Լրահոս
Օրվա լրահոսը

«Չորացած արմատով կաղնին դատապարտված է չորացման»

Օգոստոս 14,2014 13:30

Եթե արտասահմանյան բլոգները հիմնականում թեմատիկ են, ապա հայկական բլոգոլորտում նման բլոգներ շատ քիչ կան: Դրանցից մեկը «Հայ գենի հաղթանակ» անվանումը կրող բլոգն է (hay-geni-haxtanak.blogspot.com), որը շնչում է հայրենասիրությամբ, իսկ նրա «թթվածինն» ապահովում է Գուրգեն Հարությունյանը (լուսանկարում):

-Գուրգեն, ինչպե՞ս ծնվեց բլոգ բացելու մտահղացումը:

– Լինելով ընթերցասեր՝ ժամանակին ձեռք եմ բերել գրքեր և նյութեր ազգային արժեհամակարգի վերաբերյալ: Եվ ահա, մի օր էլ որոշեցի, որ եկել է ժամանակը դրանք ներկայացնելու լայն շրջանակներին, և որպես միջոց ընտրել համացանցը: Սկզբնական շրջանում բլոգ ստեղծելու մտադրություն չեմ ունեցել. ինձ ընդամենը հարթակ էր հարկավոր, որտեղ կկարողանայի ներկայացնել տարբեր հեղինակների աշխատությունները: Իմ շատ սիրելի ընկեր Զարուհի Ալեքսանյանը խորհուրդ տվեց որպես այդպիսի հարթակ՝ անձնական տիրույթ ստեղծել, որտեղ ավելի հարմար կլինի տեղադրել անհրաժեշտ նյութը և տարածել համացանցային անեզր տիրույթում: Բլոգը ստեղծվել է 2012 թվականի հուլիսի 12-ին՝ Զարուհի Ալեքսանյանի կողմից:

-Բլոգդ «բղավում» է հայ գենի հաղթանակի մասին. ո՞րն է այդ գենը, ու ի՞նչ հաղթանակի մասին է խոսք գնում:

– Գենը ցեղն է: Հաղթանակը՝ ցեղաճանաչ հայ մարդու մտքի, ոգու և բազկի կերտած մեծագործությունները: Այս վերնագրի ներքո ամփոփված են թե հայոց բնօրրանում և թե աշխարհի մեկ այլ ծայրում արարող հայի պատմական գործերը: Մայր բնօրրանը համարելով հայի և հայկականության պահպանման ելակետային միջավայր՝ շեշտը դրել եմ այնտեղ ծնված, գործած և տարածված գործիչների, գաղափարախոսությունների և իրադարձությունների վրա: Հայ ժողովրդի կազմավորումը, դիցարանը, մշակույթը և ռազմական պարերը, ազգային տարազը և իշխանական զինանշանները, ազգայնականության գաղափարական ռահվիրաների պատգամները և աշխարհասփյուռ հայերի հայրենանվեր գործունեությունը համարելով ցեղի հաղթանակ՝ նպատակահարմար գտա այս ամենն ամփոփել մեկ ընդհանուր վերնագրի տակ:

– Ի տարբերություն այլ բլոգների, որտեղ սովորաբար մարդկանց ստեղծագործություններն են կամ ուղղակի անձնական գրառումները, քո էջում տիրում է հայկականը՝ մեր հերոսները, պատմության դրվագներ եւ այլն, եւ այլն: Նման «սահմանափակումը» դիտումների քանակի նվազեցման չի՞ բերում, թե՞ տվյալ դեպքում շեշտը որակի՝ ասելիքի վրա է, այլ ոչ՝ քանակի:

-Բլոգի հիմնական նպատակն ի սկզբանե եղել եւ մնում է հայկական արժեհամակարգին վերաբերող նյութերն առավել հանրամատչելի դարձնելը՝ լայն շրջանակների համար: Ընթերցողների մեծ քանակը, իհարկե, յուրաքանչյուր կայքավարի համար հաճելի է:

Սակայն երբեք մտադրություն չի եղել այցելությունների աճը ապահովելու համար գայթակղիչ վերնագրեր կամ լուսանկարներ տարածել համացանցով՝ ինչպես ընդունված է շատ կայքավարների կողմից: Այստեղ նպատակը հստակ է՝ հայ մարդուն փորձել ճանաչելի դարձնել սեփական երկրի պատմությանը: Իսկ թե որքան ընթերցողի կհետաքրքրի դա՝ դժվար է պատկերացնել: Այնուամենայնիվ, ընթերցողների քանակը որոշակի չափով թույլ է տալիս եզրակացնել տվյալ նյութի արդիականության և հետաքրքրության մասին:

«Սահմանափակելով» բլոգը հայկականության գաղափարի մեջ, ես ամենևին չեմ սրտնեղի, որ ժամանակակից շոու-բիզնեսով, սիրային նամակներով կամ պոեզիայով հետաքրքրվող ընթերցողներ չլինեն: Նման թեմաներով հայկական բլոգոլորտում բավականին հետաքրքիր բլոգներ կան: Իմ ընթերցողը նա է, ում անհրաժեշտ են տվյալ նյութերը: Հետևաբար, դիտումների քանակի խնդիրը գտնվում է ետին դիրքում:

– Ինչ ես կարծում, ինչքանո՞վ է ստացվում բլոգի օգնությամբ ասելիքը տեղ հասցնել, բլոգն այս պարագայում արդյունավե՞տ գործիք է:

– Մեր ժամանակներում յուրաքանչյուրի կենցաղից գրեթե անբաժան է համակարգիչն ու համացանցը: Շատ երիտասարդներ համացանցում հնարավորություն են ունենում ավելի շատ տեղեկատվություն ստանալ, քան իրական միջավայրում: Հետևելով այս զարգացումներին՝ գտնում եմ, որ համացանցային տիրույթներում ստեղծվում են գրեթե անսահմանափակ հնարավորություններ, որպեսզի խոսքդ հասցնես ընթերցողին: Իսկ համացանցում խոսքի ազատության կիրառման ամենամատչելի եղանակը բլոգոլորտն է, որը հնարավորություն է տալիս ստեղծագործողին առարկայականացնել իր խոսքը, իսկ ընթերցողին՝ մատչելիորեն ծանոթանալ աշխատանքի հետ: Հայկականության լուսաբանումը, ճանաչողականությունը համարում եմ չափազանց կարևոր: Երիտասարդ սերունդը պետք է ունենա բոլոր հնարավորությունները, որպեսզի ծանոթանա դրանց: Դա պետք է ապահովի նոր սերունդին և նախնիներին կապող արմատի սնուցումը: Այդ արմատի չորացումով կունենանք անինքնաճանաչ սերունդ: Չորացած արմատով կաղնին դատապարտված է չորացման, որից կօգտվեն միայն հարևան փայտահատները:

– Շատերն էլ դեմ են քո ընտրած գաղափարներին՝ համարելով դրանք ծայրահեղական ու չափից դուրս ճոխացված: Ի՞նչ կասես սրա մասին ու ինչպե՞ս ես վերաբերվում հակառակ կարծիքներին:

– «Համընդհանուր ստի մեջ, եթե ճիշտ խոսես, կդառնաս ծայրահեղական»,- ասել է Ջորջ Օրուելը: Հակառակ կարծիքները ես համարում եմ յուրաքանչյուր թեմայի օրինաչափ մաս, որի ընթացքում ձևավորվում է առավել լիարժեք պատկերացում և եզրակացություն տվյալ թեմայի շուրջ: Սակայն ընդդիմադիր կարծիք հայտնողների մեջ կարող են հայտնվել այնպիսիք, որոնց համար ազգայնականությունն ու ազգայնամոլությունը և հայրենիքն ու իշխանական կառավարությունը նույնականացված են, որոնց համար հայատառ գրելը ձևականություն է, որոնք չեն հավատում, որ այն ազգը, որից սերում են իրենք, կարող է ինքնուրույն դիմագրավել թշնամուն, և դրանով ակնհայտորեն մուռացումի են մատնել այնպիսի հերոսական դրվագներ, ինչպիսիք են Զեյթունի ինքնապաշտպանությունը, Մայիսյան հերոսամարտերը, Արցախյան ազատամարտը և այլն: Սովորաբար, այս խմբի մեջ մտնող մեկնաբաններն առանձնանում են իրենց ագրեսիվ պահվածքով: Յուրաքանչյուր դեպքում, ես կողմ եմ առողջ երկխոսությանը: Դրական եմ ընդունում յուրաքանչյուր քննադական խոսք, որը կլինի ընթերցողների պատվի և արժանապատվության պահպանման շրջանակներում:

Զրուցեց ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.08.2014 թ.

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արփի says:

    Նման երիտասարդները հույս են ներշնչում ապագայի նկատմամբ, նրանք հակադիր հզոր գործոն են ստեղծում հետզհետե հաղթանակող օտարամոլության դեմ: Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031