է ամեն վայրկյան օգնել կողքինին, ում կարող ես անկաշկանդ դիմել եւ վստահ լինել, որ ճիշտ խորհուրդ կստանաս»,-ահա թե ով է հոգեւորականը Տիգրանի համար: Մեր հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր, որ պարարվեստի ոլորտում մեդալակիր, խոստումնալից ապագա ունեցող երիտասարդը կարծես մոռանում է իր տարիների աշխատանքը և ջանում ընդունվել Աստվածաբանական համալսարան, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ձգտում է դառնալ մեկը, որը կապրի ոչ թե միայն ինքն իր համար, որի կյանքը օգտակար կլինի նաեւ այլոց համար: Հենց այս նպատակն իրագործելու համար էլ որոշել է ընդունվել ճեմարան:

Տիգրանը միակը չէ, որ մասնագիտությունն ու կյանքը գրեթե արմատապես փոփոխության ենթարկելու համարձակություն է դրսեւորում: Այս տարի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի, Սեւանի Վազգենյան դպրանոցի եւ Հառիճավանքի «Թրբանճյան ընծայարան» ավագ դպրոցի դիմորդները Հայաստանի տարբեր շրջաններից եկած պատանիներ են, որոնք Տիգրանի հետ միասին պարբերաբար հաճախում են Գեւորգյան հոգեւոր ճեմարանում կազմակերպվող նախապատրաստական դասընթացներին: Իրենց բնորոշմամբ` այս դասընթացները մեծապես օգնում են իրենց հոգեպես եւ գիտելիքներով պատրաստվելու սեպտեմբերին կայանալիք ընդունելության քննություններին: Ինչպես նշում է Գեւորգյան ճեմարանի եւ Սեւանի Վազգենյան դպրանոցի պատմության դասախոս Ավետիս Հարությունյանը, դասընթացներին կանոնավոր մասնակցելը միանգամայն բավարար է ճեմարան ընդունվելու համար: Դասընթացները, որոնք անցկացվում են ընդունելության համար անհրաժեշտ բոլոր առարկաներից, դիմորդներին հնարավորություն են տալիս ամռանն անվճար պատրաստվելու ընդունելության քննություններին: Դրանք կշարունակվեն մինչև օգոստոսի 23-ը: «Դիմորդների տրամադրվածությունը «մարտական» է: Բոլորը բարձր պատասխանատվությամբ են մոտենում ընդունվելու խնդրին, գիտակցում, թե ուր են եկել», – նշում է Ա. Հարությունյանը:

Գեւորգյան հոգեւոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) ՀՀ կառավարության կողմից ճանաչված բարձրագույն կարգավիճակով ուսումնական հաստատություն է` բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերով: Այն բազմակողմանի` հոգեւոր, աստվածաբանական եւ հայագիտական կրթություն է տալիս, դասավանդում են լավագույն մասնագետները. ճեմարանը ունի 66 դասախոս՝ 39 աշխարհական եւ 27 հոգեւորական: ԳՀՃ-ում գործում են Աստվածաշնչագիտության, Դավանաբանության, Պատմական աստվածաբանության ամբիոնները: Այստեղ ուսման տեւողությունը վեց տարի է:

Ճեմարանավարտ առաջադեմ ուսանողներն ուղարկվում են մասնագիտական առավել խորը կրթություն ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում: Ճեմարանում կրթությունն անվճար է, ուսանողներն ապահովվում են կացարանով, սննդով, բժշկական օգնությամբ, համազգեստով ու գրենական պիտույքներով: Ներկայումս ճեմարանի` առաջինից վեցերորդ լսարաններում ուսանում է 102, քահանայից պատրաստման լսարանում` 22 ուսանող: Մեզ հետաքրքրող հարցին, թե արդյո՞ք ուսանողների համար դժվար չէ ընտանիքից եւ հարազատներից կտրված լինելը, ԳՀՃ քարոզչության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Վահան սարկավագ Սահակյանը պատասխանեց. «Իհարկե, դժվար է ծնողներից, ընկերներից եւ երկար տարիներ հարազատ դարձած միջավայրից հեռու լինելը, սակայն յուրաքանչյուր պատանի այդ տարիքում անկախության ձգտում ունի: Նրանք բոլորն էլ որպես անհատականություն ձեւավորվելու, կայանալու խնդիր ունեն: Այս տեսանկյունից՝ հարազատների հոգատար միջավայրից որոշ հեռավորության վրա լինելն ուսանողին ընկնելու և կանգնելու, սխալվելու եւ սխալներն ուղղելու, ինքնուրույն խնդիրները լուծելու ազատություն եւ հնարավորություն է ընձեռում»:

Ճեմարանում ուսանողը պարտավորվում է սովորել իր օրվա դասը հատուկ ժամերի` գրաֆիկով. սա պատանուն օրը ճիշտ կազմակերպելու սկզբունք է տալիս:

ՄԱՐԻԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031