ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր` օգոստոսի13-ին, հանդիպել է երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա շնորհակալություն է հայտնել երիտասարդներին հրավերն ընդունելու համար և կրկին անգամ շնորհավորել է նրանց՝ օգոստոսի 12-ին նշվող երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ:
Նախարարը տեղեկացրել է հյուրերին, որ ինքն անձամբ ներկա է գտնվել երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում կայացած տոնական միջոցառումներին: Նա գոհունակությամբ է նշել սիսիանցի երիտասարդների մոտ առկա համարձակ և ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը:
«Ոգևորող է այն փաստը, որ մարզպետարաններում կազմավորված երիտասարդական խորհուրդներն իսկապես ակտիվորեն մասնակցում են մարզերի սոցիալ-քաղաքական կյանքին, իսկ որոշ դեպքերում դեռ ավելին` հանդիսանում են հասարակության շարժիչ ուժը»,- նշել է նախարար Ղազարյանը, և ավելացրել, որ դա վերաբերվում է ոչ միայն Սյունիքին, այլ նաև ողջ հայ երիտասարդությանը: «Խելացի, կրթված, և նախաձեռնող երիտասարդությունն այն ուժն է, որն ամենաարագն է արձագանքում ցանկացած մարտահրավերի։ Ես կոչ եմ անում ձեզ դրսևորել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, լինել համարձակ և ես վստահեցնում եմ, որ համատեղ կհաղթահարենք շատ դժվարություններ: Ուրախացնում է այն փաստը, որ 2014 թվականի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսին արժանանալու համար մրցել են ընդամենը երկու քաղաք, իսկ հաջորդ` 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթի մասնակցության հայտ են ներկայացրել արդեն 6 քաղաքներ»,-ասել է նախարարը:
Երիտասարդական Հ/Կ-ների ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են կատարվող աշխատանքները, տեղեկացրել իրենց հուզող բազմաթիվ խնդիրների մասին` ակնկալելով նրա աջակցությունը դրանց լուծման համար: Ծավալված քննարկումներից հետո, որոշվել է, որ ինչպես նման, այնպես էլ տարբեր ձևաչափերով այլ հանդիպումները լինելու են շարունակական և դրանց մասնակցելու են մեծ թվով ոլորտի փորձագետներ:
Կարդացեք նաև
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին