ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, «Արենի» փառատոն» հիմնադրամի, Վայոց ձորի մարզպետարանի և աջակցող այլ կազմակերպությունների սերտ համագործակցությամբ, հոկտեմբերի 1-5-ը Վայոց ձորի մարզի Արենի գյուղում կանցկացվի արդեն ավանդական դարձած «Արենի» գինու փառատոնը:
Օգոստոսի 17-ին կօրհնվի խաղողը, և հենց այդ օրն էլ կտրվի փառատոնի մեկնարկը, սակայն բուն փառատոնը կանցկացվի հոկտեմբերի առաջին հինգ օրերին՝ յուրաքանչյուր օրը մարզի մի գյուղում:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Արենի» փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, փառատոնը նպատակ ունի նպաստելու միջազգային և ներքին զբոսաշրջային շուկայում Վայոց ձորի` որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջավայրի, ինչպես նաև գինեգործության բնօրրանի նկարագրի ձևավորմանը, զբոսաշրջության զարգացմանը, հայկական ավանդույթների և մշակույթի պահպանմանն ու զարգացմանը:
Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն էլ ասաց, որ մտադիր են ընդլայնել փառատոնի աշխարհագրությունը և եկող տարվանից այն դարձնել միջազգային փառատոն. «Դա շատ լավ հնարավորություն է գինեգործների համար՝ աշխարհին ցույց տալու իրենց գինու որակն ու համը»,- ասում է մարզպետը:
Կարդացեք նաև
Հայկական գինու որակն ու համը օտարներին ցույց տալու հնարավորություն այս տարի էլ կա, որովհետև, ինչպես տեղեկացրեց Է. Ղազարյանը, գինու փառատոնին կլինեն հյուրեր նաև արտասահմանից:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ