«Արցախում էինք օգոստոսի 2-8-ը, չէինք մտածում, որ դա ամենալարված ժամանակաշրջանն է»,- այսօր` օգոստոսի 13-ին, «Արմատ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԵՊՀ «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ իրենք «Միացյալ Հայաստան» ծրագրով էին մեկնել Արցախի զորամասեր: Ծրագրի նպատակն է, որպեսզի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամները ծանոթանան զինվորի կյանքին, լինեն զորամասերում: Տիկին Աբրահամյանի խոսքերով` իրենք ականատես են եղել զինվորի քաջությանը: Սաթենիկ Աբրահամյանն ասաց, որ այնտեղ ամեն ինչ բնականոն էր, խուճապ չկար` մարտական վիճակ էր.
«Հանդիպեցինք մարդկանց, որոնք Ասկերանի զորամասում նոր էին եկել առաջադրանքից, եւ հանգիստ, խաղաղ այդ փորձությունից հետո կարողանում էին անգամ զրուցել, ավելի շատ մենք էինք այդ երեւույթից հուզված եւ հպարտությամբ լցված: Հանդիպեցինք մեր ազատամարտիկներին, որոնք եկել էին դիրքեր գնալու համար»:
ՀՀ ազգային հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Թաթուլ Կրպեյանի քույր Ռուզաննա Կրպեյանն էլ էր մասնակցել այդ այցին, նա նշեց, որ զինվորների մեջ ընկճվածություն չի տեսել` զինվորները մարտական էին տրամադրված եւ խուճապի մատնվելու կարիք չկա.
Կարդացեք նաև
«Գյուղի բնակիչները երեք օրը մեկ անգամ միմյանց փոխարինում են, որպեսզի մեր զինվորը իր կողքին զգա ուժ եւ զգա, որ թիկունքում իրենց ծնողներն են: Երբ որ զինվորը գիտի, որ իր թիկունքում ընտանիքն է, ինքը երբեք չի ընկճվի, չի փախնի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ