ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայումս Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց: Ինչպես փոխանցեցին դատարանից` մեղադրող կողմը արձակուրդում է գտնվում, ուստի որոշում կայացվեց նիստը հետաձգել եւ նշանակել օգոստոսի 26-ին:
Հաջորդ դատական նիստի ժամանակ նախատեսվում է մեղադրական ճառի ընթերցում, որից հետո պաշտպանական ճառով հանդես կգա փաստաբանը:
Նշենք, որ Յուրի Վարդանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի` թմրամիջոցների մաքսանենգություն, և 268-րդ հոդվածի 3-րդ մասի՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, հատկանիշներով:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ