Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարության վարչության պետը՝ «Գլաձորի» ռեկտորին. «Թույլ տվեք չհամաձայնել»

Օգոստոս 13,2014 15:22
qnnutyun

Մի քանի տարի է, ինչ որոշ մասնավոր բուհեր դիմելու համար դիմորդները քննություն են հանձնում միասնական համակարգով: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում «Գլաձոր» ոչ պետական համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը վրդովվել էր, թե այդ քայլով կառավարությունն ամեն ինչ անում է մասնավոր բուհերից ազատվելու համար, եւ պետական ու ոչ պետական բուհերը ամենեւին էլ հավասար մրցակցային դաշտում չեն:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, չնայած արձակուրդում էր, սակայն Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանեց «Գլաձորի» ռեկտորի դժգոհությունը:

«Կառավարության վերջին տարիներին որդեգրած քաղաքականությունը հետեւյալն է. ստեղծել հավասար մրցակցային դաշտ՝ պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների համար: Քայլերից մեկը բուհեր՝ մուտքի հավասար պայմանների սահմանումն է: Այդպիսով, դիմորդը ինչպես պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, այնպես էլ ոչ պետականի պարագայում իրավունք ունի նշելու համապատասխան քանակով մասնագիտություններ, այսինքն՝ 10 մասնագիտությունների գծով նա կարող է հայտագրել:

Դրա մեջ դիմորդը կարող է առաջինը հայտագրել ոչ պետական, երկրորդը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան մասնագիտությունը կամ հակառակը: Հետեւաբար ասել, թե հավասար մրցակցային պայմաններ չկան, թույլ տվեք հնչեցրած կարծիքի հետ չհամաձայնել: Մյուս միտքը, որ վերաբերում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում տեղադրված պետական պատվերին:

Բնականաբար, պետության կողմից հիմնադրված ուսումնական հաստատություններում պետությունը նախատեսում է պետպատվեր, բայց մեր քաղաքականությունը հետեւյալն է. երբ բարձրագույն ուսումնական հաստատություններն անցնեն նոր չափանիշներով հավատարմագրում, պետությունը ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում եւս կարող է հաստատել պետական պատվերի տեղադրումը: Մյուս կողմից էլ, երբ պետությունը պետպատվեր է տեղադրում, ինքն է որոշում՝ իր համար դա կարեւո՞ր մասնագիտություն է, թե՞ ոչ: Ոչ պետականները կարող են բացել գերժամանակակից մասնագիտություններ, սակայն դրանք կարող են պետությանը չհետաքրքրել»,-ասաց պարոն Սուքիասյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031