Լրահոս
Օրվա լրահոսը

Հավի «վերանորոգված» միս մեր մանուկներին. «Լավագույնը»` երեխաներին շարքից

Օգոստոս 13,2014 19:49

Ոստիկանության խնդիրը քաղաքացու իրավունքների, նաև՝ կյանքի և առողջության պաշտպանությունն է հանցավոր ոտնձգություններից: Եվ այդ առաքելության մեջ պետք է հետևողական լինել ամեն օր, ամեն ժամ: Քանզի, ինչպես վկայում է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համակարգված գործողություններով օրերս բացահայտված դեպքը, ամեն ինչից փող սարքելու մոլուցքով բռնվածները ոչ միայն օրենքը, այլև բարոյականության տարրական կանոններն են խախտում՝ սպառնալով նույնիսկ ամենաթանկի՝ մեր երեխաների անվտանգությանը:

Օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր-տնօրեն և անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը Երևանի Դուշանբեի 11/8 հասցեում կազմակերպել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որտեղ քացախի, կալիումի պերմանգանատի և այլ քիմիական նյութերի միջոցով մշակվում է անհայտ ծագում ունեցող, փչացած, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս:

Օգոստոսի 11-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Նոր Նորքի բաժնի աշխատակիցների իրականացրած  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել են «Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով և արտադրության ամսաթվերի վերաբերյալ կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակներ:

Արտադրամասի զննությամբ հայտնաբերվել են փչացած հավի միս, վերամշակման համար նախատեսված քիմիական տարբեր նյութեր ու դատարկ տարաներ, որոնք վերցվել են հետագա հետազոտությունների համար: Էդվարդ Մխիթարյանը և նրա գործընկեր Գոռ Արզումանյանը, առաքման համար շահագործվող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանություն: Շուրջ 10 տոննա նմանատիպ հավի միս էլ հայտնաբերվել է Փարաքարում և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ բեռնային համալիրում գտնվող` Մխիթարյանի կողմից վարձակալված պահեստարաններում:

Միջոցառումներին ներգրավվել են  նաև գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայության մասնագետներ:

Փչացած հավի մսի վերականգնման, ապրանքային տեսքի բերելու մեխանիզմը նոր չէ: Նման հանցավոր գործունեություն ծավալվել ու կասեցվել է նաև այլ երկրներում: Բայց մեր դեպքում բարոյական կողմը բազմապատիկ խոցելի է. պարզվել է, որ Էդվարդ Մխիթարյանը ոչ պիտանի  հավի միս  է մատակարարել Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին :

Հետաքննությունը շարունակվում է:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031