Այսօր, առավոտյան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի քաղաքային դատարանում կայացել է մեր հայրենակից հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու նպատակով հրավիրված դատական նիստը: Լևոն Հայրապետյանը վատառողջ լինելու պատճառով անմիջականորեն չի մասնակցել դատական նիստին, և նրա ներկայությունն ապահովվել է կալանավայրից ուղիղ տեսակապի միջոցով:
Հիշեցնենք, որ մեր հայրենակիցն այժմ գտնվում է Մոսկվայի «Մոտրոսկայա տիշինա» կալանավայրի բուժհատվածում:
Նշենք, որ Լևոն Հայրապետյանին սատարելու նպատակով նիստերի դահլիճում են եղել նրա մտերիմները, այդ թվում Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը և ռուս հայտնի ռեժիսոր Մարկ Զախարովն ու հատնի դերասան Ալեքսանդր Շիրվինդը:
Հրավիրված դատական նիստը, սակայն շատ արագ էլ հետաձգվել է, քանի որ նիստի հենց սկզբում հոգեբանական լարվածության արդյունքում կտրուկ վատացել է Լևոն Հայրապետյանի առողջությունը: Մեր հայրենակիցը խնդրել է բժիշկ հրավիրել՝ տեղային ցավազրկման նպատակով: Սակայն տարօրինակն այն է, որ բժշկն այդպես էլ չի բարեհաճել ժամանել: Եվ դատավորը ստիպված է եղել հայտարարել ընդմիջում:
Կարդացեք նաև
Նիստի մասնակից մեր հայրենակիցներից մեկի փոխանցմամբ, Լևոն Հայրապետյանը միայն հասցրել է մի կարևոր հայտարարություն անել, ասելով, որ քննիչ Բեսեդինը կողմնակալ վերաբերմունք է դրսևորում և քննությունը վերածել է իսկական առևտրի: Հիշյալ քննիչի կողմնակալությունն ի ցույց դնելու և իրավապահին ոչ բնորոշ նրա պահվածքը ներկայացնելու համար Լևոն Հայրապետյանը դատական նիստի ժամանակ բացել է որոշ փակագծեր, ասելով, որ Բեսեդինն իր առաջ դրել է մի թուղթ ու առաջարկել այն ստորագրել, սրա դիմաց խոստանալով՝ արագ կստորագրվի նաև Հայրապետյանի ազատ արձակման փաստաթուղթը:
Տեղեկացնենք, որ դատական հաջորդ նիստը տեղի կունենան օգոստոսի 15-ին՝ ուրբաթ, ժամը 10:00-ին:
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբ