Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան. «Սահմանամերձ գյուղերի բնակիչները խաղաղություն են ուզում»

Օգոստոս 13,2014 20:45

«Կրակոցներն արդեն երկրորդ օրն է` դադարել են»,- Aravot.am-ին հայտնեց «Զորակն» հիմնադրամի հոգաբարձու, «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոցի» կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանը: Վերջինս օրերս այցելել էր Այգեպար եւ Ներքին Կարմրաղբյուր սահմանամերձ գյուղեր եւ Ճամբարակ քաղաք:

Պարոն Վրթանեսյանի պնդմամբ` ամենաշատը Այգեպարն է տուժել. նրա բնակիչները մեծ վնասներ են կրել, երկու տուն է հիմնավոր այրվել է: Ներքին Կարմրաղբյուրը, չնայած շատ է գնդակոծվել, բայց այնտեղ վնասները քիչ են.

«Այգեպարն ավելի խիտ է, այնտեղ բազմաբնակարանային շենքեր կան. Ավելի հարմար թիրախ է ու բավականին լուրջ վնասներ են կրել»:

Նա նշեց, որ այժմ փորձում են վնասները գնահատել, եւ ինքն այնպիսի տպավորություն է ստացել, որ պետությունը ցանկանում է հատուցել այդ վնասները: Չնայած դրան` Կարեն Վրթանեսյանի կարծիքով` չլուծված այլ խնդիրներ էլ կան.

«Օրինակ` ովքեր հող էին մշակում բերքի որոշակի կորուստ ունեն, որովհետեւ չեն հասցրել մշակել, կամ երբ որ պետք է հավաքել, կհավաքեն, բայց արդեն այն որակի բերք չեն հավաքի: Մեկ այլ խնդիր է, որ քաղաքացիական պաշտպանության խնդիր կա, այսինքն` կրակոցներ լինում են, եւ նույն այդ մարդ, որը կրակոցների տակ է, երբ կրակոցները դադարում են, էլ չի մտածում այդ մասին ու միջոցներ չի ձեռնարկում` իր պաշտպանության կարիքները հոգալու համար»:

Նա մեզ տեղեկացրեց, որ Այգեպար գյուղում ինքնակազմակերպվել էին, ջրի պաշար էին հավաքել, որ հրդեհի դեպքում կարողանան այն հանգցնել, բայց բնակիչները չկարողացան փրկել այրված երկու տները: Նա համարում է, որ այս դեպքում պետք է քաղաքացիական պաշտպանության լուրջ ծրագիր լինի:

Հարցին, թե սահմանամերձ գյուղերի բնակիչները ի՞նչ մտահոգություններ են հայտնել, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց, որ նրանք խաղաղություն են ուզում: Նա հավելեց, որ կարեւոր է  համարում, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները իրենց միայնակ եւ կտրված չզգան եւ կապը պահպանվի:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Անշուշտ խաղաղությունն առաջնային է, պակաս կարևոր չէ նաև վնասների հատուցումը, սակայն, իմ կարծիքով, կա մեկ կարևոր բացթողում, դա սահմանամերձ բնակավայրերին ու այնտեղ բնակվողներին կարգավիճակ տալու հարցն է: Նշված կարգավիճակն իր մեջ պետք է ներառի որոշակի արտոնություններ, այդ թվում նաև հարկերի ու տուրքերի մասով: Առավել հստակ ասած՝ օրենքով սահմանված կարգավիճակի հիման վրա պետք է ձեռնտու լինի սահմանամերձ բնակավայրում ապրելը, պետությունը պետք է քաղաքացուն հատուցի նրա կյանքին սպառնացող վտանգի համար: Սահմանամերձ բնակավարյերում ՀՀ Կառավարության վարած քաղաքականության վրա կարելի է պարզապես ծնկաչոք լացել: Հ.Աբրահամյանը ոչնչով չտարբերվեց իր նախորդներից, այցելությունների ժամանակ սահմանամերձ բնակավայրերին ինչ-որ բաներ խոստացավ, երևի թե մարդկանց դժգոհությունը փարատելու համար, սակայն այդ ամենը հարիր էր ՌԴ-ից կամ մեկ այլ տեղից եկած գործարարին, այլ ոչ թե ՀՀ կառավարության ղեկավարին: Իմ կարծոքով Հ.Աբրահամյանը համալիր ծրագիր պետք է ներկայացներ, այլ ոչ թե գյուղտեխնիկա խոստանար կամ կլորիկ գումարով փոխմարզպետ նշանակեր: Ի վերջո տավուշեցիները գիտեն, որ վարչապետի ցանկությունը թանկարժեք զրահապատ ավտոմեքենա ձեռք բերելն է, իսկ իրենցը՝ վաստակած խաղաղությունը: Իսկ Այգեպարը լինելով հակառակորդի հարվածի հիմնական ուղղություն, միշտ էլ կրակի տակ է եղել ու դիմակայել իր Հերոս բնակիչների ու Հայ զինվորի շնորհիվ:

  2. Նոյեմի Անդրեասյան says:

    Այգեպարում այրված տների բնակիչներին օգնելու համար Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները օգնություն են հավաքում:
    Բոլոր նրանց, ովքեր որևէ բանուվ կարող են օգնել՝ հագուստ, առաջին անհրաժեշտության իրեր, անկողնային պարագաներ, սպասք և այլն, կիրակի՝ օգոստոսի 17-ին՝ 18,00-22,00, Կարապի լճի և Հանրապետության հրապարակի տարածքում տաղավարներում փոխանեք ԱՀԹ երիտասարդներին:
    Դուք կարող եք նաև նամակներ գրելու դրանք փոխանցել նույն երիտասարդներին, ովքեր այդ նամակները փոխանցելու են սահմանապահ զինվորներին:

    https://www.facebook.com/events/310067789164731/

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031