«Որպես հայ մարդ տեսնելով ազգի բարոյահոգեբանական վիճակը եւ դրանից բխող մթնոլորտը չես կարող չմտածել դրա մասին»,- այսօր՝ օգոստոսի 13-ին, «Հանուն հայրենիքի» շարժման կողմից նախաձեռնած «Հայկական սահմանադրության ձեւավորման ժողովրդական գործառույթ» թեմայով հրավիրված կլոր սեղանի շրջանակներում հայտարարեց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը:
Նա համարում է, որ սահմանադրությունը պետք է լինի ազգային սահմանադրություն, որը պետք է սոցիալական բոլոր շերտերին վերաբերող դրույթները ներառի իր մեջ, հակառակ դեպքում, դա չի կիրառվի, ինչպես Հայաստանի Հանրապետության ներկայիս սահմանադրությունը:
«Յուրաքանչյուրս չգիտենք, թե որտեղի՞ց ենք եկել, ո՞ւր ենք հասել, ո՞ւր ենք գնում, չգիտենք մեր պատմությունը: Բջիջը կիսվելուց փոխանցում է այդ տեղեկությունը, մեզ չեն տվել այդ տեղեկությունը: Եթե մեզնից որեւէ մեկը խոսում է իր արիական ծագման մասին, իր արժեհամակարգի մասին, մյուսները խրտնում են, չգիտես, թե ինչո՞ւ, բայց պետք է հպարտ լիներ, որ կրողն է այդ ազգի: Մեր գենն աշխարհում ամենամուր գենն է»,- բացականչեց նա:
Պարոն Խաչատրյանի խոսքերով` այսօր շատերի գենում, եթե շարժվում է մի բան, եւ իրենց հայ են զգում, իրենց երեխաներին, հաջորդ սերնդին տալու ոչինչ չունեն.
Կարդացեք նաև
«Ժամանակին ավերեցին, կործանեցին մեր մեհյանները լրիվ, տասը մետր եւ ավելի թաղեցին, վրան եկեղեցիներ եւ ուրիշ շինություններ կառուցեցին: Երբ որ 10 հազար տարի առաջ ունեցել են գրի եւ դպրության աստված, դից, բայց գիր ու գրականություն ասելով` ասում ենք` Մաշտոցն է ստեղծել, մենք մեր երեխաներին ի՞նչ սովորեցնենք»:
Խաչատուր Խաչատրյանը համարում է, եթե հայ ժողովուրդը չի ուզում կործանվել, ապա իրեն պետք է ազգային սահմանադրություն: Եվ ըստ նրա` պետք է ծննդատնից դաստիարակել երեխաներին, սակայն առաջին շրջանը դժվար կլինի.
«Բայց մեկ սնունդ սերունդ կրթելուց հետո մենք կունենանք տղաներ, որոնք իրոք հպարտ կլինեն իրենց արիական ծագմամբ, իրենց երկրի տերը կզգան, զինվորը կզգան երկրի, անխոնջ արարողը կլինեն: Կունենանք աղջիկներ, որոնք ամենացանկալի հարսնացուն կարող են լինել, ու ամենակիրթ, ամենադաստիարակիչ մայրը, որոնք մեզ շատ-շատ են անհրաժեշտ: Կունենանք ծաղկուն երկիր, կունենանք հզոր երկիր եւ կլուծենք մեր խնդիրները: Սա կլինի ազգի իմաստով «անառակ որդու վերադարձը», որ 2000 տարի հետո վերադառնում ենք մեր ծնողին, մեր արմատին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ