Այսօր Երեւանում «Համաշխարհային խաղաղապահ կազմակերպության միջազգային խաղաղության երիտասարդական խմբի եւ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների համատեղ ջանքերով կայացավ «Հայաստանյան խաղաղության 1-ին կոնֆերանսը, որի գլխավոր նպատակը խաղաղության համար պայքարն է խաղաղության գաղափարների տարածումը աշխարհի երիտասարդների շրջանում:
Կոնֆերանսի մասնակիցները Հայաստանի ուսանողական ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցի առաջարկով հոտնկայս հարգեցին վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների շփման գծերում խաղաղության եւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս նահատակված հայ երիտասարդ զինվորների հիշատակը:
Կոնֆերանսն սկսվելուց առաջ միջազգային խաղաղության երիտասարդական խմբի ղեկավար, հարավկորեացի Վիկի Կիմը Aravot.am-ին ասաց. «Առաջին անգամ եմ Հայաստանում: Մինչեւ այստեղ գալը շատ քիչ տեղեկություն ունեի Հայաստանի մասին: Կորեայում եւ փոքրասիական տարածաշրջանում դժվար է ամբողջական տեղեկատվություն ստանալ Հայաստանի, Ղարաբաղի, հայերի մասին: Շատ տպավորված եմ: Երկու օր առաջ եղանք Լեռնային Ղարաբաղում (այցելությունը համընկել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի շփման գծերում ադրբեջանցիների հրահրած իրավիճակի սրմանը: Ա. Հ.): Դուք՝ հայերդ, խաղաղության համար շատ եք աշխատում: Բայց միայնակ շատ դժվար է: Պետք է բոլոր երկրները ձեզ օգնեն, որ պայքարեք խաղաղության համար: Երկրները օնլայն շփվում են, խաղաղության կոչեր անում: Բայց դրա արդյունավետությունը շատ փոքր է: Եթե միասին աշխատենք Հայաստանի խաղաղության համար, դա իրոք, հզոր շարժում կլինի»:
Մեր հարցին, թե Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում գտնվելու ընթացքում անձամբ համոզվեցի՞ն, որ շփման գոտիներում նախահարձակը Ադրբեջանն է, որ մենք ընդամենը պաշտպանում ենք մեր սահմանները, սահմանամերձ բնակավայրերի բնակչության խաղաղությունն ու անվտանգությունը, Վիկի Կիմը պատասխանեց. «Հյուսիսային եւ Հարավային Կորեաները նույնպես հակամարտության մեջ են: Հյուսիսային Կորեան էլ ռմբակոծում է Հարավային Կորեայի սահմանները: Եվ եթե մենք չպաշտպանենք մեր երկիրը, պատերազմն ավելի առաջ կգնա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ