Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիան, Ադրբեջանն ու Բելառուսը Հայաստանից շուտ կգրավեն ռուսական շուկան

Օգոստոս 13,2014 18:46

Այն բանից հետո, երբ Եվրոպան, ԱՄՆ-ն եւ Կանադան տնտեսական սանկցիաներ կիրառեցին Ռուսաստանի նկատմամբ, Ռուսաստանն էլ նույն պատասխանը տվեց եւ արգելեց մի շարք ապրանքների ներմուծումն իր երկիր, հայ արտադրողների համար շուկայում նոր հնարավորություններ են բացվում:

Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանը մեկ տարով արգելեց ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Կանադայից, Ավստրալիայից եւ Նորվեգիայից գյուղմթերքների, մսամթերքի, ձկնամթերքի, կաթ եւ կաթնամթերքի ներմուծումը: Այսօր արդեն ռուսական շուկայում հսկայական բաց տեղ կա. արդոք հայկական արտադրողները կկարողանա՞ն զբաղեցնել շուկայի որոշ հատվածը`հաշվի առնելով մեր արտադրության ծավալներն ու որակը: Հիշեցնենք, որ ՌԴ-ն մի քանի անգամ արգելել է նաեւ հայկական պանրի եւ ձկնամթերքների ներմուծումը` չափանիշներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ լավ կլինի Հայաստանն օգտվի այս հնարավորությունից եւ գրավի ռուսական շուկան, բայց երկարաժամկետ ծրագրերով: Ռուսաստանն այսօր, ըստ պարոն Մակարյանի, ունի ջրեղենի, պահածոների, գյուղմթերքների կարիք, եւ ՀՀ կառավարությունն ուղղակի պետք է արագացնի, ու աջակցի արտադրողներին, որպեսզի վերջիններս կարողանան ռուսական շուկայում «արգելված երկրների» ապրանքների տեղը գրավել:

Նկատենք, որ այնպես չէ, որ եթե շուկայում դատարկ տեղ կա, մերոնք հանգիստ կարող են գրավել այն: Հայաստանը լուրջ մրցակիցներ ունի ի դեմս Թուրքիայի, Բելառուսի եւ Ադրբեջանի:

Պարոն Մակարյանի դիտարկմամբ` Բելառուսը Եվրոպային կաթնամթերք մատակարարող, կարելի է ասել` համար 1-ին երկրներից է,  եւ բացի այս, Բելառուսը ունի զարգացած գյուղատնտեսություն, սրան էլ գումարած հարեւան երկիր է, ու մինչ մեր արտադրողներն ու կառավարությունը սկսեն քննարկել, մի բան որոշել, Բելառուսը շատ արագ ու կարճ ճանապարհով կարող է ռուսական շուկայի այդ հատվածը գրավել:

Հայկական արտադրողները ռուսական շուկայում եվրոպական գյուղմթերքների դատարկ հատվածում մեկ այլ խոշոր ու հզոր մրցակից ունեն` Թուրքիան: Պարոն Մակարյանի ներկայացմամբ` Թուրքիան կարող է ծովով, «ֆուռերով» հեշտությամբ իր ապրանքները ներմուծել Ռուսաստան, մինչդեռ Հայաստանի համար տրանսպորտային խնդիրները շատ են. «Օրինակ` Վերին Լարսի ավտոճանապարհը, որ պարբերաբար փակվում է, օրերով կիլոմետրերով մեքենաները կանգնած են մնում, այս հարցը պետք է լուծվի վերջնական»:

Թուրքիայից բացի, Ադրբեջանը եւս մրցակից է Հայաստանին. Ադրբեջանն էլ համարվում է արեւահամ մրգերի երկիր, բանջարեղեններ է արտադրում եւ այսօր էլ վաճառում է Ռուսաստանում. «Այնպես էր, Ադրբեջանի համար էլ խնդիր չէ այդ շուկան գրավել: Պարզապես մեր կառավարությունը պետք է կտրուկ եւ արագ քայլեր անի. հանդիպի արտադրողների հետ, հասկանա, թե առաջինն ինչի կարիք ունեն` վարկերի՞, ապա կամ սուբսիդավորեն, կամ էժան վարկեր տան, եթե սետիֆիկացման հարց կա, այս առումով օգնեն եւ այլն, եւ այլն»:

Aravot.am-ի այն հարցին, որ Ռուսաստանի նախագահն անտեսելով տնտեսական վնասները, որոշում կայացրեց` ԵՄ, ԱՄՆ եւ մյուս երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար. արդյոք այս նույն լծակները մի օր էլ Հայաստանի նկատմամբ չի՞ կիրառի` քաղաքական հարց լուծելու համար, պարոն Մակարյանն ասաց. «Ռուսաստանի հետ պետք է զգույշ լինել, եթե անգամ չափանիշներն ապահովենք, դա Ռուսաստանին չի խանգարի նորից մի պատրվակ գտնել ու քաղաքական նպատակներով արգելել հայկական ապրանքների մուտքը ռուսական շուկա, այսինքն` հույս կապել պետք չէ, բայց հիմա, երբ հարաբերությունները լավ են, պետք է օգտվել: Երբ հարաբերությունները վատանան, միշտ էլ պատրվակ կգտնվի մեր ապրանքների վրա արգելք դնելու, դա ակնհայտ է, եւ դա տեղի է ունեցել մոլդովական, վրացական եւ այլ երկրների հետ»:

Այդուհանդերձ, ռուսական շուկան պետք է օգտագործել, ըստ Գագիկ Մակարյանի, առաջիկա տոներին, որոնց ընթացքում ռուսները սիրում են ուտել-խմել, հարբել, մթերքների մեծ քանակի կարիք է լինելու Ռուսաստանում, ուստի Հայաստանը պիտի շտապի ու քայլեր ձեռնարկի այդ բաց տեղը լրացնելու համար:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031