Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 12.08.2014թ. թիվ 294-Լ որոշմամբ հաստատվել է Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության կարգը։
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության հիմքում դրվել են հետևյալ հանգամանքները՝
– Հայաստանի Հանրապետությունում փաստաբանության՝ որպես արդարադատության համակարգի կարևորագույն ինստիտուտի զարգացման և մասնագիտության նկատմամբ հարգանքի ձևավորման համար կարևորագույն նախադրյալ է հանդիսանում Փաստաբանների պալատի անդամ փաստաբանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող այլ պետության փաստաբանների իրավունքների պաշտպանությունն ապահովելը, ինչպես նաև այդ իրավունքների արդյունավետ իրացման համար անհրաժեշտ միջավայր ստեղծելը,
– փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցում Փաստաբանների պալատի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է միասնական, նպատակաուղղված և համակարգված քաղաքականություն իրականացնող կառույցի առկայություն։
Կարդացեք նաև
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նպատակն է միջոցներ ձեռնարկել փաստաբանների իրավունքներն ու մասնագիտական գործունեությունը բոլոր տեսակի (հատկապես՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների) սպառնալիքներից, խոչընդոտներից կամ ցանկացած տեսակի այլ հակաիրավական միջամտությունից (ոտնձգությունից) պաշտպանելու համար:
Հանձնաժողովը կազմված է լինելու հինգ անդամներից, որոնցից մեկը համակարգելու է Հանձնաժողովի աշխատանքները։
Փաստաբանների պալատի նախագահի 12.08.2014թ. թիվ 295-Ա որոշմամբ հինգ անդամներից նշանակվել են երկուսը՝
– փաստաբան Կարեն Մեժլումյանը (արտոնագիր N 110), և
– փաստաբան Գեղամ Հակոբյանը (արտոնագիր N 794):
Նույն որոշմամբ փաստաբան Կարեն Մեժլումյանը նշանակվել է Հանձնաժողովի համակարգող:
Հանձնաժողովի մյուս երեք անդամները նշանակվելու են մեկ ամսվա ընթացքում։
Փաստաբանների պալատի մամուլի հաղորդագրություն