«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստը Շանթ Հարությունյանի երկու ժամից ավելի տեւած ելույթից հետո այս պահին կրկին շարունակվում է:
Փաստաբան Ինեսա Պետրոսյանը հարցրեց, թե Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ քայլելու ընթացքում քանի հոգի էին իրենց կողքին Մաշտոցի պողոտա դուրս գալու ճանապարհին:
Պարոն Հարությունյանը դժվարացավ թվաքանակ ասել` հնարավոր է 200 կամ 150 կամ էլ ավելի քիչ, մարդ լիներ. «Ես որոշել էի` եթե այդ օրը 50 մարդ գա, ուրեմն իմ ծրագիրը նորմալ կգնա, եթե ավելին` ուրեմն կգերակատարի, եթե` քիչ, ապա ինչ-որ բան այն չէ: Երբ տեսա գերազանցում է իմ սպասած թիվը, ինձ համար արդեն երկրորդական էր, թե ով է իմ հետ գալիս, որովհետեւ ընկերներով էինք գնում»:
Հետո նորից հիշեցրեց, որ Վալերի Օսիպյանին հավատացել է, որ իրենց հետ քայլելու են, սադրանքներ չեն լինելու.«Եթե իմանայինք, որ կոնֆլիկտ է լինելու, ավելի պատրաստված կլինեինք, ավելի երկար կկռվեինք միլիցեքի հետ: Դրա համար ցրված քայլում էինք, սովորական փայտերով գնացինք, ոտքս փողոցին դնելուն պես 5-6 հոգի վզիցս, թեւերիցս հետ քաշեցին: Հիշում եմ պայթյուններ եղան: Լուրջ կոնֆլիկտային տրամադրություն չկար, Օսիպյանի նկատմամբ վստահություն կար, ինքը էն մարդը չէր, որ խաբի: Կարծում եմ` վերջին պահին բան փոխվեց:: Նոր եմ լսում, որ Շահենին ասել են` հորդ խփել են, աչքիս դրանք տենց ծրագիր են ունեցել»:
Կարդացեք նաև
Շանթ Հարությունյանի պատմելով, նոյեմբերի 5-ին իրեն կոնկրետ ցույց են տվել սադրիչներին: «Ու ես իրենց էի դիմում, ասում են հայհոյանքներով, բայց դա որակավորում էր, իրենց լեզվով ասում էի` նորմալ ձեզ պահեք, դրանք հայհոյանքներ չէին: Ի սկզբանե ուզեցել են կոտրել շառը մեր վրա: Քննչական մարմինն ում ուզել, կանչել է իր ուզած ցուցմունքը վերցրել: Եկեք փողոցներն ընկնենք 10.000 մարդ կասի Շանթն անմեղ էր, միլիցեքն են խփել: Հիմա բռնենք ձեզ դատե՞նք»:
Հարցին, թե ոստիկանները ձեզ դիմել են փողոցի երթեւեկելի հատվածից դուրս գալու պահանջով, պարոն Հարությունյանն ասաց. «Քաշքշելուն զուգահեռ են ասել` դուրս եկեք, զգուշացում չէր, վեճ էր:
Մենք պայմանավորվել էինք, որ խաղաղ երթ է լինելու: Հետո, երբ ոստիկաններն եկան, ինձ խփեցին, Օսիպյանն ինձ դիմեց, թե Շանթ էս ինչ արեցիր: Ես էլ ասեցի` դու մտածի, որ քեզ բանի տեղ չեն դրել, քո ենթակաները քո ասածից դուրս են եկել»:
Փաստաբանի հարցին, թե իր եւ ընկերների մոտ եղած ատրիբուտներն ինչ նպատակ ունեին, Շանթ Հարությունյանն ասաց. «Քաղաքացիական հագուստով պրովակատորներին համարժեք պատասխան տալու նպատակ ունեին, որոնք ֆիզիկական ուժ կկիրառեին մեր նկատմամբ: Ես, ի սկզբանե, մարտի 1-ից հետո ծիծաղելի եմ համարում օրինական իշխանափոխության կամ օրինական հարց բարձրացնելու հնարավորությունը, նրանց պետք է համարժեք պատասխան տալ: Դուբինկով կխփեն, դուբինկով կխփենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ